Այն, ինչով զբաղվում եք, պետք է լինի ձեր հոբբին. դիրիժոր Վասիլի Պետրենկոն Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կներկայանա երևանյան համերգով

9 րոպեի ընթերցում

Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Վասիլի Պետրենկոն հաճախ է համերգներով հանդես գալիս Հայաստանում, քանի որ սիրում է տեղի հանդիսատեսին և հաճույքով է համագործակցում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։

Այս անգամ դիրիժորին Հայաստան են բերել հունիսի 27-ին Ազգային ֆիլհարմոնիկի հետ համատեղ համերգն ու «Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիա» նախագիծը, որի մասնակիցների գալա համերգը նախատեսված է հունիսի 28-ին։ Երկու համերգներն էլ տեղի կունենան «Արամ Խաչատրյան» համերգասրահում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունիսի 26-ին լրագրողների հետ հանդիպմանը Վասիլի Պետրենկոն ասաց, որ մի քանի օր է՝ ինտենսիվ աշխատում են նվագախմբի և ակադեմիայի երիտասարդ մասնակիցների հետ։

Նրա խոսքով՝ երբ զբաղվում ես նրանով, ինչ սիրում ես, ժամանակն ակնթարթորեն է թռչում և չես  հոգնում։

Խոսելով Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կայանալիք համերգի ծրագրից՝ նա նշեց, որ ներկայացնելու են Բուզոնիի Տուրանդոտ սյուիտը (ընտրանի), Ռավելի «Շեհերազադե»-ն և Ռիմսկի-Կորսակովի «Շեհերազադե» սիմֆոնիկ սյուիտը։

«Այդ գործերը հազվադեպ են հնչում, սակայն արժանի են, որ ավելի հաճախ կատարվեն։ Ստեղծագործությունները շաղկապված են. Ռիմսկի-Կորսակովի «Շեհերազադե»-ի հիմքում «Հազար ու մի գիշեր» հեքիաթներն են, իսկ Ռավելի ստեղծագործության հիմքում ֆրանսիական պոեզիան է. առաջին մասը ճանապարհորդությունն է Ասիայում, «Հազար ու մի գիշեր»-ը ևս հիշատակվում է, իսկ երկրորդ մասն անդրադառնում է հմայված ֆլեյտային, երրորդ հատվածն անցած սիրո մասին հիշողություններն են։ Ստեղծագործությունն ավարտվում է այն գիտակցությամբ, որ ժամանակն անցնում է, որոշ հիշողություններ խորը հետք են թողնում մեր կյանքում»,-պատմեց դիրիժորն ու հավելեց՝ նույն գաղափարախոսությունը նկատվում է նաև Կորսակովի  սյուիտում, քանի որ Շեհերազադեն յուրահատուկ կին էր. նրան հաջողվում է հազար և մեկ գիշեր հեքիաթներով տպավորել շահին, որն ավանդաբար մեկ գիշեր էր անցկացնում կանանց հետ ու սպանում  նրանց։ Ի վերջո նա բաց է թողնում Շեհերազադեին, սակայն հարց է ծագում՝ գուցե, Շեհերազադեի համար այդ տարիներն ամենահագեցածն էին ու լավագույնն էին և էլ երբեք չեն կրկնվի։

Խոսելով «Տուրանդոտ»-ի մասին՝ Պետրենկոն ընդգծեց, որ Բուզոնին այն ավելի վաղ է գրել, քան Պուչինին իր հանրահայտ օպերան։ «Երբ լսում ես երաժշտությունը, զգացողություն է, որ Բուզոնին ճամփորդել է Ասիայում, սակայն միայն Հայաստան է հասել։ Երաժշտությունը շատ նման  է հայկական երաժշտությանը։ Նվագախմբին ասում եմ, որ մի պահ կա, երբ թվում է, թե Մոցարտը վերածվել է Խաչատրյանի»,-ասաց դիրիժորը։

