Իրան

Իրանը բանակցություններ կվարի Կատարի հետ. Բաղայի

2 րոպեի ընթերցում

Իրանը բանակցություններ կվարի Կատարի հետ. Բաղայի

Իրանը, հավանաբար, հուլիսի 1-ին, բանակցություններ կվարի Կատարի հետ՝ որպես ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի իրականացման շուրջ երկխոսության միջնորդի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«Մենք առաջիկա օրերին ԱՄՆ ներկայացուցիչների հետ որևէ մակարդակով հանդիպելու պլաններ չունենք։ Դոհայում, ամենայն հավանականությամբ, վաղը տեղի կունենան բանակցություններ հուշագրի դրույթների իրականացման վերաբերյալ, հատկապես՝ կապված իրանական ակտիվների ապաշրջափակման հարցի հետ, սակայն այդ բանակցությունները կանցկացվեն կատարական կողմի հետ», - Բաղայիի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Նա նաև հույս է հայտնել, որ Իրանին կհաջողվի արդյունքի հասնել ակտիվների ապաշրջափակման հարցում։

Իր հերթին, Կատարի արտգործնախարարության խոսնակը հայտարարել է, որ ամերիկա-իրանական անուղղակի բանակցությունների կողմերը դեռ առաջընթացի չեն հասել 6 միլիարդ դոլարի իրանական ակտիվների ապասառեցման շուրջ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ Պաշտոնյան նշել է, որ այդ հարցը կախված է կողմերի համաձայնությունից և բանակցությունների ընթացքից։

Ավելի վաղ ամերիկյան կողմը հայտնել էր, որ Դոհայում հունիսի 30-ին բանակցություններ տեղի կունենան Իրանի հետ, սակայն Թեհրանը հերքել էր ԱՄՆ ներկայացուցիչների հետ ուղիղ բանակցությունների անցկացման մասին լուրերը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում