Որոշ ծառայություններ հասարակական սեգմենտին պատվիրակելու պետական քաղաքականությունը նպատակ ունի զարգացնել ՀԿ-ների կարողությունները

9 րոպեի ընթերցում

Երևանում կայացավ «Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի ամփոփիչ համաժողովը, որին ներկա էին ՀՀ պետական կառույցների պաշտոնատար անձինք, ՀԿ-ների ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության անդամները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը նշեց, որ վերջին տարիներին ԱՍՀ նախարարությունը մեծ ուշադրություն է դարձնում պատվիրակման սկզբունքով հավաստագրված ՀԿ-ների միջոցով ծառայությունների իրականացումը՝ սկսած կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներից մինչև հաշմանդամություն ունեցող անձինք, տարեցներ, ընտանեկան բռնության ենթարկված անձինք։   

«Այս ծրագիրը ևս մեկ հնարավորություն էր, և այն առավելագույն չափով օգտագործեցինք՝ ի շահ համայնքի և պետական նոր չափորոշիչների փորձարկման։ Սյունիքի մարզի տարբեր բնակավայրերում փորձարկվեցին մոդելներ, պիլոտային ծրագրեր, որոնց մի մասն այսօր արդեն յուրաքանչյուր տարվա ֆինանսավորման տրամաբանությամբ՝ ստանում է հաստատուն ֆինանսավորում։ Եվ եղել են այնպիսի ծառայություններ, օրինակ՝ սոցիալական տաքսին կամ հաշմանդամություն ունեցող անձանց դեպքում տնային հարմարեցումները, որոնք պիլոտավորվել են, և ներկայում պետությունն այդ հիմքով մշակում է շատ ավելի մեծ, ծավալուն միջոցառումներ, որոնք հետագայում տեղ կգտնեն պետական բյուջեում»,- ասաց Ստեփանյանը։  

Նա հավելեց, որ ծառայությունները հասարակական սեգմենտին պատվիրակելու պետական քաղաքականությունը նպատակ ունի զարգացնել ՀԿ-ների կարողությունները, որպեսզի նրանք արդյունավետորեն ապահովեն պետական նվազագույն չափորոշիչներով այդ ծառայություններն՝ ըստ տարբեր թիրախային խմբերի համար գնահատված կարիքի։

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը նշեց, որ վերոհիշյալ ծրագիրը շատ կարևոր է նաև իրենց գերատեսչության առաջնահերթությունների տեսանկյունից, քանի որ Կառավարության կարևորագույն առաքելություններից մեկը համայնքների հնարավորությունների ու կարողությունների շարունակական զարգացումն է։

«Այս ծրագրի շրջանակում Սյունիքի մարզի յոթ համայնքներում ձևավորվել են սոցիալական ծառայությունների լայն կարողություններ, որոնք լինելու են շարունակական և արդեն ներառված են համայնքային բյուջեներում։ Այն ՀԿ-ները, որոնք համագործակցել են ծրագրի շրջանակում միջազգային դոնորների հետ, շարունակական ֆինանսավորում են ստանալու նաև պետբյուջեից։ Կարևորն այն է, որ համայնքները հնարավորություն ստանան տեղում առավել համայնքակենտրոն ծառայություններ մատուցել իրենց բնակիչներին՝ իդենտիֆիկացնելով բոլոր խնդիրները»,- ասաց Ավետիսյանը։

Նրա դիտարկմամբ՝ ՏԿԵ նախարարության համար առաջնահերթություններից մեկը համայնքային ծառայությունների ապակենտրոնացումն է, այսինքն՝ այն ծառայությունները, որոնք մատուցվում են պետության կողմից, աստիճանաբար պետք է անցնեն դեպի համայնքներ, որտեղ կձևավորվեն համարժեք ֆինանսական և մասնագիտական կարողություններ՝ տեղում այդ ծառայությունները մատուցելու համար։

«Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի սոցիալական ծրագրերի պատասխանատու Վարդուհի Դադունցը նշեց, որ Սյունիքի մարզի բոլոր յոթ համայնքների և ՀԿ-ների տարածքային կառույցների և այլ գործընկերների հետ համատեղ փորձարկվել են համայնքահեն ծրագրեր։

«Որոշները փորձարկվեցին առաջին անգամ, մինչդեռ որոշներն արդեն լավարկվել են ու բարելավվել՝ հնարավորություն տալով հետագայում կայուն ֆինանսական աղբյուրներ գտնել թե՛ համայնքային բյուջեներից, թե՛ պետական դրամաշնորհներից։ Յուրաքանչյուր համայնքում՝ կախված տեղի բնակավայրի կարիքներից, մասնակցային պլանավորման արդյունքում կարողացել ենք գտնել այն առաջնահերթ ծառայությունը, որը կարևորում են և՛ համայնքը, և՛ ՀԿ-ները, և՛ բնակիչները։ Համայնքների հետ համատեղ պլանավորման արդյունքում ծառայությունները փորձարկվել են, որոշներն էլ հետագայում ստացել են ֆինանսական աջակցություն համայնքապետարաններից»,- ասաց Դադունցը։

