Նոր Նորքում շահագործման կհանձնվի հիմնանորոգված և ընդլայնված թիվ 105 մանկապարտեզը
2 րոպեի ընթերցում

Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հունիսի 16-ին շահագործման կհանձնվի թիվ 105 մանկապարտեզը, որը 1971 թվականից ի վեր առաջին անգամ ենթարկվել է համապարփակ հիմնանորոգման։ Իրականացված աշխատանքների արդյունքում 4 խմբանի մանկապարտեզը դարձել է 8 խմբանի՝ էապես ընդլայնելով նախադպրոցական կրթության հասանելիությունը վարչական շրջանում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեսանյութ է հրապարակել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Քաղաքապետի տեղեկացմամբ՝ ժամը 16:00-ին տեղի կունենա հիմնանորոգված մանկապարտեզի վերաբացման արարողությունը։ Իրականացված ծրագրի շրջանակում ամբողջությամբ բարեկարգվել և արդիականացվել են հաստատության պայմանները՝ ստեղծելով երեխաների կրթության և զարգացման համար առավել հարմարավետ ու անվտանգ միջավայր։
«Առաջին հերթին շնորհավորում եմ մանկապարտեզի երեխաներին, ծնողներին և աշխատակազմին վերաբացման կապակցությամբ։ 1971 թվականից ի վեր առաջին անգամ հիմնանորոգված թիվ 105 մանկապարտեզն այսուհետ կգործի արդեն 8 խմբով՝ նախկին 4-ի փոխարեն»,- նշել է Ավինյանը՝ հայտնելով, որ ինքը կմասնակցի մանկապարտեզի վերաբացման արարողությանը։
Նրա խոսքով՝ օրվա ծրագրի շրջանակում ժամը 17:00-ին նախատեսված է նաև իր այցը Նոր Նորքի Մինսկի փողոցի 28 և 29 շենքերի բակային տարածք։
«Սա այն հանդիպումներից է, որը խոստացել էի այդ շենքերի բնակիչներին քարոզարշավի ընթացքում։ Հուսով եմ՝ կհանդիպենք Նոր Նորքում»,- ասել է Երևանի քաղաքապետը։