Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
2 րոպեի ընթերցում

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն և Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիոևը երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Սպուտնիկ գործակալության վրացական ծառայությունը՝ մանրամասնելով, որ Ուզբեկստանի նախագահը երկօրյա այցով գտնվում է Թբիլիսիում, որտեղ արդեն հանդիպում է ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ:
«Համաձայնագիրը հաստատում է մեր երկրների միջև գոյություն ունեցող բարեկամությունը և ամուր հիմք է դնում երկկողմ հարաբերությունների և քաղաքական, առևտրային, տնտեսական, ներդրումային, գիտական, տեխնիկական, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում համագործակցության կայուն զարգացման համար», - ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Նրա խոսքով՝ Վրաստանի և Ուզբեկստանի միջև համագործակցության ամրապնդումը կնպաստի տարածաշրջանային առևտրային հոսքերի հետագա աճին, տրանսպորտային միջանցքների ամրապնդմանը և ավելի լայն տնտեսական ինտեգրմանը։
«Վրաստանը մեզ համար կարևոր գործընկեր է և հուսալի հենարան Հարավային Կովկասում։ Վերջին տարիներին մեր երկու երկրների միջև համագործակցությունը դինամիկ զարգանում է բոլոր ոլորտներում, և սա միայն սկիզբն է», - իր հերթին նշել է Ուզբեկստանի նախագահը: