ԵՄ-ի աջակցությամբ եռամյա ծրագիրը ձևավորել է համայնք-ՔՀԿ-պետություն արդյունավետ համագործակցության հիմքեր

10 րոպեի ընթերցում

«Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» եռամյա ծրագրի շրջանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ սերտ համագործակցությամբ և Եվրոպական միության ֆինանսավորմամբ Սյունիքի մարզում փորձարկվել և ներդրվել են նոր համայնքային սոցիալական ծառայություններ տեղական հասարակական կազմակերպությունների և համայնքապետարանների կողմից։

Հատկանշական է, որ Սյունիքի մարզի չորս համայնքներում փորձարկվեցին նոր ծառայություններ անմիջականորեն համայնքապետարանների կողմից (Սիսիան՝ սոցիալական տաքսի ծառայություն, Գորիս՝ ջրաբուժական ծառայություն և լողավազանի կառուցում, Կապան՝ ժամանակավոր կացության ապահովման ծառայություն, Մեղրի՝ երեխաների սոցիալ-ներառական զարգացման կենտրոն)։

«Արմենպրես»-ի ստեղծագործական խումբը մեդիա այցի շրջանակում անդրադարձավ վերոհիշյալ ծառայություններին՝ ներկայացնելով դրանց ազդեցությունը, կայունությունն ու նշանակությունը համայնքների համար։

Եռամյա ծրագիրը նպաստել է Սյունիքի մարզում համայնքային սոցիալական ծառայությունների զարգացմանը՝ համատեղելով պետության, համայնքների և քաղաքացիական հասարակության ջանքերը։ ՀՀ ԱՍՀ և ՏԿԵ նախարարությունների հետ համագործակցությամբ՝ ծրագիրն աջակցել է նոր սոցիալական ծառայությունների փորձարկմանը, դրանց կայուն ֆինանսավորման հնարավորությունների ստեղծմանը և տեղական կարիքներին արձագանքող լուծումների ներդրմանը։ Միաժամանակ ծրագիրն ամրապնդել է տեղական քաղհասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) կարողությունները, խթանել մասնակցային մոտեցումների կիրառումը և ձևավորել համայնք-ՔՀԿ-պետություն արդյունավետ համագործակցության հիմքեր։ Ծրագիրն իրականացնող կազմակերպություններն են «Մարդը կարիքի մեջ», «Հայկական Կարիտաս» և «Գորիս Վիննեթ» ՀԿ-ները։

«Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» եռամյա ծրագրի գործարկման արդյունքում ավելի քան 15 ՔՀԿ-ներ բարելավել են իրենց կազմակերպական կարողությունները, ՔՀԿ-ների և համայնքների ավելի քան 30 սոցիալական ոլորտի աշխատակիցներ բարելավել են մասնագիտական կարողությունները, ՔՀԿ-ները պետական հավաստագիր են ստացել 5 սոցիալական ծառայության համար՝ սահուն անցում կատարելով ԵՄ ֆինանսավորումից դեպի պետական՝ երկարաժամկետ ֆինանսավորում։

Ծրագրի իրականացման համար ընդհանուր առմամբ 19 կառույցների հատկացվել է 706 000 եվրոյի ենթադրամաշնորհներ, Սյունիքի մարզի ավելի քան 850 բնակիչներ օգտվել են սոցիալական ծառայություններից։ 

«Արմենպրես»-ը սկզբում այցելեց Մեղրի՝ անմիջականորեն ծանոթանալով երեխաների սոցիալ-ներառական զարգացման կենտրոնի գործունեությանը։ Մեղրի համայնքի ղեկավարի տեղակալ Արմեն Անտոնյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հայտարարությունը տեսնելուն պես սկսել են մեծ սիրով աշխատել, քանի որ ծրագիրը կարևոր նշանակություն ունի Մեղրի համայնքի համար։

