Ադրբեջան

Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

3 րոպեի ընթերցում

Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում՝ տրանսպորտի, էներգետիկայի և թվային կապի զարգացման համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա ազդարարել է Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ։

Ուրսուլա ֆոն դեր Լայենը զրուցակցին շնորհավորելով Հայաստանի հետ խաղաղության պատմական համաձայնագրի կնքման կապակցությամբ՝ նշել է, որ Ալիևն անձնական առաջնորդություն է դրսևորել տարածաշրջանում խաղաղության և համագործակցության խթանման համար, ինչը կայունության, վստահության և համընդհանուր բարգավաճման նոր հնարավորություններ է ընձեռել։

Նա ընդգծել է, որ Եվրոպական Միությունը վճռականորեն աջակցում է և շարունակելու է աջակցել այս գործընթացին։

«Միասին իսկապես կարող ենք թղթի վրայի խաղաղությունը խաղաղության վերածել գործնականում։ Դա ինձ հանգեցնում է այսօրվա իմ առաջին կետին։ Մենք ցանկանում ենք փոխգործակցության միջոցով նպաստել խաղաղությանը։ Ունենք գլոբալ ներդրումային ծրագիր, որի շրջանակում դրամաշնորհների տեսքով մինչև 200 միլիոն եվրո ենք ներդնելու ամբողջ Հարավային Կովկասում՝ տրանսպորտի, էներգետիկայի և թվային կապի համար։ Պոտենցիալ առումով սա կարող է ներգրավել մինչև 2 միլիարդ եվրոյի պետական ​​և մասնավոր ներդրումներ։ Նախագծերը կարող են ներառել, օրինակ, Նախիջևանի միջով երկաթուղային կապը և Բաքվի նավահանգստի զարգացումը»,- նշել է նա։

Իլյամ Ալիևն էլ հայտարարել է, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ հիմնականում քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր, մասնավորապես՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, որն, ըստ նրա, հաջողությամբ է ընթանում:

Նա հիշեցրել է, որ անցյալ տարվա օգոստոսին Հայաստանը և Ադրբեջանը Վաշինգտոնում համատեղ հռչակագիր են ստորագրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ: Վերջինս փաստաթուղթը ստորագրել է վկայի կարգավիճակով։ Այսպիսով, նշել է Ալիևը, խաղաղությունը փաստացի հաստատված է, արդյունքներն էլ ակնհայտ:

Ադրբեջանի նախագահը խաղաղության դրսևորումներից է համարում իր երկրի տարածքով դեպի Հայաստան ապրանքների տարանցման բոլոր սահմանափակումների վերացումը: 

«Այսպիսով, այժմ խաղաղությունը իրականություն է, բայց մենք պետք է քրտնաջան աշխատենք այն ամրապնդելու, տևական ու հավերժական դարձնելու համար»,- ասել է նա։

Ալիևը նաև բարձր է գնահատել Եվրոպական հանձնաժողովի աջակցությունը, ցանկացած օգնություն, որը, նրա գնահատմամբ, կամրապնդի դինամիզմը տարածաշրջանում, ինչը Հարավային Կովկասին թույլ կտա դառնալ ցանկացած տարածքային պահանջներից, ցանկացած հակամարտությունից զերծ՝ գործընկերության, համագործակցության և խաղաղության տարածաշրջան։ 

Հուլիսի 2-ին Ուրսուլա ֆոն դեր Լայենը աշխատանքային այցով կլինի Հայաստանում։ Նախատեսվում է հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ 

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում