Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
3 րոպեի ընթերցում

Կատարը պատրաստվում է վերսկսել հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև ժամանակավոր համաձայնագրի ստորագրումից հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Financial Times-ի հետ զրույցում հայտարարել է Կատարի վարչապետ շեյխ Մուհամմադ բին Աբդ ալ-Ռահման ալ-Թանին։
Նրա խոսքով՝ Կատարն աշխարհում երկրորդ խոշորագույն հեղուկացված բնական գազի արտադրողն է և դադարեցրել է արտադրությունը մարտին՝ Ռաս Լաֆանի գործարանի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո։
«Մի քանի շաբաթվա ընթացքում արտադրությունը կվերադառնա բնականոն հուն, բացառությամբ վնասված օբյեկտի։ Մեր թիմերը մոբիլիզացվել են արդեն մի քանի շաբաթ։ QatarEnergy-ն պատրաստվում է գործունեության բնականոն հուն վերադառնալուն, հենց որ նեղուցում իրավիճակը կարգավորվի», - ասել է վարչապետը։
Նա, սակայն, զգուշացրել է, որ պետական QatarEnergy-ն կվերացնի մարտին հայտարարված ֆորս մաժորը միայն այն ժամանակ, երբ «ընկերությունը տեսնի, որ լուծել է բոլոր խնդիրները, և շահագործումն անվտանգ է»։
Կատարի վարչապետը նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև թեժ գծի ստեղծումը կարևոր է՝ Հորմուզի նեղուցի վերաբացմանը խոչընդոտող անօրինական գործող անձանց գործողությունները կանխելու համար։
Նրա խոսքով՝ «թեժ գծի նպատակն է ապահովել, որ ցանկացած նավ, որը ստանում է որևէ տեսակի սպառնալիք, ստուգվի Իրանի կողմից, և նավին թույլ տրվի անվտանգ անցնել»։
Վարչապետի խոսքով՝ ակնկալվում է, որ նեղուցով նավագնացությունը կվերադառնա պատերազմից առաջ եղած ցուցանիշին ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագրի 30-րդ օրը։ Սակայն, ըստ նրա, դա «մեծ ջանքեր կպահանջի», նաև «ժամանակ կպահանջվի վստահությունը վերականգնելու համար»։
Ալ- Թանին նշել է, որ Կատարը կդիմադրի նեղուցում վճարներ գանձելու Իրանի ցանկացած ծրագրի։
«Կատարի նման երկրի համար դա մեր միակ ջրային միջանցքն է։ Եթե իրանցիների կողմից առաջարկվում է մոդել, նրանք պետք է փաստարկեն գործը, և մենք պետք է քննարկենք այն։ Մենք չենք կարող ընդունել այնպիսի իրավիճակ կամ պայման, երբ մեր դարպասը դեպի աշխարհ վերահսկվում է», - նշել է նա։