Անդրադառնալով ակադեմիային՝ Պետրենկոն նշեց, որ մասնակցության հայտ է ներկայացրել ավելի քան 60 դիրիժոր՝ աշխարհի 22 երկրից, որոնցից խիստ ընտրությամբ հրավիրվել է միայն 6-ը:

2026-ի հունիսի 23-28-ը ակադեմիան հյուրընկալել է ընտրված մասնակիցների Հյուսիսային Մակեդոնիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իսպանիայից, Արգենտինայից և Ռուսաստանից: Նրանք անհատական փորձեր են անցկացնում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ և մասնակցում են «Դիրիժորական աշխատանքի գաղտնիքները» խորագրով սեմինարին: Թե՛ փորձերը, թե՛ սեմինարը վարում է անձամբ մաեստրո Պետրենկոն:

«Օր օրի տեսնում եմ երիտասարդ դիրիժորների առաջընթացը։ Նկատում եմ, որ այն, ինչ նրանց պատմում եմ, ցույց եմ տալիս վարպետության դասերի, անհատական զրույցների ընթացքում, ընկալում են ու կատարելագործվում։ Համերգին կտեսնենք, թե ինչպես կներկայանան։ Հուսամ՝ բոլորին դուր կգա։ Ըստ իս՝ հաջորդ սերնդի կրթությունը չափազանց կարևոր է։ Պետք է հնարավորինս շատ օգնենք նրանց, շատ բան տանք սկսնակ դիրիժորներին։ Շատ կցանկանամ, որ ակադեմիայի նկատմամբ մեծ լինի նաև Հայաստանի երիտասարդ դիրիժորների հետաքրքրությունը, որպեսզի հենց Հայաստանում հայ դիրիժորների համար կարողանանք նախագիծն ավելի կատարելագործել ու զարգացնել»,-շեշտեց նա։

Ակադեմիան արդեն երկրորդ անգամ անցկացվում է Հայաստանում, քանի որ  Պետրենկոյի կապը Հայաստանի հետ ամուր է։ Նա առաջին անգամ 1980-ականներին է եղել Հայաստանում և միշտ սիրով է վերադառնում։ Համագործակցում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, քանի որ այն լավագույնն է համարում մեր երկրում։ Կարծում է՝ թե՛ նվագախմբի, թե՛ երիտասարդ դիրիժորների համար հետաքրքիր է համատեղ աշխատել, քանի որ կարող են տեսնել տարբեր ոճեր, տեխնիկաներ ու նույն ստեղծագործության տարբեր մեկնաբանություններ։

Ըստ Պետրենկոյի՝ դիրիժորի և նվագախմբի աշխատանքի արդյունավետությունը հատկապես նկատվում է, երբ նրանք նույն կերպ են մտածում, սակայն գրեթե երբեք չի ստացվում լիարժեք նույն կերպ մտածել, քանի որ նվագախումբը կազմված է տարբեր անհատներից։

«Փայտիկը ոչ մի ձայն չի արձակում, երաժշտությունը ստեղծում են երաժիշտները։ Դիրիժորի խնդիրն է նրանց օգնել ավելի լավ նվագել տվյալ պահին, միավորել ընդհանուր գաղափարները։ Ես յուրաքանչյուր նվագախմբի պատմում եմ ոչ միայն նոտաների, այլև ստեղծագործությունների, կոնտեքստի և այլնի մասին։ Օրինակ՝ Ռիմսկի-Կորսակովը վեց տարի ծառայել է նավատորմում որպես ռազմածովային սպա։ Նա եղել է  բազմաթիվ երկրներում և շատ լավ ճանաչել է արաբական մշակույթը, որը հետո երաժշտությամբ արտացոլել է «Շեհերազադե»-ում»,-պատմեց Վասիլի Պետրենկոն։

Յուրաքանչյուր երաժշտասեր, որն առիթ է ունեցել բեմում տեսնել Վասիլի Պետրենկոյին, կարող է փաստել, որ նա շատ ինքնատիպ, արտիստիկ և զգացմունքային դիրիժոր է։

