Մենք շահագրգռված ենք ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացմամբ և ԵԱՏՄ-ում մասնակցությամբ․ Փաշինյանը՝ Միշուստինի հետ հանդիպմանը
2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանը շահագրգռված է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների զարգացմամբ, ինչպես նաև ԵԱՏՄ-ում մասնակցությամբ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ վարչապետը հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ Եկատերինբուրգում ունեցած հանդիպմանը։
«Ինչպես ընտրություններից առաջ (խմբ․՝ նկատի է առնվում հունիսի 7-ի ՀՀ խորհրդարանական ընտրությունները), այնպես էլ ընտրություններից հետո մենք հանձնառու ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմանը»,-նշել է Փաշինյանը։
Փաշինյանը նաև հավելել է, որ վերջին շրջանում Հայաստանի ու Ռուսաստանի միջև որոշ խնդիրներ են ի հայտ եկել՝ հույս հայտնելով, որ դրանք հնարավոր կլինի լուծել։
«Այս հանդիպումը շատ լավ հնարավորություն է քննարկելու մեր հարաբերությունների ողջ շրջանակը։ Վերջերս ի հայտ են եկել որոշ խնդրահարույց հարցեր, և, իհարկե, հուսով եմ, որ մենք կքննարկենք և կլուծենք դրանք։ Մենք հետաքրքրված ենք Եվրասիական տնտեսական միությանը մեր մասնակցությամբ, հետաքրքրված ենք նրանով, որ այն մեխանիզմները, որոնք նախատեսված են ԵԱՏՄ-ի մասին պայմանագրով, դրանք աշխատեն պլանային ռեժիմով»,-հայտարարել է Փաշինյանը։
Վարչապետը կարծիք է հայտնել, որ դա նաև ԵԱՏՄ-ի հետագա զարգացման հետաքրքրությունների շրջանակներում է։
«Ինչպես նշեցի, մենք տրամադրված ենք բոլոր հարցերի և նրբությունների քննարկման և պարզաբանման կառուցողական մոտեցմանը։ Եվ ես հույս ունեմ, որ այսօրվա բանակցություններից հետո մենք կկարողանանք լուծել կոնկրետ հարցեր»,- շեշտել է վարչապետ Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը Եկատերինբուրգում մասնակցում է «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում անցկացվող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով լիագումար նիստին։
Նշենք, որ Ռուսաստանը Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններին ընդառաջ արգելքներ և սահմանափակումներ էր կիրառել հայկական բազմաթիվ ապրանքների ներմուծման նկատմամբ, որոնք շարունակվում են մինչ օրս։