Իրան

Թեհրանը վճար կգանձի Հորմուզի նեղուցով անցնելու համար. Ղալիբաֆ

2 րոպեի ընթերցում

Թեհրանը վճար կգանձի Հորմուզի նեղուցով անցնելու համար. Ղալիբաֆ

Հորմուզի նեղուցով անցնելու համար տուրքերի վճարումը պաշտոնապես ամրագրվել է Վաշինգտոնի և Թեհրանի միջև կնքված փոխըմբռնման հուշագրում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը պետական հեռուստատեսությամբ հեռարձակված հարցազրույցում։

«Հորմուզի նեղուցով անցման համար ծառայության տուրքերի վճարումը պաշտոնապես ամրագրվել է փոխըմբռնման հուշագրում», - ասել է նա՝ հավելելով, որ Հորմուզի նեղուցը չի վերադառնա մինչպատերազմյան վիճակին։

Ենթադրվում է, որ Իրանը կսկսի նավերից վճար գանձել նեղուցով անցման համար ԱՄՆ-ի հետ բանակցությունների 60 օրվա ժամանակահատվածի ավարտից հետո։

Ղալիբաֆը նաև նշել է, որ Լիբանանը բանակցությունների գլխավոր թեմաներից մեկն է։

«Մենք միջնորդին ասել ենք, որ Լիբանանի և արգելափակված/սառեցված միջոցների վերաբերյալ հարցը բանակցությունների հիմնական թեմաներից են», - նշել է նա։

Ըստ հուշագրի, որի մասին հաղորդել էր BBC-ն, 60 օրվա ընթացքում ջրային ուղով անցնող նավերից ոչ մի գումար չի գանձվի։ Սակայն հուշագիրը հնարավորություն է թողնում հետագա գանձումների համար։ Հիշեցնենք՝ հակամարտությունից առաջ ոչ մի տուրք չէր գանձվում նեղուցով նավագնացության համար։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ստորագրել են պատերազմի ավարտին ուղղված նախնական փաստաթուղթը, որն անմիջապես ուժի մեջ է մտել։

Փոխըմբռնման հուշագրով նախատեսվում է ռազմական գործողությունների անհապաղ և մշտական դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, Հորմուզի նեղուցի վերաբացում, Իրանի վերակառուցման 300 միլիարդ դոլարի ծրագիր և Իրանի դեմ ամերիկյան բոլոր պատժամիջոցների վերացում։ Իրանի միջուկային ծրագրի հարցը պետք է քննարկվի հուշագրի ստորագրմանը հաջորդող 60 օրվա բանակցությունների ընթացքում։ Բացի այդ, հուշագրով նախատեսվում է, որ Իրանի հարստացված ուրանը պետք է նոսրացվի տեղում՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հովանու ներքո։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում