ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան ամերիկյան ուղղաթիռի կործանման. Իրանն արձագանքել է
3 րոպեի ընթերցում

ԱՄՆ զիված ուժերը հարվածներ են հասցրել Իրանին՝ ի պատասխան Հորմուզի նեղուցի մերձակայքում ամերիկյան Apache ուղղաթիռի կործանման, որի համար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Իսլամական Հանրապետությանը։ Իրանն էլ պատասխանել է ամերիկյան հարձակմանը՝ հարվածելով Բահրեյնին և Քուվեյթին։ Իրանը նաև հայտարարել է, որ թիրախավորել է Հորդանանում գտնվող ամերիկյան ուժերի ավիաբազան, սակայն Հորդանանի և ԱՄՆ-ի պաշտոնյաները չեն հաստատել դա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։
Ըստ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերի և նավատորմի կործանիչները հարվածներ են հասցրել Իրանում՝ թիրախավորելով «հակաօդային պաշտպանությունը, ցամաքային կառավարման կայանները և հսկողության ռադարային կայանները»։
«Գործողությունը համաչափ պատասխան էր ԱՄՆ ուժերի և տարածաշրջանային ջրերով անցնող միջազգային առևտրային նավերի վրա վերջերս կատարված հարձակումներին», - հայտնել է Կենտրոնական հրամանատարությունը։
Հրամանատարությունը հարվածների մեկնարկի մասին հայտարարելուց շուրջ երեք ժամ անց տեղեկացրել է, որ գործողությունն ավարտված է։
Թրամփն ավելի վաղ Truth Social-ում գրառման մեջ հայտարարել էր, որ Իրանը խոցել է ամերիկյան ուղղաթիռը, երբ այն պարեկություն էր անում Հորմուզի նեղուցի վրայով։ Նա նշել էր, որ ԱՄՆ-ն «անհրաժեշտությունից դրդված պետք է արձագանքի այս հարձակմանը»։
Իրանի արտգործնախարարն էլ հայտարարել էր, որ երկրի տարածքի մոտ գտնվող օտարերկրյա ռազմական ուժերը «մշտական վտանգի տակ են»՝ ավելի ուշ խոստանալով, որ ԱՄՆ-ի նոր հարվածներին պատասխան կլինի։
Աբբաս Արաղչին X-ում հայտնել է, որ իրանական ուժերը «որևէ հարձակում կամ սպառնալիք անպատասխան չեն թողնի»։
«Լքեք մեր տարածաշրջանը, եթե ուզում եք անվտանգ լինել», - գրել է նա։
Ի պատասխան ամերիկյան հարվածների՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է, որ հարվածել է Բահրեյնում և Հորդանանում գտնվող ամերիկյան երկու ռազմաբազաների։ Իր հերթին, Քուվեյթի բանակը հայտնել է, որ նույնպես արձագանքում է երկրի ուղղությամբ իրականացվող գրոհին։
Իրանը հայտնել է, որ ամերիկյան ուժերը թիրախավորել են Բանդար Աբբաս, Ջասկ, Սիրիկ քաղաքները և Քեշմ կղզին։ Ըստ ԻՀՊԿ-ի՝ վնասվել է հեռահաղորդակցության աշտարակ և ջրի երկու բաք։