Գթաշենի ավերակների գեղատեսիլ խաչքարերը

14 րոպեի ընթերցում

Գթաշեն գյուղի ավերակները տարածվում են Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Մաքենիս, Լճավան և Կարճաղբյուր գյուղերի արանքում, Մաքենիսից 4 կիլոմետր դեպի արևմուտք ընկած հատվածում։

Այս գյուղի ոչ միայն անունն է մոռացված շատ վաղուց, այլ նաև տեղանքն է շատերի համար անհայտ, քանի որ տների ավերակները հազիվ են նշմարվում։ Փոխարենը շատ հստակ ու վեհորեն երևում են ավերակ եկեղեցու շուրջ սփռված մի քանի տասնյակի հասնող խաչքար-տապանաքարերը, որոնք հանդիսանում են որպես արվեստի հրաշալի կոթողներ ու պատմամշակութային արժեքներ, հայ ժողովրդի ապրած կյանքի ու պատմության լուռ, սակայն շատ խոսուն վկաներ։

Գթաշենը շատ մոտ է գտնվում Մաքենիսի հռչակավոր վանքին, որը եղել է միջնադարյան Հայաստանի ամենանշանավոր հոգևոր ու կրթական կենտրոններից մեկը։ Այն հեռու չէ նաև մեկ այլ հայտնի հոգևոր կենտրոններից մեկից՝ Մարտունի համայնքի Արծվանիստ գյուղում գտնվող Վանեվան վանական համալիրից։

Դժվար է նաև եզրակացնել, թե որ դարաշրջանից է սկսվել Գթաշենի պատմությունը, քանի որ ողջ տարածքը, բնակիչների կողմից վերջնականորեն լքվելուց հետո, 17-18-րդ դարերի ընթացքում ամբողջովին վերածվել է արտերի ու խոտհարքների։ Այստեղ մինչ օրս չի արվել հնագիտական որևէ ուսումնասիրություն, որով կարող էր հաստատվել այս գյուղի սկզբնավորման հստակ ժամանակագրությունը։

Մի բան է միայն հաստատ, որ Գթաշենը տեղավորված է պատմական այնպիսի տարածքում, ուր անհիշելի ժամանակներից բնակվել են մարդիկ՝ զարգացնելով անասնապահությունը, երկրագործությունը, մետաղամշակումը, արհեստները։

Գթաշենը մոտ է գտնվում նաև Ծովակի Կիկլոպյան հզոր ամրոցին, որտեղ ժամանակին արձանագրություն է թողել Ուրարտուի արքա Սարդուր Երկրորդը։ Այն շատ մոտ է տեղակայված նաև Կարճաղբյուրի «Քարե Դուռ» կիկլոպյան ամրոցին, որը կառուցվել է Ք․Ա․ 2-րդ հազարամյակի վերջում։ Ծովինարի Օձաբերդը ևս, որը կառուցվել կամ վերակառուցվել է Ուրարտուի արքա Ռուսա Առաջինի կողմից, ընդամենը մի քանի կիլոմետր է հեռու տեղակայված Գթաշենից։

Գթաշենի կողքով հոսում է Մաքենիս գետը, իսկ հարավային կողմում տարածվող Վարդենիսի բարձրաբերձ լեռնաշղթայից բխում են հորդահոս, սառնորակ աղբյուրներ, տարածվում են ընդարձակ արոտավայրերն ու խոտհարքները, որոնք չափազանց նպաստավոր են եղել մարդկանց բնակության ու զբաղմունքի համար։   

Այս գյուղի պատմությանն ու պատմամշակութային արժեքներն մանրամասնորեն անդրադարձել է  հայագետ, վիմագրագետ Սեդրակ Բարխուդարյանը «Դիվան հայ վիմագրության» կոթողային աշխատության մեջ։ Դրա համար հիմք են ծառայել միայն հրաշքով պահպանված ու մեզ հասած տապանաքար-խաչքարերը, որոնք արտացոլում են ընդամենը 15-17-րդ դարերի ընթացքը, այստեղ ապրած մարդկանց անունները և թողած արվեստի քանդակներն ու վիմագրերը։ Իսկ թե ինչ հանգամանքներում են հայ բնակիչները լքել գյուղը, որտեղ են հեռացել, այս մասին առայժմ պատմությունը լռում է։

Ամենայն հավանականությամբ, գյուղը լքվել է 18-րդ դարի ընթացքում՝ լեզգիների կողմից Սևանի ավազանում իրականացված մի քանի ավերիչ ասպատակությունների հետևանքով։

Դատելով ավերակների ընդարձակ տարածվածությունից, կարելի է եզրակացնել, որ Գթաշենը ժամանակին եղել է մեծ ու մարդաշատ գյուղ։

«Գթաշեն գյուղի այս ավերակները գտնվում են Մաքենիս գյուղից արևմուտք, 3-4 կիլոմետր հեռու, բայց նրա հանդի մեջ, Կարճաղբյուր գյուղի հանդի սահմանի մոտ, գետակի ձախ ափին։ Տեղացիները կոչում են «Կարմիր խրբէք, որի ավերակների մեծ մասն արդեն մաքրված է և տեղն արտերի վերածված։ Պահպանվել են անտաշ քարերով շինված եկեղեցու հիմնապատերը՝ մեջը երկու կանգնած խաչքարեր և անմիջական շրջապատում՝ մի քանի տների ավերակներ, խաչքարեր ու գերեզմանաքարեր՝ եկեղեցու մոտ։

Եկեղեցու մեջ կանգնած մի գեղաքանդակ խաչքարի թիկունքի մեծ և բովանդակալից արձանագրության մեջ պահպանվել է գյուղի հին անունը՝ Գթաշեն։ Գթաշեն անունով գյուղ չկա Օրբելյանի ցուցակում։ Ալիշանը նշում է, որ Վենետիկում պահվող պատմագրի ձեռագրերից ոչ մեկում չկա, սակայն Շահխաթունյանցը իր մեջբերած Սոթք գավառի ցուցակում նշում է Քթաշեն գյուղը։

Մեզ թվում է, որ Շահխաթունյանցը ցուցակի վերջում մի քանի գյուղերի անունները լրացրել է առնելով այլ աղբյուրներից, և ոչ թե Օրբելյանի որևէ ձեռագրի ցուցակից, մանավանդ, որ Շահխաթունյանցի ցուցակում Քթաշենին անմիջապես հաջորդում է Դէլիղարդաշ անունը, որը նախ Սոթք գավառի մեջ չէ, և ապա, իր թուրքական ծագումով, չէր կարող լինել Ստեփանոս Օրբելյանի ցուցակում։

Շահխաթունյանցի աղբյուրն այս դեպքում եղել են Ստեփանոս Օրբելյանի «Պատմության» մի քանի ձեռագրերը։ Հատկապես Տաթևի վանքում գրված օրինակներում Քյոթուկի դեր է կատարել մի օրինակ, որտեղ զետեղված է եղել Գեղարքունիքի մելիքների և տանուտերերի հայտնի «Ուխտագիրը», որը տվել են Տաթևի վանքին, որպես հաստատություն՝ Գեղարքունի գավառը այդ վանքի վիճակ լինելուն։  Շահխաթունյանցը 1513 թվականի  այդ «ուխտագիրն» ամբողջությամբ դրել է իր գրքում, որի տակ, ի շարս այլոց, ստորագրել է նաև Թարխան Քիթաշենցին, այն էլ՝ Էհիէ Դէլուղարդաշյանից հետո։

Այսպիսով, Քիթաշեն տեղանվան ամենահին հիշատակությունը վերաբերում է 1513 թվականին։ Մեր արձանագրությունը թվական չունի, բայց այն խաչքարը, որի թիկունքին գրված է, իր քանդակների ոճով հենց այդ ժամանակներին է վերաբերում։ Ավերակների մեջ եղած հուշարձանների մեծ մասը թվագրված են արձանագրության մոտիկ ժամանակներով։ «Ուխտագրի» մեջ Քիթաշենի փոխարեն Գթաշեն ձևը առարկության տեղիք տալ չի կարող հարկավ։

