Թուրքիան կարող է վաճառել ռուսական C-300-ը երրորդ երկրի՝ ամերիկյան F-35-երի ծրագրին վերադառնալու համար. Euractiv
2 րոպեի ընթերցում

Անկարան կարող է որոշել Ռուսաստանից ձեռք բերած C-400 հակաօդային պաշտպանության համակարգերը վաճառել երրորդ երկրի՝ ամերիկյան F-35 կործանիչների ծրագրին վերադառնալու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Euractiv հրատարակությունը՝ վկայակոչելով աղբյուրի։
Պարբերականի զրուցակիցը հայտնել է, որ ԱՄՆ-ի կողմից Թուրքիային շուրջ 700 միլիոն դոլար արժողությամբ տասնյակ ռեակտիվ շարժիչների վաճառքը, որի մասին ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա, սակայն F-35 կործանիչների վաճառքը կախված կլինի նրանից՝ արդյոք Թուրքիան կհրաժարվի ռուսական համակարգերից։
«Պաշտոնյայի խոսքով՝ F-35 կործանիչների հարցում ցանկացած առաջընթաց կարող է կախված լինել այն համաձայնություններից, ըստ որոնց Թուրքիան կվաճառի C-400 համակարգերը երրորդ երկրի, այլ ոչ թե կվերադարձնի դրանք Ռուսաստանին», - նշվում է հրապարակման մեջ։
Ըստ պարբերականի՝ որպես երրորդ երկրի հնարավոր տարբերակ նշվում է Հարավային Կորեան։
Միացյալ Նահանգները Թուրքիային հեռացրել է F-35 կործանիչների ծրագրից այն բանից հետո, երբ Անկարան 2019 թվականին ձեռք է բերել ռուսական C-400 հակաօդային պաշտպանության համակարգեր։
Վաշինգտոնը նշել է, որ C-400-ն անհամատեղելի է ՆԱՏՕ-ի համակարգերի հետ, և նաև մտահոգություն է հայտնել, որ C-400-ի և F-35 կործանիչների համատեղ օգտագործման միջոցով Ռուսաստանը կարող է հասանելիություն ստանալ կործանիչների ռադիոտեղորոշման տեսանելիությանը և բնութագրերին։
Ըստ հրապարակման՝ Իսրայելը և Հունաստանը դեմ են Թուրքիայի կողմից ամերիկյան կործանիչների ձեռք բերմանը՝ պատճառաբանելով, որ դա կխաթարի իրենց տեխնոլոգիական առավելությունը և կփոխի տարածաշրջանի ռազմական հավասարակշռությունը։ Պարբերականը նշում է, որ Հունաստանը պատվիրել է F-35, իսկ Իսրայելը շահագործում է ինքնաթիռի իր սեփական փոփոխված տարբերակը։
Օրերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հուլիսի 7-8-ը Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ, հնարավոր է, անի մի բան, որը «կուրախացնի» Թուրքիային։