Հայաստան

Հայաստանի ԿԸՀ նախագահը հերքել է ընտրությունների արդյունքների հաշվարկը կանգնեցնելու մասին պնդումները

2 րոպեի ընթերցում

Հայաստանի ԿԸՀ նախագահը հերքել է ընտրությունների արդյունքների հաշվարկը կանգնեցնելու մասին պնդումները

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հերքեց 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքների հաշվարկը կանգնեցնելու մասին պնդումները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հովակիմյանն այս մասին հայտարարեց Ազգային ժողովում ունեցած եզրափակիչ ելույթում՝ արձագանքելով պատգամավորների բարձրացրած հարցերին։

«Ասվեց, որ կանգնեցրել են հաշվարկը։ Չգիտեմ՝ որերորդ անգամն եմ կրկնում՝ նման բան չի եղել։ Միակ տարբերակը, երբ մարդու մոտ կարող էր տպավորություն ստեղծվել, թե հաշվարկը կանգնել է, այն էր, որ համակարգչում էջը չթարմացվեր։ Մեր կայքն անընդհատ թարմացվում էր։ Եթե թարմացում չարվեր, էկրանին կմնար այն հին թիվը, որը մարդը տեսել էր վերջին անգամ»,- ասաց Հովակիմյանը։

ԿԸՀ նախագահն ընդգծեց, որ ընտրությունների արդյունքների իրավական վիճարկման գործընթացն ավարտվել է, սակայն ընտրական գործընթացում արձանագրված խնդիրների ու օրենսդրական բացերի շուրջ քննարկումները պետք է շարունակվեն։

«Դուք յուրաքանչյուրդ՝ ձեր քաղաքական հայացքներին համապատասխան, փորձում եք վիճարկել ընտրությունները։ Եվս մեկ անգամ բոլորիդ հիշեցնում եմ, որ իրավական վիճարկումն ավարտվել է։ Խնդիրների մասին եկեք քննարկենք»,- նշեց նա։

Անդրադառնալով ընտրական գործընթացում արձանագրված առանձին միջադեպերին՝ Հովակիմյանը նշեց, որ ԿԸՀ-ն չի անտեսել բարձրացված որևէ խնդիր։

«Շուրջ 42 հազար դերակատար ունեցող գործընթացի դեպքում հնարավոր չէ բացառել բոլոր թերությունները։ Ես նշել եմ, որ թերություններ եղել են, սակայն բոլորի հետևից գնացել ենք և արագ ու օպերատիվ լուծումներ տվել։ Չկա որևէ դեպք, որը մնացել է չլուծված»,- եզրափակեց ԿԸՀ նախագահը։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում