Քաղաքականություն

Արթուր Հովհաննիսյանը կարծում է՝ ընդդիմությունը փողոցային պայքարի ներուժ չունի

2 րոպեի ընթերցում

Արթուր Հովհաննիսյանը կարծում է՝ ընդդիմությունը փողոցային պայքարի ներուժ չունի

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը կարծում է, որ ընդդիմադիր ուժերը փողոցային պայքար սկսելու քաղաքական ներուժ չունեն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հովհաննիսյանն այս մասին ասաց խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի՝ ընդդիմադիր ուժերի համախմբման և փողոցային պայքար սկսելու մասին հայտարարություններին։

Լրագրողը հիշեցրեց Կարապետյանի հայտարարությունը, ըստ որի՝ ընդդիմադիր ուժերը միասին հանրահավաք կհրավիրեն, իսկ հանրահավաքները պետք է ավարտվեն արդյունքով։

Արթուր Հովհաննիսյանն, արձագանքելով հարցին, քննադատեց Կարապետյանի ձևակերպումները և նշեց, որ քաղաքացիներին «գլուխներ» անվանելը խոսում է նրանց նկատմամբ վերաբերմունքի մասին։

«Եթե մարդիկ գնացել են, փող են բաժանել, այդ եղանակով են մեծամասամբ իրենց քվեները ստացել, էլ ինչպե՞ս պետք է խոսի ինքն իր ընտրողների մասին»,-ասաց Հովհաննիսյանը։

ՔՊ խմբակցության քարտուղարի պնդմամբ՝ ընդդիմադիր ուժերի օրակարգը Հայաստանի քաղաքացիներին չի կարող համախմբել փողոցային պայքարի շուրջ։

«Ինչի՞ կողքը պետք է կանգնի մարդը։ Հայաստանի Հանրապետությունը պատերազմի մեջ ներքաշելու օրակարգի կողքը պիտի կանգնե՞ն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Կարծում եմ, որ նրանք որևէ ներուժ չունեն, բովանդակության մասին խոսել չենք կարող»,-նշեց Հովհաննիսյանը։

Նա նաև հայտարարեց, որ ընդդիմադիր ուժերը վաղուց են միասին գործում։

«Պարզից էլ պարզ է, թե մենք ում հետ գործ ունենք։ Ջախջախվել է պատերազմի եռագլուխ ընդդիմությունը և ջախջախվելու է առաջիկա խորհրդարանում»,-ասաց Հովհաննիսյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում