Իրանի հետ ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի Պարսից ծոցի երկրների շահերը․ Ռուբիո
3 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Բահրեյնում Պարսից ծոցի արաբական երկրների արտաքին գործերի նախարարների և պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Իրանի հետ ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի նրանց շահերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը։
Իր ելույթում Ռուբիոն նշել է, որ Վաշինգտոնը ձգտում է վաղեմի թշնամի Իրանի հետ երկարատև խաղաղության, որը չի խաթարի իր դաշնակիցների անվտանգությունն ու բարգավաճումը։
Ռուբիոն նաև նշել է, որ Միացյալ Նահանգները Հորմուզի նեղուցը համարում է միջազգային նավագնացության ուղի և չի ընդունում Իրանի կողմից դրանով անցնող նավերի համար հնարավոր վճարները։
«Իրականությունն այն է, որ երկրագնդի վրա ոչ մի երկիր իրավունք չունի վճար գանձելու միջազգային ջրային ուղիների օգտագործման համար։ Եվ դա երբեք չի լինի որևէ գործարքի ընդունելի պայման։ Նախագահը սկզբունքորեն հստակ է եղել այդ հարցում», - ասել է Ռուբիոն։
Նրա խոսքով՝ ԱՄՆ վարչակազմը հույս ունի կառուցողական երկխոսության և մի շարք համաձայնությունների ձեռքբերման Իրանի իշխանությունների հետ՝ արաբական երկրների աջակցությամբ։
«Չնայած մենք ցանկանում ենք համաձայնագիր, մենք չենք ուզում, որ այն լինի համաձայնագիր ցանկացած գնով։ Մենք ցանկանում ենք լավ, իրական, ապացուցված գործարք, գործարք, որը կհարգվի։ Եվ կարևոր է, որ բանակցային գործընթացի ընթացքում կամ դրանից հետո ձեռք բերված ցանկացած համաձայնագիր հարգվի», - ասել է նա։
Ռուբիոյի եռօրյա այցը Պարսից ծոց առաջին բարձր մակարդակի դիվանագիտական առաքելությունն է ԱՄՆ-Իրան շրջանակային համաձայնագրից հետո, որը կնքվեց նախորդ շաբաթ՝ փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ մեկնարկած հակամարտությունը դադարեցնելու համար։
ԱՄԷ-ում և Քուվեյթում իր այցելությունների ժամանակ Ռուբիոն փորձել է վստահեցնել պաշտոնյաներին, որ առաջարկվող գործարքը չափազանց բարենպաստ չէ Իրանի համար։
«Մենք չենք անելու որևէ բան, որը կխաթարի մեր դաշնակիցների, տարածաշրջանում մեր վաղեմի դաշնակիցների անվտանգությունը», - Քուվեյթում լրագրողների հետ զրույցում ասել է նա։
Պարսից ծոցի համագործակցության խորհրդի փոխանցմամբ՝ խորհրդի գլխավոր քարտուղար Ջասիմ Մուհամմադ ալ-Բուդաիվին հայտարարել է, որ խորհրդի և ԱՄՆ-ի միջև համատեղ նախարարական հանդիպման ժամանակ քննարկվել են բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, դրա անվտանգությունն ու կայունությունը բարելավելու ուղիները, ինչպես նաև լարվածության թուլացման և միջնորդական ջանքերը։
Պարսից ծոցի համագործակցության խորհրդի բոլոր վեց երկրները՝ Սաուդյան Արաբիան, Կատարը, Օմանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը և Քուվեյթը, ԱՄՆ ռազմավարական դաշնակիցներ են, որոնք պատերազմի ժամանակ որոշակի չափով լոգիստիկ աջակցություն են ցուցաբերել Վաշինգտոնին, և արդյունքում բոլորը տուժել են իրանական ավիահարվածներից։