Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի և ամուսնու բացառիկ սեփականության իրավունքի ինստիտուտները
4 րոպեի ընթերցում
Քաղաքացիական օրենսդրությունում առաջարկվում է ներառել երկու նոր ինստիտուտ՝ հետադարձ հիփոթեքը և ամուսնու բացառիկ սեփականության իրավունքը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի հունիսի 18-ի նիստում առաջին ընթերցմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում և կից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը ներկայացրել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանը։
Նրա խոսքով՝ հետադարձ հիփոթեքը վարկային պայմանագրի նոր տեսակ է, որը կամրագրվի Քաղաքացիական օրենսգրքում։
Նոր կարգավորմամբ՝ կենսաթոշակային տարիքի հասած և սեփականության իրավունքով բնակելի նշանակության գույք ունեցող քաղաքացին հնարավորություն կունենա բանկի, վարկային կազմակերպության կամ երրորդ կողմի հետ կնքել պայմանագիր։ Այդ պայմանագրի շրջանակում քաղաքացին կգրավադրի իրեն պատկանող գույքը և դրա գնահատված շուկայական արժեքի դիմաց ամեն ամիս կստանա պարբերական վճարումներ։
«Քաղաքացին իր կենդանության օրոք բանկին վճարումներ կատարելու որևէ պարտավորություն չի ունենա։ Պայմանագրային հարաբերությունները կդադարեն այն դեպքում, երբ անձը կմահանա»,-պարզաբանել է Ղազարյանը։
Նրա ներկայացմամբ՝ քաղաքացու մահից հետո իրավահաջորդները վեցամսյա ժամկետում հնարավորություն կունենան դիմել բանկին և մարել իրավանախորդի ստանձնած պարտավորությունները։ Եթե նման ցանկություն չլինի, գույքի սեփականության իրավունքը կփոխանցվի բանկին, վարկային կազմակերպությանը կամ պայմանագրով նախատեսված այլ սուբյեկտի։
Նախագծով առաջարկվում է ներդնել նաև ամուսնու բացառիկ սեփականության իրավունքի ինստիտուտը։
Գործող կարգավորմամբ՝ ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքը համարվում է ամուսինների ընդհանուր համատեղ սեփականություն։ Ամուսիններից մեկի մահից հետո գույքի կեսը պատկանում է ողջ մնացած ամուսնուն, իսկ մյուս կեսը ներառվում է ժառանգական զանգվածում և բաշխվում օրենքով սահմանված ժառանգների միջև։
Առաջարկվող կարգավորմամբ՝ ամուսինները փոխադարձ համաձայնությամբ հնարավորություն կունենան գույքին տալ հատուկ կարգավիճակ, որը Կադաստրի կոմիտեում կգրանցվի որպես ամուսնու բացառիկ սեփականության իրավունք։
«Մեկ ամուսնու մահից հետո ողջ մնացած ամուսինը հնարավորություն կունենա ամբողջությամբ դառնալու գույքի միանձնյա սեփականատերը։ Գույքը ժառանգական զանգվածի մեջ կներառվի միայն երկու ամուսինների մահից հետո»,-ներկայացրել է Ղազարյանը։
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը նախագծի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն։ Հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը, ներկայացնելով եզրակացությունը, անդրադարձել է հատկապես հետադարձ հիփոթեքի կարգավորման հնարավոր ռիսկերին։
Նա նշել է, որ հանձնաժողովում առաջարկվել է ստեղծել հարթակ, որտեղ քաղաքացիները կներկայացնեն իրենց առաջարկները։ Վարդանյանի խոսքով՝ դա կարող է խթանել բանկերի միջև մրցակցությունը, որի արդյունքում քաղաքացիներին ավելի լավ պայմաններ կառաջարկվեն։
Պատգամավոր Բաբկեն Թունյանը ևս կարևորել է նախաձեռնությունը՝ ընդգծելով, որ կենսաթոշակառուների շահերը պաշտպանելու համար պետք է գործեն հստակ պաշտպանական մեխանիզմներ։