Իրան

Փեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործում

2 րոպեի ընթերցում

Փեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործում

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույց է ունեցել Կատարի էմիր Թամիմ բին Համադ ալ-Թանիի հետ, որի ժամանակ բարձր է գնահատել Դոհայի կառուցողական դերը պատերազմի դադարեցման վերաբերյալ համաձայնագիր կնքելու դիվանագիտական ​​գործընթացներին աջակցելու հարցում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է իրանական IRNA լրատվական գործակալությունը։

 «Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ ընդգծել է իսլամական երկրների հետ եղբայրական հարաբերությունների զարգացման և մուսուլման ազգերի միջև քաղաքական, տնտեսական և մշակութային կապերի ամրապնդման կարևորությունը, և հավատում է, որ իսլամական երկրների միջև համագործակցությունն ու փոխադարձ աջակցությունը կարող են հիմք հանդիսանալ տարածաշրջանում կայունության, անվտանգության և կայուն առաջընթացի համար»,- նշել է Փեզեշքիանը։

Նա բարձր է գնահատել բարեկամական և եղբայրական երկրների դերը համաձայնագրի կնքման գործում։

 «Առանց Կատարի, Պակիստանի և այլ իսլամական երկրների աջակցության և բարեգործական ջանքերի դժվար կլիներ ապահովել այս համաձայնագրի իրականացման համար անհրաժեշտ պայմանները: Անկասկած, երկխոսության և համագործակցության վրա հիմնված այս մոտեցման շարունակությունը կարող է հանգեցնել տարածաշրջանում երկարատև խաղաղության և անդորրի հաստատման»,- ընդգծել է նա:

ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագիրը ստորագրվել է հունիսի 18-ի գիշերը։ Փաստաթղթի համաձայն՝ կողմերը դադարեցնում են ռազմական գործողությունները բոլոր ճակատներում և բացում Հորմուզի նեղուցը։ Նաև 60 օրվա ընթացքում երկու երկրները պետք է համաձայնեցնեն վերջնական համաձայնագիրը, որը թույլ կտա լուծել առավել հրատապ հարցերը։ Դրանցից գլխավորը համարվում է Իրանի միջուկային ծրագրի հարցը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում