Հայաստանը հուսալի գործընկեր է բարձր տեխնոլոգիաների ոլորտում. վարչապետի ելույթը՝ Եկատերինբուրգում

4 րոպեի ընթերցում

Հայաստանը վերջին տարիներին արդյունաբերության ոլորտում կայուն աճ է գրանցել և միջազգային ներդրումների շնորհիվ ավելի ու ավելի է ընկալվում որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում հուսալի գործընկեր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եկատերինբուրգում ընթացող «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում անցկացվող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով նիստում։

Վարչապետը շնորհակալություն հայտնեց Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինին՝ ցուցահանդեսին մասնակցելու հրավերի համար՝ ընդգծելով միջոցառման կազմակերպման բարձր մակարդակը։

Փաշինյանի խոսքով՝ «Իննոպրոմ»-ն ավանդաբար լավ հարթակ է առաջատար արդյունաբերական լուծումների և բիզնեսի հնարավորությունների ներկայացման համար։

«Գլոբալ արդյունաբերական զարգացման ճարտարապետության մեջ կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունենում, աճում է գիտության, տեխնոլոգիաների, թվայնացման, արհեստական բանականության և տվյալների վերլուծության դերը»,- ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 2025 թվականին Հայաստանի արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը 2024 թվականի համեմատ կազմել է 4.7 տոկոս, իսկ ընթացիկ տարվա առաջին 4 ամիսներին՝ 13 տոկոս՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Վարչապետի խոսքով՝ վերամշակող արդյունաբերությունը վերջին 9 տարվա ընթացքում աճել է երկու անգամ։

Նա ընդգծեց, որ միկրոէլեկտրոնիկայի, կենսադեղագործության և ռոբոտատեխնիկայի զարգացումը խթանում է հիմնարար և գիտական մշակումների պահանջարկը, մասնագիտական կրթության համակարգի արդիականացումը և ձևավորում որակապես նոր աշխատաշուկա։

«Հայաստանի Հանրապետության արդյունաբերական քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը գիտատար արտադրությունների ձևավորումն է, որոնք տեխնոլոգիական զարգացում կապահովեն թվայնացման, արհեստական բանականության և տվյալների վերլուծության տեխնոլոգիաների ներդրման միջոցով»,- նշեց Փաշինյանը։

Վարչապետը հավելեց, որ վերջին շրջանում իրականացված խոշոր ներդրումները վկայում են այն մասին, որ Հայաստանը միջազգային գործընկերների կողմից ավելի ու ավելի է ընկալվում որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում հուսալի գործընկեր՝ երկարաժամկետ ռազմավարական տեսլականով։

Փաշինյանի խոսքով՝ նման մոտեցումը կբարձրացնի ոլորտի ներդրումային գրավչությունը, կարագացնի տեխնոլոգիաների փոխանցումը և պայմաններ կստեղծի բարձր ավելացված արժեք ունեցող արտադրանքի թողարկման համար։

Վարչապետը նաև անդրադարձավ Եվրասիական տնտեսական միության շրջանակում արդյունաբերական համագործակցության նշանակությանը՝ նշելով, որ արդյունաբերությունը շարժիչ ուժերից մեկն է նաև ԵԱՏՄ-ում։

Նրա խոսքով՝ ինտեգրացիոն նպատակների իրականացման կարևոր գործնական գործիք է դարձել կոոպերացիոն նախագծերի ֆինանսական աջակցության մեխանիզմի գործարկումը, իսկ Հայաստանի արդյունաբերական ձեռնարկություններն արդեն մասնակցում են ԵԱՏՄ գործընկերների հետ մի շարք համատեղ նախագծերի։

Եզրափակելով ելույթը՝ Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ բարձր տեխնոլոգիաների և արհեստական բանականության արագ զարգացման դարաշրջանում առանցքային կողմնորոշիչ պետք է մնա հումանիտար բաղադրիչը։

«Տեխնոլոգիաները կոչված են ոչ թե փոխարինելու մարդուն, այլ ազատելու նրան միատեսակ գործից՝ դրանով նոր հորիզոններ բացելով մտավոր և ստեղծագործական գործունեության համար»,- ասաց վարչապետը։

Հայերեն العربية English فارسی Français Русский Türkçe

Թրամփը համաձայն է Զելենսկու հետ, որ Ուկրաինայի մասին որոշումներն՝ առանց երկրի մասնակցության, անթույլատրելի են

ՔՊ-ն սպասում է «Ուժեղ Հայաստան»-ի արձագանքին նոր Սահմանադրության հանրաքվեի վերաբերյալ Փաշինյանի առաջարկին

Կառավարությունը նախատեսում է ևս երեք տարով երկարաձգել կենսաթոշակառուների հետվճարի ծրագրի ժամկետը

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի ենթակառուցվածքներին հարվածելու մասին

Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ ճանապարհին թունելների հորատման աշխատանքներն ավարտվել են

Թրամփը Տակաիչիին հայտնել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ բանակցությունների մասին

Թբիլիսիում գազի պայթյունից հետո փլատակներից դուրս է բերվել վեցերորդ զոհի մարմինը

Հայկ Մարտիրոսյանը «Total Chess»-ի հերթական խաղում հաղթել է հնդիկ գրոսմայստեր Արջուն Էրիգաիսին

Երեք գերտերությունների մոտ համատեղ գործելու ձգտում կա, սակայն դժվարություններն էլ շատ են․ Գարիկ Քեռյան

Ուիթքոֆն արդյունավետ է որակել Բեռլինում եվրոպացիների հետ բանակցություններն Ուկրաինայի հարցով