«Մեզ մոտ նման ներառական կենտրոն չկար, բայց կային երեխաներ, որոնք ունեին դրա կարիքը։ Ծրագրի շրջանակում իրականացվում է սոցիալ-վերականգնողական աջակցություն երեխաների համար։ Համայնքի բնակչության, անկախ տարիքային շեմից, բոլոր խնդիրներն առաջին հերթին համայնքի խնդիրներն են, ուստի համայնքապետարանը՝ որպես համայնքային զարգացմանն ուղղված կառույց, մեծ պատրաստակամությամբ օգնեց այս ծառայության կայացմանը, որպեսզի բնակիչներին հուզող խնդիրներին տրվեն համարժեք լուծումներ»,- ասաց Անտոնյանը։

Նա հավելեց, որ համայնքապետարանը, գնահատելով արդյունքները, բնականաբար,  պետք է շարունակի որակյալ ծառայության մատուցումը և հետայսու նույնպես աջակցություն ցուցաբերի տվյալ ոլորտի զարգացման համար։ Անտոնյանը տեղեկացրեց, որ Մեղրի համայնքի ավագանու որոշման համաձայն՝ համայնքապետարանը նույնպես ֆինանսական աջակցություն է ցուցաբերում՝ կատարելով 15-20 տոկոսի համաներդրում։

«Այն ֆինանսական միջոցները, որոնք ի սկզբանե նախատեսված էին երեխաների ներառական կենտրոնի կայացման և գործունեության որոշակի փուլի պահպանման համար, արդեն հատկացվել են, իսկ հետագա ֆինանսավորումը կիրականացվի համայնքապետարանի և գործընկեր կազմակերպության կողմից»,- ասաց Անտոնյանը։

Սոցիալ-ներառական զարգացման կենտրոնում Լեհվազ գյուղի բնակչուհի Լուսինե Ղարախանյանը մեզ հայտնեց, որ, իմանալով կենտրոնի մասին, որոշեց իր երկու երեխաներին բերել այստեղ։

«Նման կենտրոնները պետք է շատ լինեն։ Աղջիկս այցելում է 2025 թվականի նոյեմբերից, կենտրոնի բացման օրից, իսկ տղաս հաճախում է երկու ամիս։ Երեխաներս ավելի վստահ են զգում, դարձել են ավելի ինքնուրույն, հաճախում են ուրախությամբ, որովհետև այստեղ ստանում են հոգեբանի, լոգոպետի աջակցություն։ Զգալի դրական փոփոխություններն արդեն նկատելի են»,- ասաց Ղարախանյանը։   

Կենտրոն հաճախող երեխաների ծնողները նշում են, որ փոքրիկների հետ անմիջական աշխատանքի արդյունքում նրանց մոտ զարգանում է հաղորդակցվելու կարողությունը, նրանք հեշտությամբ ինքնաարտահայտվում են, մասնակցում միջոցառումներին։ Կենտրոն այցելող հատկապես նախադպրոցական տարիքի երեխաներն անկաշկանդ անում են այն ամենը, ինչը բնորոշ է նրանց տարիքին։

Ծնողները վստահեցնում են, որ իրենց երեխաների մոտ նկատվում են դրական մեծ փոփոխություններ, նրանք հետ չեն մնում հասակակիցներից և հեշտ են ինտեգրվում հանրակրթական դպրոցում, իսկ կենտրոնի աշխատակիցները, ծնողների բնութագրմամբ, շատ բարեհամբույր են և հոգատար։ Կենտրոն այցելող բոլոր երեխաներն առաջնորդվում են իրենց նախասիրություններով, անհամբերությամբ սպասում են հերթական այցին, որովհետև նրանց ոգևորությունը պայմանավորված է նաև կենտրոնի աշխատակիցների ջերմ վերաբերմունքով։

Կենտրոնի աշխատակից, հոգեբան Պայծառ Թումանյանը հայտնեց, որ իրենք աշխատում են 36 երեխաների հետ, և ի սկզբանե հաշվի են առնվել աշխատակիցների մասնագիտական կարողությունները։

