Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուղարկավորման հանձնաժողով
3 րոպեի ընթերցում

ՀՀ Ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուղարկավորման հանձնաժողով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից՝ վշտակցություն հայտնելով Ռաիսա Մկրտչյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և երգչուհու արվեստի երկրպագուներին։
Գերատեսչությունից հավելել են, որ երգչուհու հոգեհանգստի և վերջին հրաժեշտի օրն ու ժամը կտեղեկացվի լրացուցիչ:
Հունիսի 27-ին հայտնի է դարձել, որ կյանքի 84-րդ տարում մահացել է երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը։
ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի էստրադային նվագախմբի մենակատար Ռաիսա Մկրտչյանը ծնվել է 1942 թվականի փետրվարի 25-ին, Սևան քաղաքում: Սովորել է Երևանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, այնուհետև Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում:
Նա 1963-1968 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժնում։ 1968 թվականից Հայաստանի հեռուստառադիոպետկոմի էստրադային նվագախմբի մենակատարն է եղել: 2002 թվականից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։
Ուսմանը զուգահեռ երգել է երիտասարդական էստրադային նվագախմբերում: Եղել է Բաբաջանյանի, Օրբելյանի, Աճեմյանի, Բալյանի, Վարդազարյանի և այլ կոմպոզիտորների երգերի առաջին կատարողը: 1968թ.-ից հեռուստատեսության և ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի մեներգչուհի է: Ձայնագրել է ավելի քան 400 երգ, որոնց զգալի մասը պահպանվում են Ռադիոյի և հեռուստատեսության ձայնադարանի ոսկե ֆոնդում: Բազմաթիվ համերգներով հանդես է եկել աշխարհի տարբեր քաղաքներում: 2006թ. արժանացել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչմանը:
Ռաիսա Մկրտչյանի երգացանկում են Կոնստանտին Օրբելյանի, Առնո Բաբաջանյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Ալեքսանդր Աճեմյանի, Ալեքսեյ Հեքիմյանի, Մելիք Մավիսակալյանի, Նիկոլայ Պետրովի և այլոց ստեղծագործություններ։
Իր գործունեության ընթացքում արժանացել է բազմաթիվ պետական պարգևների, այդ թվում՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի, Մովսես Խորենացու մեդալների։