Գագիկ Ծառուկյանը հայտարարել է քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաներ սկսելու մասին՝ պաշտպանելու ԲՀԿ-ի ստացած քվեները
4 րոպեի ընթերցում

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու են հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով իրենց ստացած քվեները։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ծառուկյանը հայտարարել է, որ այդ նպատակով միասնական օրակարգ ձևավորելու համար քաղաքական խորհրդակցություններ կսկսեն քաղաքական ուժերի հետ։
Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 11-ին որոշել էր անվավեր ճանաչել թիվ 10/51 և թիվ 35/65 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները։ ԿԸՀ-ի որոշման հետևանքով, ըստ ընդդիմադիր քաղաքական ուժերի գնահատականների, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը շատ մոտ էր խորհրդարան մտնելու անցողիկ շեմը՝ 4 տոկոսը հաղթահարելուն, ինչը կարող էր լուծվել 8 տասնյակից ավելի ընտրական տեղամասերում ընթացող վերահաշվարկի արդյունքում, զրկվում է խորհրդարան անցնելու հնարավորությունից, քանի որ այդ երկու տեղամասերում ԲՀԿ-ի օգտին գրանցվել էր 213 ձայն։ Իսկ ԿԸՀ-ն հենց այդ տեղամասերում արդյունքներն անվավեր ճանաչելու հարցը քննարկել էր «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի դիմումի հիման վրա։ Դանիել Իոաննիսյանն իր հերթին նման դիմում էր ներկայացրել, հաշվի առնելով ընդդիմադիր քաղաքական ուժերի բողոքները, թե «այդ տեղամասերում քվեարկության ժամի ավարտից հետո կազմակերպվել են զինծառայողների ուղղորդված քվեարկություններ»։
Հունիսի 7-ի ընտրությունների նախնական արդյունքներով՝ ԲՀԿ-ն ստացել էր 3,996 տոկոս ձայն, և անցողիկ շեմը հաղթահարելու համար անհրաժեշտ էր 0,004 տոկոս:
Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ այդ 2 ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու որոշումը դիտմամբ է կայացվել, որպեսզի ԲՀԿ-ն չկարողանա հաղթահարել անցողիկ շեմը։
«Երբ այլևս որևէ կասկած չկար, որ ԲՀԿ-ն խորհրդարանում է, իշխանությունը որոշեց գնալ բացահայտ ջարդարարության. ուշ երեկոյան գաղտագողի անցկացվեց ԿԸՀ նիստ, որտեղ չեղարկվեցին երկու տեղամասերում անցկացված ընտրությունները՝ առանց վերաքվեարկություն նշանակելու, ինչպես պահանջում է Ընտրական Օրենսգիրքը։
Ակնհայտ է, որ ընտրությունները չեղարկվել են հենց այն տեղամասերում, որտեղ ԲՀԿ շատ քվե է ստացել։ Միաժամանակ, չեն չեղարկվել այն տեղամասերի արդյունքները, որտեղ ԲՀԿ ձայների զրոյացումը չէր կարող ազդել ընտրությունների ելքի վրա».- հայտարարել է Ծառուկյանը։
Նա վստահեցրել է, որ շարունակելու են օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանել իրենց ստացած վստահության քվեն։
«Սա այժմ արդեն միայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խնդիրը չէ, սա Հայաստանի հետընտրական ամբողջ զարգացումների, մեր բոլորի խնդիրն է։ Մեր թիմն այսօր և առաջիկա օրերին ակտիվորեն աշխատելու է՝ համագործակցելով ընդդիմադիր մեր բոլոր գործընկերների հետ։ Ես շնորհակալություն եմ հայտնում երեկ գիշերվանից մեզ աջակցություն հայտնած բոլոր քաղաքական ուժերին, հանրային գործիչներին, լրատվամիջոցներին»,- հայտարարել է Գագիկ Ծառուկյանը։
Նրա խոսքով՝ ԲՀԿ-ն սկսում է քայլերի շարք, որը միտված է պաշտպանելու արդարությունը և ընտրողի շահերը։
«Մեր իրավաբանական թիմերն աշխատում են բոլոր հնարավոր բողոքարկումների և դատական պրոցեսների ուղղությամբ։ Մենք սկսում ենք քաղաքական կոնսուլտացիաներ քաղաքական ուժերի հետ՝ միասնական օրակարգի և քայլերի մշակման համար»,- եզրափակել է Գագիկ Ծառուկյանը։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Իվետա Տոնոյանն էլ կուսակցության համակիրներին հրավիրել է ժամը 13։00-ին հավաքվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ՝ պաշտպանելու իրենց քվեն։