Թեհրանի փողոցներում հազարավոր մարդիկ հրաժեշտ են տալիս հանգուցյալ գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին

2 րոպեի ընթերցում

Թեհրանի հարյուր հազարավոր բնակիչներ հուլիսի 6-ին դուրս են եկել փողոցներ՝ մասնակցելու Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի անդամների հուղարկավորության երթին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, երկրի իշխանությունների գնահատմամբ՝ զանգվածային երթին ակնկալվում է 15-ից 20 միլիոն մարդու մասնակցություն։ Դագաղները Դամավանդ մայրուղուց կտեղափոխվեն կենտրոնական Էնգելաբ փողոցով մինչև Ազադի հրապարակ։ Երթուղին կկազմի մոտ 15 կիլոմետր։

Իրանական լրատվամիջոցները հրապարակել են տեսանյութեր, որտեղ երևում են մարդկանցով լված Թեհրանի փողոցները։ Մարդկանց մեծաքանակ բազմության միջով անցնում է Ալի Խամենեիի աճյունը տեղափոխող մեքենան։

Իրանական «Մեհր» լրատվական գործակալությունը «Արմենպրես»-ին է փոխանցել լուսանկարներ Թեհրանի փողոցներից։

Փետրվարի 28-ին ամերիկա-իսրայելական հարվածներից զոհված գերագույն առաջնորդի հրաժեշտի արարողությունները մեկնարկել են հուլիսի 3-ից ու կշարունակվեն մինչև հուլիսի 8-ը։

Հրաժեշտի արարողությանը ներկա են գտնվել աշխարհի շուրջ 30 երկրի առաջնորդներ։ Հուլիսի 3-ին Թեհրանի Մոսալլահ մզկիթում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը: Այլ օտարերկրա առաջնորդների շարքում են Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը, Ղազախստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Երմեկ Կոշերբաևը, Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը, Թուրքմենստանի Ժողովրդական խորհրդի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը և այլոք։

Թաղման արարողությունը տեղի կունենա հուլիսի 9-ին՝ Խամենեիի հայրենի Մաշհադ քաղաքում։

Նշենք, որ հիշատակի արարողություններին ներկա են Ալի Խամենեիի երեք որդիները՝ Մոստաֆա, Մեյսամ և Մասուդ Խամենեիները, սակայն մինչև այս պահը որևէ միջոցառմանը չի երևացել նրա մյուս որդին՝ Իրանի ներկայիս գերագույն հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին։

Հայերեն English فارسی Français Русский