Դիրիժորը կարծում է՝ դա կապված է երաժշտության հետ։ «Այն, ինչով զբաղվում եք, չպետք է դիտարկեք որպես մասնագիտություն, այն պետք է  լինի ձեր հոբբին։ Երբ դեռ ուսանող էի և Պետերբուրգում ներկա էի Ջորջ Շոլթիի համերգներից մեկին, մոտեցա նրան և ասացի, որ մասնակցել եմ նրա փորձերին ու հարցրի, թե ինչ խորհուրդ կտա ինձ։ Նա ասաց.  «Ցանկանում եմ, որ երաժշտությունը միշտ լինի Ձեր հոբբին»։ Եթե այն, ինչով զբաղվում եք, ձեր հոբբին է, միշտ դա կանեք հաճույքով և պատրաստ կլինեք դարնով զբաղվել 24 ժամ։ Ես արտիստիկ ելույթի խնդիր իմ առաջ չեմ դնում, բայց  ցանկանում եմ ոգեշնչել նվագախմբին նվագել ինչպես առաջին և վերջին անգամ։ Դա դիրիժորի հիմնական խնդիրներից մեկն է»«-շեշտեց նա։

Ակադեմիայի կազմակերպիչներն են «Պրիմավերա» բարեգործական հիմնադրամը (գեղարվեստական խորհրդի նախագահ՝ Վասիլի Պետրենկո) և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան):

Վասիլի Պետրենկոն Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժշտական ղեկավարն է 2021 թվականից: 15 տարի լինելով Լիվերպուլի թագավորական ֆիլհարմոնիկի գլխավոր դիրիժորը՝ այժմ վերջինիս դափնեկիր դիրիժորն է: Եղել է Ռուսաստանի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորն ու գեղարվեստական ղեկավարը (2016–2022), Օսլոյի ֆիլհարմոնիկի, Մեծ Բրիտանիայի ազգային երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժորը (2013–2020): Ելույթներ է ունեցել Բեռլինի ֆիլհարմոնիկ, Լայպցիգի Գևանդհաուս, Լոնդոնի սիմֆոնիկ, Լոնդոնի ֆիլհարմոնիկ, Սանտա Չեչիլիայի ակադեմիայի, Ֆրանսիայի ազգային նվագախմբերի հետ, ԱՄՆ-ում՝ Բոստոնի, Չիկագոյի, Լոս Անջելեսի Ֆիլհարմոնիկ և այլ նվագախմբերի հետ:

Հանդես է եկել BBC Proms, Էդինբուրգի, Գրաֆենեգգի, Գլայնդեբուրնի փառատոններում: Պետրենկոյի երկացանկում ներառված են շուրջ 30 օպերային ստեղծագործություններ, որոնք նա ղեկավարել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն, Փարիզի ազգային, Ցյուրիխի, Բավարիայի, Նիդեռլանդների ազգային, Միխաիլովյան և այլ օպերային թատրոններում:

Պետրենկոն ավարտել է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիան, որտեղ դասեր է առել դիրիժորական արվեստի այնպիսի հսկաներից, ինչպիսիք են Իլյա Մուսինը, Մարիս Յանսոնսը և Յուրի Տեմիրկանովը:

Հայերեն

Հնդկաստանում մայրական առողջության ցուցանիշները հասել են պատմական առավելագույնին

Վարչապետն AMAA բարեգործական ՀԿ–ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Մեծ Բրիտանիայում հունիսյան շոգը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է ջերմաստիճանի ռեկորդը

Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ԱրարատԲանկն ամփոփել է 2025 թվականը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

Փրկարար ծառայության տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

Հունիսի 27-ի միջոցառումների անոնս

Սոֆիայում բացվել է «Բարև, տիեզերք» վեցերորդ փառատոնը

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել «160-ը՝ 160-ի դիմաց» ձևաչափով