Կառավարությունը զբաղվածության նոր ծրագիր կներդնի հաշմանդամություն ունեցող անձանց և 63-ից բարձր տարիք ունեցողների համար

3 րոպեի ընթերցում

Կառավարությունը հավանության արժանացրեց հաշմանդամություն ունեցող և 63-ից բարձր տարիք ունեցող անձանց զբաղվածության նոր ծրագրի ներդրմանը, որի մեկնարկը կտրվի 2027 թվականի հունվարի 1-ից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագծի զեկուցող, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը Կառավարության հունիսի 18-ի նիստում նշեց, որ առաջարկվում է 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձանց և 63-ից բարձր տարիք ունեցող անձանց զբաղվածության համար նոր ծրագիր։

«Նպատակն է մեծացնել այդ անձանց հնարավորությունները, մրցունակությունը աշխատաշուկայում և նրանց համար կայուն զբաղվածություն ապահովել։ Ծրագրի իրականացումը կնպաստի այդ անձանց ակտիվ ներգրավվածությանը հասարակական և տնտեսական կյանքում՝ ապահովելով արժանապատիվ ինքնաիրացում, լրացուցիչ եկամուտների ձևավորում և սոցիալական ակտիվության բարձրացում»,-պարզաբանեց Թորոսյանը։

Նախարարի խոսքով՝ ծրագրի անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ 63-ից բարձր տարիքի բազմաթիվ քաղաքացիներ, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող բազմաթիվ քաղաքացիներ շարունակում են ունենալ մասնագիտական բարձր ներուժ և հասարակության համար օգտակար գործունեություն իրականացնելու ցանկություն, սակայն ոչ միշտ է հաջողվում իրականացնել դա։

«Առաջարկում ենք աջակցություն տրամադրել այն գործատուներին՝ բացառությամբ հանրային ծառայություններ իրականացնողներին, որոնք առնվազն 3-6 ամիս ժամկետով աշխատանքային պայմանագրեր կկնքեն 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց կամ 63-ից բարձր տարիք ունեցող անձանց հետ, այդ թվում՝ կարող են կնքվել 1 կամ կես դրույքով»,-պարզաբանեց Արսեն Թորոսյանը։

Նախարարը նշեց, որ, մասնավորապես, առաջարկվում է առաջին երեք ամիսների համար եկամտային հարկի փոխհատուցում՝ 50 տոկոսի չափով՝ ոչ ավել, քան 25 հազար դրամը, 4-6 ամիսների համար՝ 100 տոկոսի չափով՝ ոչ ավել, քան 50 հազար դրամը։

«Առաջարկում ենք ծրագիրը սկսել 2027 թվականի հունվարի 1-ից, քանի որ դեռևս որոշակի նախապատրաստական աշխատանքներ պետք է իրականացվեն, մասնավորապես թվային համակարգում»,-պարզաբանեց Թորոսյանը՝ հավելելով, որ եթե ծրագիրը հաջող ընթացք ունենա, ապա կկիրառվի նաև այլ խմբերի քաղաքացիների համար։  

Հայերեն