Երևան

Երևանի քաղաքապետը կարևորել է նախանշված ժամկետներում Կիևյան կամրջի վերանորոգումն ավարտելը

2 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետը կարևորել է նախանշված ժամկետներում Կիևյան կամրջի վերանորոգումն ավարտելը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին՝ կարևորելով դրանք սահմանված ժամկետներում ավարտին հասցնելը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետարանի հունիսի 22-ի գործակարգավարական նիստում Շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Թևոսյանը քաղաքապետին զեկուցել է աշխատանքների ընթացքի մասին։ 

«Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել կամրջի հիմնանորոգում՝ ներառյալ երթևեկելի մասի և հետիոտնային հատվածների վերականգնում, դեֆորմացիոն կարերի ու ջրահեռացման համակարգերի նորացում, ջրամեկուսացման աշխատանքներ, կամրջային թռիչքային կառուցվածքների և հենարանների վերականգնում, ինչպես նաև անվտանգության և կազմակերպչական միջոցառումների իրականացում»,-ներկայացրել է Թևոսյանը։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը դրական է գնահատել կամրջի վերանորոգման աշխատանքների տեմպը։

«Որքան էլ այս աշխատանքները կարևոր են և առաջին հերթին միտված են անվտանգությանը, այնուամենայնիվ, այս աշխատանքները բազմաթիվ խնդիրներ են ստեղծում քաղաքում խցանումների հետ կապված, և մեր վերահսկողությունը ժամկետների և որակի հետ կապված պետք է շատ ինտենսիվ լինեն»,-ընդգծել է քաղաքապետը։

Երևանի քաղաքապետարանն ավելի վաղ հայտնել էր, որ Կիևյան կամուրջը հունիսի 17-ից մինչև օգոստոսի 29-ը փակ կլինի երթևեկության համար՝ կամրջի հիմնանորոգման աշխատանքների պատճառով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում