Թրամփը հայտնել է Հորմուզի նեղուցի մասնակի բացման մասին, սպառնացել է Իրանին նոր հարվածներով
2 րոպեի ընթերցում

Հորմուզի նեղուցն արդեն մասնակիորեն բաց է նավերի համար, իսկ առաջիկա օրերին ամբողջովին կբացվի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ֆրանսիայում անցկացվող G7-ի գագաթնաժողովի շրջանակում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ Սիսիի հետ հանդիպման ժամանակ։ Հանդիպման տեսանյութը տարածել է Սպիտակ տունը։
«Նեղուցն արդեն մասնակիորեն բաց է։ Շուտով, մեկ-երկու օր անց այն ամբողջովին կբացվի», - ասել է Թրամփը՝ շեշտելով, որ նավթի գինը զգալիորեն նվազել է, և մոտենում է մինչև ճգնաժամը գոյություն ունեցող գներին։
Նա նաև նշել է, որ Իրանի հետ առաջարկվող համաձայնագիրը վերջնական չէ, և եթե ինքը դժգոհ լինի փոխըմբռնման հուշագրի դրույթներից, ապա պատրաստ է վերսկսել հարվածներն այդ երկրի դեմ:
«Սա փոխըմբռնման հուշագիր է։ Եթե այն ինձ դուր չգա, մենք կվերադառնանք հարվածներին, ռումբեր կնետենք նրանց գլխին։ Եթե նրանք իրենց լավ չպահեն, մենք կվերադառնանք ուղիղ նրանց գլխի վրա ռումբեր նետելուն։ Նրանք 47 տարի իրենց վատ են պահել», - ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը կրկնել է, որ երկիրը ներդրումներ չի կատարում Իրանում։ Ավելի վաղ հրապարակումներ էին տարածվել, որ ԱՄՆ-ն պատրաստ է թույլ տալ, որ Իրանի համար ներդրումային հիմնադրամ բացվի՝ վերջնական լուծմանը Թեհրանի համաձայնության դիմաց։
Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները մտադիր են փոխըմբռնման հուշագիր ստորագրել հունիսի 19-ին, Շվեյցարիայում։ Այնուհետև 60 օրվա ընթացքում կողմերը կբանակցեն վերջնական համաձայնագրի շուրջ։