Անհրաժեշտ է մի ուղղում։ Երվանդ Լալայանը հրատարակել է այս արձանագրությունը, բայց սխալմամբ տեղադրել է Վերին Քյոլաղռան գյուղատեղում, որին նույնպես սխալմամբ «Կարմիր խարապա» անունն է տվել, ապա, արձանագրությունը սխալ վերծանելով՝ աղավաղել է թե՛ նրա ընդհանուր բովանդակուևթյունը, թե՛  մանավանդ Գթաշեն տեղանունը։ Մեզ հետաքրքրող մասը Լալայանը վերծանել է այսպես․ «․․․ սարընդհանայ արեւի սարին ջուրնԴաղձն գթայշինոյ․․․»։ Բացի ընդհանուր իմաստից զուրկ լինելուց, այս բառերի շարքի մեջ գյուղանունը դարձել է Դաղձն․ իրականում այս մասն այսպես է․ «Սարդահանայ պռի սարին ջուրն ի դաշտն Գթայշինոյ․․․»։

Այս գյուղատեղից մեր ժողովածուում ամփոփված են 15 արձանագրություն, որոնցից միայն երկուսն են հրատարակված եղել»,-գրում է Սեդրակ Բարխուդարյանը։

Եվ այսպես, ի՞նչ  է գրված ավերակ եկեղեցու մեջ կանգնած մեծ, գեղաքանդակ խաչքարի ճակատին, թիկունքին եւ հարավային կողին․ «ԱՍՏՈՒԾՈՎ ՄԵՔ ԴԱՒԻԹ ԷՐԷՑՍ ։Ե։ /5/ ՈՐԴԻՔՍ, ՍՈՒԼԹԱՆՂՈՒԼԻՆ, ԵՂԻՇԻՍ ԹՈՌՆ ՂԱԼԱՄԻՆ, ՈՐ ԵՆՔ ԾՆՈՒՆԴ ՍԱՐՈՒ ԱՄԻՐՃԱՆԻՆ, ՈՐ ԲԱԶՈՒՄ ՋԱՆՔ ԵՒ ՀՆԱՐԻՒՔ ԲԵՐԵԱԼ ՍԱՐԴԱՀՆԱՅ ՊՌԻ ՋՈՒՐՆ Ի ԴԱՇՏՆ ԳԹԱՅՇԻՆՈՅ․ ՇԻՆԵԱՑ ։Բ։ /2/ ՋԱՂԱՑՆ , ԵԹՈՂ ՀԱՐԵՆԻՔ ԻՒՐ ԾՆԸՆԵՈՑ»։        

Խաչքարի հարավային կողին գրված է․ «ԴԱՒԻԹ ԷՐԷՑ ԿԱՆԿՆԵՑԱՔ ԽԱՉԵՐՍ ԲԱՐԵԽԱՒՍ ՄԵՐ»։

Խաչքարն անթվագիր է, սակայն Բարխուդարյանն այն համարում է 15-16-րդ դարերի գործ։ Ըստ նրա՝ հենց այդ ժամանակներում են պատրաստվել նաև թվագրություն կրող մյուս խաչքարերն ու տապանաքարերը։

Վավերագրից պարզ հասկացվում է, որ Դավիթ Երեցը, Սուլթանղուլի 5 որդիները, Ղալամի թոռ Եղիշը բազում ջանքերով ու հնարներով  ջուրը հասցրել են Գթաշենի դաշտերը, ջրի հոսքի վրա երկու ջրաղաց շինել։

Ահա այսպես է պահպանվել թե՛ գյուղի, թե՛ նրան շունչ ու կենդանություն տվող մարդկանց անունները, որոնք դարերով դաջված են մնացել բնության բոլոր քմայքներին դիմացած գեղաքանդակ խաչքարի վրա։

Նույն խաչքարին կից, ավերակ եկեղեցու մեջ կանգնած մեկ այլ խաչքար կրում է հետևյալ արձանագրությունը․ «ԱՍՏՈՒԱԾ ՈՂՈՐՄԻ ՍԱԼԹԱՆՂՈՒԼԻՆ»։ Նույն խաչքարը նախորդի հետ կանգնեցրել է Դավիթ Երեցը։

Մեծ ու տափակ տապանաքարին արձանագրված է․ «ԱՅՍ Է ՏԱՊԱՆ ԲԱՃԻՆ, ԿՈՂԱԿԻՑ ՄԻՐԶԻՆ․ԹՎ․ ՌՃԻ /1671/։ Սա արդեն  փաստում է, որ Գթաշենում 17-րդ դարի երկրորդ կեսին հայ մարդիկ շարունակում էին ապրել ու արարել, չնայած Շահ Աբասի կողմից կազմակերպած 1604-1605 թվականների մեծ բռնագաղթին ու նրան հաջորդած ծանր ժամանակներին։

Շատ տպավորող են ավերակ եկեղեցու արևմտյան պատին մոտ մի շարքով կանգնեցված գեղաքանդակ 7 խաչքարերը, որոնցից հինգը միայն կրում են թվական արտահայտող տառերը՝ ՋԼԶ/1487/, ՋԿԵ/1516/, ՋԿ/1511/, ՋԿ/1511/, ՋԿԵ/1516/։ Իսկ նրանցից մեկը, ամենահարավային կողմում,  ունի հետևյալ արձանագրությունը․ «ԵՍ ՏԵՐ ՄԱՆՎԵԼ ԿԱՆԿՆԵՑԻ ԽԱՉՍ Ի ՓՐԿՈՒԹԻՒՆ ՀՈԳՈՅ ՀԱՒՐ ԻՄ ՊԷԽԱՆԻՆ․ ԹՎ․ ՋԿԷ/1516/։ Բոլոր խաչքարերը գեղաքանդակ են ու նույն ոճի, նույն վարպետի կողմից կերտված։

Ավերակ եկեղեցու մոտ գտնվող մի տապանաքար էլ ազդարարում է 1496 թվականին մահացած Ղալամի անունը։

Մի ամբողջ պատկերասրահի ու գրավոր մատյանի է նմանվում մեծ, ստորին մասում օրորոցաձև, վերին մասում թամբաձև տապանաքարը, որը հարավային կողին ունի չորս սրանկյուն խորան։ Առաջին խորանում ձիավոր է պատկերված՝ ձեռքին գավազան, երկրորդ խորանում երկլարանի սազ նվագողն է, երրորդում պատկերված է գավ և բլիթ, չորրորդում՝ մկրատ, ցրցամ տալու կեռ գործիք, երկար փայտ և կոճակ։ Շրջանակների մեջ արձանագրված է․ «ԱՅՍ Է ՀԱՆԳԻՍՏ ՂՈՒԿԱՍԻՆ Է ՈՐԴԻ ՍԻՄԷՈՆԻՆ, ԿԱՆԿՆԵՑԱՒ ԽԱՉՍ ՁԵՌԱՒ ՓԻՐՃԱՆԻՆ ։ՋՀ։/1521/ ԱՂԱՊԷԿ»։ Բարխուդարյանը կարծում է, որ Աղաբեկը կազմողն է, քանի որ նրա անունը գրված է հյուսիսային կողմի մի խորանի մեջ։   

Հետաքրքիր պատկերազարդում ունի նաև վերևում թամբաձև, հյուսիսային կողը 2 շարքի բաժանված, վերևում չորս խորան, իսկ երեքի մեջ խաչեր ունեցող տապանաքարը։ Վերին մասում պատկերված է գավ և բլիթ, երկու կողերին՝ երկլարանի սազ և սրինգ։ Ստորին շարքում պատկերված է հեծյալ, որը նիզակով հարվածում է ձիու ոտքերի տակ գալարված վիշապին։ Դիմացը պատկերած է եզ ու մի գազան։ Տապանաքարը կրում է հետևյալ արձանագրությունը․ «ՊԵՏՐՈՍ, ՈՐԴԻ ԱԹԱՆԻՍԻ ԿԱՆԳՆԵՑԻ ԶՏԱՊԱՆՍ ԻՄ ԵՂԲԱՒՐ․․․․ԹՎ․ ՋՁԲ/1533/»։

Մեկ այլ տապանաքարի վրա էլ պատկերված է ձեռքին նետ ու աղեղ բռնած որսորդ, ուսին՝ հրացան, գոտիում՝ դաշույն, իսկ նրա առջևից փախչող երեք այծյամ։ Տապանաքարին արձանագրված է․ «ԱՅՍ Է ՀԱՆԳԻՍՏ ԴԱՒԹԻՆ»։ Քանդակը համարվում է 16-րդ դարի գործ։

