5 րոպեի ընթերցում
ԱՄՆ պետքարտուղարության «Սպորտային բանագնացներ» ծրագրի շրջանակում Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոուզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հունիսի 16-ին Գյումրիում՝ Շիրակի պետական համալսարանի մարզադահլիճում, նրանք հանդիպեցին «Բանակի կենտրոնական մարզական ակումբ» (ԲԿՄԱ)-Գյումրու անվասայլակով բասկետբոլի թիմի անդամներին։ Պարալիմպիկ խաղերի քառակի մասնակից և բազմակի մեդալակիր Ռոուզ Հոլերմանը, ինչպես նաև պարալիմպիկ խաղերի հնգակի մասնակից, ԱՄՆ հավաքականի կազմում երեք ոսկե և մեկ բրոնզե մեդալ նվաճած Սթիվ Սերիոն մարզումներ, վարպետության դաս և աշխատարան անցկացրին Գյումրիում։ Նմանատիպ հանդիպումներ նախատեսված են նաև Երևանում։
«Սպորտային բանագնացներ» ծրագրի նպատակն է ամերիկացի մարզիկների ու մարզիչների միջոցով նպաստել հայ-ամերիկյան փոխգործակցության խորացմանը, երիտասարդների համար նոր հնարավորությունների ստեղծմանը և ժողովուրդների միջև կապերի ամրապնդմանը։
ԲԿՄԱ-Գյումրու թիմը ձևավորվել է 2021 թվականին։ «Թիմի անդամների մեծ մասը Արցախյան պատերազմների ընթացքում վիրավորում ստացած զինծառայողներ են։ Ներկայումս թիմն ունի ինն անդամ։ Ամենամեծ խնդիրը թիմի անդամների համար տանից դուրս գալու ու սպորտաձևերում ներգրավվելու բարդույթը հաղթահարելն էր: Այդ բարդույթը հատկապես մեծ է Հայաստանում ու հատկապես մարզերում»,- վստահեցնում են գյումրեցի մարզիկները:
Թիմի հիմնադիր Գևորգ Կարապետյանի խոսքով՝ անվասայլակով բասկետբոլը մարզիկների համար ոչ միայն սպորտ է, այլև հասարակական կյանքում ակտիվ ներգրավվելու հնարավորություն։
«Մեր հիմնական նպատակն այն է, որ հաշմանդամություն ունեցող անձը դուրս գա տանից, մարզվի և ակտիվ կյանքով ապրի։ Դժվարությունները շատ են՝ թե՛ տեղաշարժման, թե՛ հատուկ մարզական անվասայլակների սպասարկման առումով, սակայն յուրաքանչյուր հաջողությունից հետո ավելի շատ երիտասարդներ են հետաքրքրվում այս մարզաձևով»,- նշեց Գևորգ Կարապետյանը:
«Սպորտը մարդկանց միավորելու, խոչընդոտները հաղթահարելու և երիտասարդներին ոգեշնչելու եզակի ուժ ունի։ Սթիվն ու Ռոզը լավագույնս ներկայացնում են ամերիկյան ոգին, տոկունությունն ու գերազանցությունը։ Հպարտ ենք նրանց հյուրընկալել Հայաստանում»,-նշեց ԱՄՆ դեսպանատան մշակութային կցորդ Նեյթան Օսթինը։
Պարալիմպիկ խաղերի քառակի մասնակից և բազմակի մեդալակիր Ռոուզ Հոլերմանը որպես պրոֆեսիոնալ խաղացող նա ներկայումս հանդես է գալիս Եվրոպայում և ԱՄՆ կանանց հավաքականի ամենաերիտասարդ անդամներից մեկը՝ ընդգրկվելով թիմին ընդամենը 15 տարեկան հասակում: Նրա վստահեցմամբ՝ անվասայլակով բասկետբոլը հնարավորություն է տալիս ձեռք բերել ինքնավստահություն և վարել անկախ կյանք։ Իսկ Սթիվ Սերիոն երիտասարդներին խորհուրդ է տալիս չվախենալ դժվարություններից և հետևել իրենց երազանքներին։
«Հաշմանդամություն ունենալու պարագայում սպորտը հնարավորություն է տալիս աշխարհին ցույց տալ այն, ինչ կարող ես անել։ Թիմային սպորտը օգնում է հաղթահարել բոլոր վախերն ու անհաջողությունները»,-նշել է Սթիվ Սերիոն։
Ռոուզ Հոլերմանի խոսքով՝ «Սպորտային բանագնացներ» ծրագիրը ոչ միայն հնարավորություն է տարբեր երկրներում կիսվելու սեփական փորձով, այլև սովորելու ընդունող երկրի մարդկանցից։ «Հայ ժողովրդի պատմությունից ու տոկունությունից ստացած դասերն անպայման ինձ հետ կտանեմ»,-հավելեց նա։
ԱՄՆ պետքարտուղարության «Սպորտային բանագնացներ» ծրագրով ամերիկացի մարզիկներն ու մարզիչներն այցելում են տարբեր երկրներ՝ որպես մշակութային դեսպաններ նպաստելով փոխըմբռնման խորացմանը, երկկողմ կապերի ամրապնդմանը և համայնքների զարգացմանը։
Ծրագրի շրջանակում հունիսի 17-ին Երևանի Ազատության հրապարակում կկայանա անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղ, որը բաց կլինի հանրության համար։
ԱՄՆ դեսպանատնից տեղեկացնում են, որ Ռոուզ Հոլերմանի և Սթիվ Սերիոյի այցը Հայաստանում կազմակերպվել է հունիսի 15-17-ը՝ ԱՄՆ պետքարտուղարության կրթական և մշակութային գործերի բյուրոյի «Սպորտային բանագնացներ» ծրագրի շրջանակում։ Նախաձեռնությունը ներառված է նաև ԱՄՆ անկախության 250-ամյակին նվիրված «Ազատություն 250» ծրագրերի շարքում։ Ծրագիրն իրականացվում է Հայաստանի անվասայլակով բասկետբոլի ֆեդերացիայի, Երևանի քաղաքապետարանի, «Այբ» դպրոցի, Շենգավիթի մանկապատանեկան մարզադպրոցի և Շիրակի պետական համալսարանի համագործակցությամբ։