Մարտունի քաղաքի Չարենց փողոցի հիմնանորոգման աշխատանքներն ավարտված են
1 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում արդեն ավարտվել են Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Չարենցի փողոցի հիմնանորոգման աշխատանքները։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունիի համայնքապետարանի աշխատակազմից, ծրագրի շրջանակներում ասֆալտապատվել է փողոցի երթևեկելի մասը, 435 գծամետր երկարությամբ կառուցվել ու սալարկվել են երկկողմանի մայթերը։
Չարենցի փողոցի մայթերի կառուցման ու սալարկման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 27 միլիոն դրամ, որի 65 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Մարտունիի համայնքապետարանը։
Չարենցի փողոցի երթևեկելի մասի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 42 միլիոն դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունիի համայնքապետարանը։ Երկկողմանի մայթերը կառուցվել են շուրջ 1087 քմ մակերեսով, իսկ ճանապարհի երթևեկելի մասն ասֆալտապատվել է 435 գծամետր երկարությամբ և շուրջ 3045 քմ մակերեսով։ Տեղադրվել է նաև միակողմանի ջրահեռացման համակարգ։
Ծրագրի իրականացման արդյունքում Մարտունի քաղաքի Չարենցի փողոցի բնակիչներն արդեն օգտվում են ժամանակակից, բարեկարգ, ասֆալտապատ ճանապարհից ու սալարկված մայթերից։