Սքանչելի է նաև մեկ այլ տապանաքարի քանդակը, որի վրա հարավային կողմի չորս խորաններից առաջինի մեջ պատկերված է հեծյալ՝ ձեռքին գուրզ, երկրորդի մեջ՝ գավ և հաց, երրորդի մեջ՝ ձեռքերը կանթած մարդ, չորրորդի մեջ՝ արոր, դիմացը՝ դաշույն և հրացան։ Տապանաքարին արձանագրված է․ «ԱՅՍ Է ՀԱՆԳԻՍՏ ԷԼԻԽԱՆԻՆ Է ՈՐԴԻ ՍԱՐՈՒԽԱՆԻՆ ԵՒ ՄԱՐՆ ՄԱՐԻԱՆԻՆ։ ԽԱՉՍ ԲԱՐԵԽՈՍ ՀՈԳՈՅՆ ԷԼԻԽԱՆԻՆ ԵՒ ՄՈՐՆ ՄԱՐԻԱՆԻՆ․ ԹՎ ՌՂԳ/1645/»։

Մեկ այլ տապանաքարն էլ կրում է Աղաճան անունը։

Գթաշենը չորս կողմից շրջապատված է սքանչելի բնապատկերներով։ Հյուսիսում փռված է Սևանա լճի ողջ հայելին ու նրան շրջապատող լեռնաշղթաները։ Արևմուտքում տարածվում է Գեղամա լեռնաշղթան՝ իր բարձրաբերձ բազմաթիվ  կատարներով։ Արևելքում Արևելյան Սևանի լեռներն են, հարավում՝ Վարդենիսի լեռնաշղթայի սարալանջերը։ Իսկ այս ամենին առանձնակի շուք են տալիս խաչքար-տապանաքարերը։

Հայ  մարդիկ այստեղ ապրել ու արարել են խստաշունչ ձմեռների ու զովասուն ամառների դժվար ու նույնքան էլ հաճելի ներկայությամբ, սակայն միշտ հույսով, հավատով, մայր հողի նկատմամբ ունեցած սիրով, Աստծուն ուղղված ջերմեռանդ  աղոթքներով։ Բայց եկել են չարագործ, ավարառու ցեղերը և եռուզեռի մեջ ապրող շենը  հիմնովին ամայացրել։

Գթաշենը, թեկուզ վաղուց լքված ու մոռացված, ուխտի է կանչում աշխարհասփյուռ հայությանը՝ ավերակների մեջ դեռ հպարտորեն կանգնած իր վեհաշուք կոթողներով, իր առեղծվածային պատմությամբ։

Մաքենիսի վանք այցելող ուխտավորները կարող են իրենց համար պարտավորություն համարել՝ մի կարճ ժամանակով շեղել ճանապարհը և Գթաշենի հուշարձաններին իրենց սիրո ու հարգանքի տուրքը մատուցել։

Հայերեն

Պեսկովը չի բացառել Փաշինյան-Պուտին հանդիպման հնարավորությունը ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից հետո

Որևէ մեկը ձայնագրությունը կասկածի տակ չի դրել ու չի պահանջել փորձաքննություն․ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Իրականության հետ որևէ կապ չունի․ Հակակոռուպցիոն կոմիտեն բոլոր քաղաքացիներին գաղտնալսելու մասին

ՍԴՀԿ Կենտրոնական Վարչությունն ընտրությունների կապակցությամբ շնորհավորել է ՀՀ բոլոր քաղաքացիներին

Արփունքում 2018-2025 թվականներին իրականացված սոցիալ-տնտեսական նշանակության 7 ծրագիր համար հատկացվել է 1 մլրդ 425 մլն 957 հազար դրամ

Վարդենիսի և Վալգայի ուսումնական հաստատությունները համագործակցում են

Խիստ ցանկալի կլինի, որ Արթուր Օսիպյանի խափանման միջոցը փոխվի. Սրբուհի Գալյան

Պեկինը զսպվածության կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին

ԿԸՀ֊ն մեկ ընտրատեղամասում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում է ստացել

Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները վնասում են դիվանագիտությանը