Տզի խայթոցից առաջացող Լայմի հիվանդության ռիսկը Հայաստանում բարձր է. մասնագետը ներկայացնում է կանխարգելման միջոցները
4 րոպեի ընթերցում
Քաղաքից դուրս հանգիստը կազմակերպելու, պիկնիկների և արշավների սեզոնն արդեն մեկնարկել է, սակայն չպետք է մոռանալ, որ գարնանը ակտիվանում են նաև մի շարք միջատներ, այդ թվում՝ տիզերը, որոնց խայթոցը կարող է լուրջ առողջական խնդիրներ առաջացնել։ Դրանցից ամենահաճախ հանդիպողը Լայմի հիվանդությունն է։
Այն բորելիա բակտերիաներով հարուցվող վարակիչ հիվանդություն է, որը փոխանցվում է տզի խայթոցի միջոցով։ Որքան երկար է տիզն ամրացած մնում մարդու մաշկին, այնքան մեծանում է հիվանդության փոխանցման հավանականությունը։
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»-ի բժիշկ-վարակաբան Դիաննա Սուքիասյանը նշեց, որ վարակի ամենահաճախ հանդիպող ախտանշանը մաշկի կարմրությունն է, որն աստիճանաբար մեծանում է։
«Այն գնալով մեծանում է, իսկ հիպերեմիկ հատվածը կենտրոնում գունատվում է։ Սովորաբար այն նկատելի է դառնում տզի խայթոցից հետո, սակայն կարող է պատահել, որ հիվանդը բաց թողնի սուր շրջանը և արդեն դիմի ստացիոնար բուժօգնության՝ այլ կլինիկական դրսևորումներով։ Երբ հիվանդությունը շաբաթների ընթացքում տարածվում է, մաշկի վրա կարող են առաջանալ բազմակի օղակաձև կարմրություններ։ Կարող են զարգանալ նաև սրտի և գլխուղեղի թաղանթների բորբոքումներ։ Իսկ եթե հիվանդությունը տարածվում է ավելի դանդաղ՝ ամիսների ընթացքում, այն սովորաբար դրսևորվում է՝ հոդացավերով, հիմնականում ծնկահոդերի ախտահարմամբ, ինչպես նաև տարբեր նյարդաբանական խանգարումներով»,- նշեց Սուքիասյանը։
Մասնագետի խոսքով՝ Լայմի հիվանդության տեսանկյունից Հայաստանը գտնվում է բարձր ռիսկային գոտում։ Հատկապես շատ են գրանցվում տզի խայթոցի դեպքերը Տավուշի և Լոռու մարզերում, որտեղ անտառածածկ տարածքները մեծ են։ Այդ շրջաններ այցելելիս` մասնագետը հորդորում է լինել պատրաստված։
«Նման վայրեր այցելելիս` անհրաժեշտ է կրել երկարաթև հագուստ, տաբատ և երկարաճիտ կոշիկներ։ Մաշկին կարելի է քսել միջատներին վանող միջոցներ, իսկ հագուստը մշակել պերմետրինով, որը կանխում է տզերի ամրացումը հագուստին կամ մաշկին։ Խորհուրդ է տրվում նաև կրել բաց գույնի հագուստ, որպեսզի տիզերն ավելի հեշտ նկատելի լինեն։ Նման տարածքներ այցելելուց հետո անհրաժեշտ է մանրակրկիտ զննել ամբողջ մարմինը՝ տզերի վաղ հայտնաբերման նպատակով։ Եթե նկատել եք, որ տիզն ամրացած է մաշկին, առաջին հերթին պետք է խուճապի չմատնվել, հեռացնել այն կամ դիմել մասնագետի, որպեսզի տիզը ճիշտ կերպով հեռացվի»,- ասաց նա։
Քանի որ Լայմի հիվանդության դեմ դեռևս պատվաստանյութ չկա, մասնագետի խոսքով՝ խիստ կարևոր է ժամանակին ստանալ հետկոնտակտային կանխարգելիչ բուժում՝ հիվանդության հետագա զարգացման և բարդությունների կանխման նպատակով։
«Քանի որ այս շրջանում ակտիվացել են արշավները դեպի լեռներ և անտառածածկ տարածքներ, դիմելիությունը նույնպես բարձրանում է։ Լայմի հիվանդության ուշ կամ ոչ ճիշտ ախտորոշումն ու բուժումը կարող են հանգեցնել բարդությունների, որոնք ազդում են հիվանդի կյանքի որակի վրա»,- ասաց բժիշկ-վարակաբանը։
Ըստ մասնագետի՝ տզերի ակտիվացման շրջանը համընկնում է գարուն-ամառ ժամանակահատվածի հետ, և հենց այս սեզոններին են հիմնականում գրանցվում տզի խայթոցի և Լայմի հիվանդության առաջնային դեպքերը։