«Միշտ սիրել եմ աշխատել դեռահասների հետ։ Նրանք ինձ մեծ ուժ են տալիս, միասին հաղթահարում ենք դժվարությունները։ Սա նրանց համար կյանքի յուրատեսակ փորձաշրջան է։ Հաջողության գրավականն այն է, որ ամեն ինչ այստեղ արվում է սիրով, աշխատակիցներն իրենց ամբողջ ներուժը ներդնում են, որպեսզի օգուտ տան երեխաներին՝ նրանց կյանքը դարձնելով ավելի լուսավոր։ Մեր համայնքում այս կենտրոնը տեսակով առաջինն է, որ մասնագիտական աջակցություն է ցուցաբերում երեխաներին։ Այստեղ ապահով միջավայր է, որովհետև հասարակությունն էլ գիտակցաբար է մոտեցում այն դժվարություններին, որոնք կարող են լուծվել հենց այս կենտրոնում», -ասաց Թումանյանը։

Նրա համոզմամբ՝ հանապազօրյա աշխատանքում ամենակարևոր գործոնը սերն է երեխաների հանդեպ, և եթե երեխաներն ընդունում են աշխատակիցներին, ապա այդ դեպքում հաջողությունը միանշանակ երաշխավորված է։ Փոքրիկները շատ զգայուն են և գիտեն, թե ում հետ կարող են աշխատել՝ ելնելով ջերմ հաղորդակցությունից։

«Երեխայի հոգին ամենամաքուրն է, հետևաբար նա կարողանում է ճիշտ ընտրություն կատարել, իսկ մեծահասակները պետք է հարգեն նրանց որոշումները, զգալի տեղ տան նրանց՝ կարևորելով նրանց նշանակությունը։ Մենք հետադարձ կապի մեջ ենք մեր սաների հետ նաև այն ժամանակ, երբ նրանք ավարտում են ծրագիրը։ Կենտրոնի աշխատակիցները պարբերաբար այցելում են նրանց և հաճելիորեն արձանագրում, որ մանկապարտեզ կամ դպրոց հաճախող մեր նախկին սաների մոտ կախվածությունն իրենց մայրերից զգալիորեն նվազել է, երեխաները դարձել են ավելի ինքնուրույն։ Կապը նրանց հետ պահպանում ենք նաև զանգերի միջոցով»,- ասաց Թումանյանը։

Երեխաների սոցիալ-ներառական զարգացման կենտրոնի արդյունավետ գործունեության շնորհիվ սաներից վեցն արդեն ավարտել են ծրագիրն ու հաջողությամբ ինտեգրվել հասարակական կյանքին՝ հետ չմնալով իրենց տարեկիցներից։  

«Գործընկերություն հանուն Սյունիքի բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագիրն իրականացվում է «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնության» շրջանակում։ «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնությունը» Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդեռլանդների, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաև գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի համատեղ նախաձեռնությունն է։

Նախաձեռնության հիմնական նպատակն է նպաստել Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական և ինստիտուցիոնալ զարգացմանը` համահունչ տեղական զարգացման առաջնահերթություններին:

Հայերեն English Русский

Առողջապահության նախարարն անդրադարձավ առողջության ապահովագրավճարի բարձրացման հավանականությանը

Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում կմասնակցի ԱՀԿ-ի տարածաշրջանային նախարարական համաժողովին

Անազատության մեջ գտնվող անձինք լիարժեք օգտվում են իրենց առողջապահական իրավունքներից. նախարար

Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը

Սրբուհի Գալյանը վստահեցնում է՝ IMEI կոդերի միասնական համակարգի ներդրման նպատակը հասարակությանը վերահսկելը չէ

Հայաստանում պոլիկլինիկական օղակի մասնագետներ կան, որոնց ամսական աշխատավարձը գերազանցում է 1 միլիոն դրամը. Ավանեսյան

Լեհաստանը ՄիԳ-29 կործանիչներ չի փոխանցի Ուկրաինային. պաշտպանության նախարար

Հայաստանի և Ադրբեջանի միջև անհայտ կորած անձանց տվյալների բազա կստեղծվի

Դադարեցվել է «Ազատություն թիվի»-ի հեղինակազորման վկայագիրը

Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով