Բարեփոխված նոր կարգավորումներն առավել ընդլայնել և հստակեցրել են սպառողների իրավունքների պաշտպանության գործընթացը

5 րոպեի ընթերցում

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովում նախաձեռնվեց քննարկում, որի ընթացքում տնտեսավարողներին ներկայացվեցին սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված նոր օրենսդրական կարգավորումները, որոնք ուժի մեջ են մտնում 2026 թվականի հուլիսի 1-ից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը նշեց, որ նման քննարկման նպատակն է ավելի սահուն և կազմակերպչական ճիշտ նախադրյալների վրա դնել օրենսդրական փոփոխությունները, որպեսզի շահառուները գործ ունենան ոչ թե խախտումների, այլ սպառողների շահերը հարգող, ազնիվ մրցակցային գործելակերպի հետ։

«Հանձնաժողովի գործունեությունը ոչ միայն ուղղված է մրցակցության, այլև սպառողների շահերի պաշտպանությանը, հետևաբար հանձնաժողովն այսուհետ հանդես է գալու որպես սպառողների շահերը պաշտպանող ՀՀ կենտրոնական մարմին։ Բարեփոխումները փուլային էին և բխում էին ՀՀ-ի ու ԵՄ-ի միջև կնքված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից», որտեղ առանձին բաժին նվիրված է սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված օրենսդրության բարեփոխմանը՝ այն համապատասխանեցնելով եվրոպական լավագույն փորձին»,- ասաց Մարկոսյանը։

Նրա տեղեկացմամբ՝ 2025 թվականին ընդունված բարեփոխումների փաթեթն առաջին փուլն էր, հանձնաժողովն իրացրել է նաև երկրորդ փուլի բարեփոխումները, որոնք ընդգրկում են մի քանի ուղղություններ։

«Քանի որ բարեփոխումները բավականին ծավալուն են, մենք որոշել ենք մինչև հուլիսի 1-ը ևս երկու հաջորդական քննարկում անցկացնել։ Այսօր կանդրադառնանք ուղղություններից մեկին, իսկ մյուսների վերաբերյալ հանձնաժողովը հանդես կգա հավելյալ հայտարարությամբ»,- ասաց Մարկոսյանը։

Էկոնոմիկայի փոխնախարար Լիլյա Սիրականյանն իր հերթին նշեց, որ սպառողների շահերի պաշտպանության գործում գրանցվել է զգալի առաջընթաց։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տվյալ հանձնաժողովի հետ սերտ համագործակցությամբ ակտիվորեն իրականացնում է քաղաքականության մշակման աշխատանքներ։

«Բարեփոխումների փաթեթի մի մասն ընդունվեց նախորդ տարի և արդեն ուժի մեջ է, իսկ այս տարվա ապրիլի 16-ին ընդունվեցին նոր կարգավորումներ, որոնց շնորհիվ առավել ընդլայնվեցին և հստակեցվեցին սպառողների իրավունքների պաշտպանության գործիքակազմի երաշխիքները։ Այս իրավական փոփոխությունների առանցքային հարցը սպառողների իրավունքների պաշտպանության մոտեցումներն են՝ ԵՄ չափանիշներին համապատասխան, որովհետև մենք մոտարկեցինք ԵՄ դիրեկտիվներ, ինչը նշանակում է, որ պաշտպանության բարձր մակարդակի երաշխավորում է նախատեսվում»,- ասաց Սիրականյանը։

Նա հավելեց, որ քաղաքականության կիրառման աշխատանքները ոչ պակաս կարևոր են, որովհետև միայն այդ դեպքում է հնարավոր վերհանել ի հայտ եկող խնդիրներն ու խոչընդոտները, ավելի խիստ լինել մոտեցումներում։

«Այս հանդիպումը ոչ միայն տեղեկատվության փոխանցման նախապատրաստական հարթակ է, այլև կարևոր է, որպեսզի սպառողներից նույնպես լսենք բոլոր հնարավոր խնդիրները, որոնց բախվում են առօրյայում։ Կառավարությունը բաց է բոլոր տեսակի առաջարկները լսելու և քննարկումներ կազմակերպելու համար։ Մեր նպատակը քաղաքականությունների բարելավումն է, որպեսզի և՛ տնտեսվարողների, և՛ սպառողների իրավունքները լինեն ապահովված ու պաշտպանված»,- ասաց Սիրականյանը։

Նրա տեղեկացմամբ՝ այս տարվա ապրիլի 16-ին ԱԺ-ի կողմից ընդունված բարեփոխումների փաթեթը ներառում է չորս դիրեկտիվի մոտարկում։ Ընդունված փոփոխությունների արդյունքում՝ սպառողների հետ կնքվող պայմանագրերում բացառվել են անարդար պայմանները, ներդրվել են հեռակա և ձեռնարկության շենքից դուրս գտնվող պայմանագրերի կարգավորումներ, սահմանվել են մոլորության մեջ գցող և համեմատություններ պարունակող գովազդների վերաբերյալ առավել հստակ կանոններ։

Միաժամանակ օրենքով ամրագրվել են ապրանքների, այդ թվում՝ թվային տարրերով ապրանքների և դրանց հետ կապված թվային ծառայություններին ներկայացվող պահանջները, ինչպես նաև սպառողների իրավական պաշտպանության արդյունավետ միջոցները՝ դրանց անհամապատասխանության դեպքում։

Հայերեն

Վարչապետը ծանոթացել է COP17–ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարը կոչ է արել արդիականացնել ՄԱԿ-ը և այն ավելի արդյունավետ դարձնել

Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին

Իդրամը և Glovo-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին Բարսելոնայում

Հունիսի 19-ի միջոցառումների անոնս

Պուտինը ողջունել է ԱՄՆ-Իրան համաձայնագիրը

ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը դպրոցների ենթակայության փոփոխության հարցերը քննարկել է մարզպետարանների ներկայացուցիչների հետ

Պուտինն արդյունավետ է գնահատել Ռուսաստան-ԱՍԵԱՆ գագաթնաժողովը

Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը դուրս է եկել Եվրոպայի գավաթի կիսաեզրափակիչ