Մերձավոր Արևելք

Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ

2 րոպեի ընթերցում

Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ առաջին կանգառը կատարելով Արաբական Միացյալ Էմիրություններում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Աբու Դաբում վայրէջքից հետո Ռուբիոյին հարց են ուղղել Իրանի հետ կնքված համաձայնության հետ կապված դաշնակիցների անհանգստության մասին։

«Դրան, ամենայն հավանականությամբ, անդրադարձ կլինի քննարկումներում», - ասել է Ռուբիոն՝ հավելելով, որ կքննարկվեն նաև հարցեր, որոնք ներառված չեն փոխըմբռնման հուշագրում։

Լրատվամիջոցը հիշեցնում է, որ Պարսից ծոցում ԱՄՆ որոշ դաշնակիցներ Թեհրանի հետ նախագահ Դոնալդ Թրամփի կնքած համաձայնությունը, որը ներառում է նաև Իրանին վերակառուցման համար 300 միլիարդ դոլարի հիմնադրամի հասանելիություն, դիտարկում են որպես շատ մեծ զիջում։ Երկրներն անհանգստանում են, որ Իրանն այդ գումարը կարող է օգտագործել իր ռազմական հզորությունը վերակառուցելու համար։ Բացի այդ, համաձայնությունը չի հասցեագրում Իրանի բալիստիկ հրթիռների կարողությունների հարցը, ինչն, ըստ գործակալության, մտահոգության տեղիք է տալիս Պարսից ծոցի երկրների համար։

Իր հերթին, BBC-ն հաղորդում է, որ Մարկո Ռուբիոն հայտարարել է Հորմուզի նեղուցում տուրքերի գանձման անթույլատրելիության մասին։

«Դա միջազգային ջրային ուղի է։ Ոչ մի երկրի չի թույլատրվում միջազգային ջրային ուղում տուրքեր կամ վճարներ գանձել։ Դա է գործող միջազգային օրենքը։ Կարծում եմ՝ մենք ոչ ոքի չպետք է այս հարցում համոզենք։ Կարծում եմ՝ տարածաշրջանի բոլոր երկրները կհամաձայնեն մեզ հետ», - ասել է նա ԱՄԷ ժամանելուն պես։

ԱՄԷ-ից հետո Ռուբիոն կայցելի Քուվեյթ և Բահրեյն։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում