ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի՝ մշակույթի հարցերով տեղակալը Փարիզում քննարկել են մի շարք հարցեր
2 րոպեի ընթերցում
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի՝ մշակույթի հարցերով տեղակալ Նայեֆ Ալ-Ֆայեզի հետ:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև մշակույթի ոլորտում առկա փոխգործակցության շրջանակի ընդլայնման և համագործակցության խորացման հեռանկարների շուրջ:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու ակտիվ և կառուցողական ներգրավվածությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի աշխատանքներում:
ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ նպաստելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործիքակազմի ընդլայնմանը։ Այս համատեքստում ընդգծվել է Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954թ. Հաագայի կոնվենցիայի բարձր պայմանավորվող կողմերի 16-րդ հանդիպման շրջանակներում նախորդ տարի Հայաստանի կողմից առաջարկված և միաձայն ընդունված «Մշակութային ժառանգության պաշտպանության և վերականգնման ամրապնդումը նոր և զարգացող տեխնոլոգիաների կիրառմամբ» խորագրով բանաձևը:
Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև ձևավորված համագործակցությունը և կարևորել դրա շարունակական զարգացումը՝ կազմակերպության մանդատի շրջանակներում մշակութային ժառանգության պահպանման, վերականգնման և մշակութային բազմազանության խթանման ուղղությամբ։