6 (10) կիլովատ լարման շահառուները հետայսու կարող են ՀԷՑ-ի բաժանորդ դառնալ մասնագիտացված ընկերությունների միջոցով
5 րոպեի ընթերցում
Կայացավ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված էր հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 523 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը։
Խոսքը վերաբերում է ՀՀ էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոններում կատարված փոփոխություններին և լրացումներին։
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀԾԿՀ անդամ Սերգեյ Աղինյանը նշեց, որ որոշման ուժի մեջ մտնելուց հետո 6 (10) կիլովատ լարման շահառուները և բազմաբնակարան շենքերի կառուցապատողները էլեկտրական ցանցին միացման ենթակառուցվածքների կառուցման հետ կապված բոլոր ծախսերը կիրականացնեն իրենց միջոցներով։
«Գործող կարգավորումներով դրանք ամբողջությամբ իրականացնում էր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն (ՀԷՑ)՝ գանձելով միացման վճարներ։ Որոշ դեպքերում միացման վճարների հետ կապված առաջանում էին խնդիրներ, քանի որ դրանք միջինացված մեծություններ են և որոշ բաժանորդների դեպքում կարող են լինել ավելի ցածր, փաստացի աշխատանքների գինը նույնպես կարող էր ավելի ցածր լինել, հետևաբար գործարարների և բազմաբնակարան շենքերի կառուցապատողների մոտ պարբերաբար առաջանում էին բողոքներ։ Մյուս խնդիրն առնչվում էր ժամկետներին։ Այս պահին հաշվի առնելով դիմումների մեծ քանակը՝ մենք բավականին երկար ժամկետներ ենք սահմանել միացումների համար»,- ասաց Աղինյանը։
Նա հավելեց, որ սույն որոշմամբ՝ ՀԷՑ-ն ու կառուցապատողներն իրենք արդեն կգնահատեն ռիսկերն ու առաջնահերթությունները՝ ինչպես ծախսերի, այնպես էլ աշխատանքների իրականացման առումով, ինչի արդյունքում կունենան իրենց ցանցը կառուցելու ավելի կանխատեսելի հնարավորություններ։
«Երկու դեպքում էլ և՛ խոշոր սպառողները, և՛ բազմաբնակարան շենքերի կառուցապատողներն ունեն այդ ներուժը, քանի որ արդեն խոսքը լուրջ ծավալների մասին է, հետևաբար նրանք ի զորու են կառուցել նաև էլեկտրական տնտեսությունը, որը հետագայում կհանձնվի ՀԷՑ-ին՝ շահագործման նպատակով։ Այդ համագործակցությունը նույնպես սահմանվում է այս որոշմամբ, այսինքն՝ ինչպես պետք է համագործակցեն և ինչպես պետք է իրականացվեն համաձայնությունները, որպեսզի բազմաբնակարան շենքերի բաժանորդները հետագայում շարունակեն լինել ՀԷՑ-ի բաժանորդ և խնդիրների դեպքում դիմեն ՀԷՑ-ին»,- ասաց Աղինյանը։
ՀԾԿՀ անդամի տեղեկացմամբ՝ հաշվի են առնվել կառուցապատողների և խոշոր սպառողների բոլոր դիմումները։ Հենց ՀԷՑ-ի առաջարկն է եղել, որպեսզի հնարավորության դեպքում էլեկտրաէներգետիկական ցանցի բաշխման գործընթացն ազատականացվի։
Նիստի ընթացքում ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը հավելեց, որ հետայսու 6 (10) կիլովատ լարման սպառողներին տրվելու է սեփական նախաձեռնությամբ մրցույթ հայտարարելու և մասնագիտացված ընկերություններին պատվիրակելու հնարավորություն, որպեսզի վերջիններիս միջոցով դառնան ՀԷՑ-ի բաժանորդ, այսինքն՝ միացման գործընթացն իրականացվի մասնագիտացված ընկերությունների միջոցով։
Նիստին մասնակցող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ էկոնոմիկայի և ֆինանսների տնօրեն Արմեն Շահնազարյանը նշեց, որ հանձնաժողովն ու իրենց ներկայացուցիչները համատեղ իրականացրել են բավականին ծավալուն աշխատանք։ Նա ՀԾԿՀ-ին շնորհակալություն հայտնեց բոլոր շահառուների հետաքրքրություններից ու շահերից բխող նմանօրինակ որոշում նախապատրաստելու համար և պատրաստակամություն հայտնեց հետագայում նույնպես սերտորեն համագործակցել նմանատիպ որոշումների մշակման և հետագա հաստատման համար։
Քննարկումից հետո ՀԾԿՀ-ն միաձայն ընդունեց ՀՀ էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոններում կատարված փոփոխություններին և լրացումներին առնչվող որոշման նախագիծը։
ՀՀ էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոններում կատարված փոփոխություններին և լրացումներին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։