Նրա համոզմամբ՝ ամփոփիչ համաժողովի քննարկումները հնարավորություն կտան օգտագործել Սյունիքում իրականացված ծրագրի փորձառությունը ՀՀ այլ մարզերի համայնքներում՝ դրանք կիրառելու նպատակով։

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը նշեց, որ մարզերի կայուն զարգացումը հնարավոր չէ առանց սոցիալական ծառայությունների։

«Այդ առումով՝ սա իսկապես կարևոր նախագիծ է և արդեն իսկ շատ նշանակալի արդյունքներ է տվել քաղաքացիների, շահառուների, նրանց ընտանիքների համար։ Այս տեսակի յուրաքանչյուր նախաձեռնություն ցույց է տալիս հասարակության քաղաքակրթության մակարդակը, և նման նվիրված աշխատանքի միջոցով է, որ դուք ապացուցում եք դա։ Մենք ունեցել ենք ինը տեսակի համայնքային սոցիալական ծառայություններ, որոնք փորձարկվել են Սյունիքի 12 ՀԿ-ների կողմից: Ձեր ընտրությունն ավելի դիմացկուն, ավելի ժողովրդավարական հասարակության համար է, ու նաև այն մասին է, թե ինչպես պետք է ապահովել մարդկանց կարիքները, աջակցել նրանց, ապահովել տեղի համայնքների դիմացկունության ամրապնդումը, համայնքների իրական կարիքներին համապատասխանող ծառայությունները դարձնել հասանելի»,- ասաց Մարագոսը:

Նա շնորհակալություն հայտնեց ԱՍՀ նախարարությանը՝  ՀԿ-ներից մի քանիսին հավատարմագրելու համար, և ՏԿԵ նախարարությանը՝  համայնքների միջոցով կարևոր ծրագրերի համայնքային հետագա ֆինանսավորումն ապահովելու համար։ «Կարծում եմ, որ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի գործունեությունը լավ օրինակ է՝ քաղհասարակության հետ կայուն կերպով համագործակցելու համար։ Մեր կողմից մենք շարունակելու ենք աշխատել քաղհասարակության հետ»,- հավաստիացրեց Մարագոսը։  «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի ղեկավար Քրիստոֆեր Շմիցը նշեց, որ տվյալ ծրագիրը հնարավորություն տվեց, որպեսզի փորձնական նախագծերը հետագայում տարածվեն ամբողջ երկրում։ Նրա համոզմամբ՝ ԵՄ-ի շարունակական պարտավորությունները կշարունակեն ամրապնդել հայկական քաղաքացիական հասարակությունը:

«Ինձ համար այս ծրագիրն իսկապես առանձնահատուկ է և մեծապես վկայում է այն ամուր հիմքի մասին, որ մեր ՀԿ-ն ստեղծել է Հայաստանում, մասնավորապես՝ Սյունիքում իր երկարատև ներկայությամբ և նվիրվածությամբ: Մեր թիմը գործընկերների հետ անխոնջ աշխատել է ոչ միայն նախագծի նպատակներին հասնելու համար, այլև առաջնահերթություն է տվել կայունության ապահովմանը, որպեսզի արդյունքները բավականաչափ ուժեղ լինեն: Սա է մոտեցման իրական ուժը, որը նույն սեղանի շուրջ է հավաքում այդքան շատ տարբեր խմբերի՝ ՀԿ-ներ, տարածաշրջանային ինքնակառավարման մարմիններ, քաղաքապետարաններ և նախարարություններ: Նախագիծը օգնեց ստեղծել համատեղ տարածք՝ սոցիալական ծառայությունները դիտարկելու, խոցելի մարդկանց կարիքները հասկանալու և ավելի երկարատև լուծումների մասին միասին մտածելու համար»,- ասաց Շմիցը:

Նրա դիտարկմամբ՝ կայուն, երկարատև և արդյունավետ զարգացումն այն է, երբ շահառուները դառնում են գործընկերներ, ամրապնդվում են ՏԻՄ համակարգերը՝  աջակցելով քաղհասարակությանը, օգնելով համայնքներին դառնալ ավելի դիմացկուն։ Արդյունքում քաղաքացիակենտրոն համակարգերը կսկսեն փոխակերպող ազդեցություն ունենալ հասարակության վրա։  

«Գործընկերություն հանուն Սյունիքի բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագիրն իրականացվում է «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնության» շրջանակում։ «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնությունը» Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաև գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի համատեղ նախաձեռնությունն է։  

Նախաձեռնության հիմնական նպատակն է նպաստել Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական և ինստիտուցիոնալ զարգացմանը` համահունչ տեղական զարգացման առաջնահերթություններին:

Հայերեն

ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը

Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել

Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան

Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ

Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն

ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին

Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանում կանաչ ջրածնի արտադրության զարգացման հեռանկարները

Հունիսի 30-ի միջոցառումների անոնս