ՄՀԻ դիտորդական առաքելությունը Հայաստանի խորհրդարանական ընտրությունները գնահատել է արդար
6 րոպեի ընթերցում
Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) միջազգային դիտորդական առաքելության գնահատմամբ՝ Հայաստանում 2026 թվականի խորհրդարանական ընտրություններն անցկացվել են վստահելի, կարգապահ և խաղաղ մթնոլորտում՝ առանց համակարգային խախտումների։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ներկայացվեցին առաքելության հիմնական դիտարկումները, նախնական եզրակացությունները և առաջարկությունները։
Միջազգային հանրապետական ինստիտուտի փոխնախագահ Սքոթ Մասթիկը նշեց, որ 23 անդամներից կազմված միջազգային առաքելությունը ներկայացնում էր յոթ տարբեր երկիր։ Նրա խոսքով՝ դիտարկվել է ընտրական գործընթացը ութ մարզերում և 17 համայնքներում, իսկ ընտրության օրը դիտորդներն այցելել են 107 ընտրատեղամաս։
«Մենք ևս մեկ անգամ վերահաստատում ենք ՄՀԻ-ի ուժեղ հանձնառությունը։ Մեր պատվիրակության ներկայությունը ևս վկայում է այդ հանձնառության մասին, ինչպես նաև այն ձգտման, որ Հայաստանում ընտրություններն անցկացվեն երկրի իրավական շրջանակներին համապատասխան»,- ասաց Մասթիկը։
Ազգային ժողովրդավարության հիմնադրամի (NED) նախագահ, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի նախկին անդամ Պիտեր Ռոսքամն իր հերթին, շնորհավորեց Հայաստանի քաղաքացիներին՝ ընդգծելով, որ մոտ մեկուկես միլիոն մարդ մասնակցել է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին՝ ցուցադրելով ժողովրդավարական մասնակցության նկատմամբ իրենց հանձնառությունն ու երկրի ապագան ընտրության միջոցով ձևավորելու կամքը։
«Մեր առաքելությունը չի դիտարկել համակարգային խախտումներ։ Մեր գնահատմամբ՝ քվեարկությունն ու ձայների հաշվարկն ընդհանուր առմամբ իրականացվել են վստահելի կերպով։ Գործընթացն անցկացվել է կարգապահ և խաղաղ մթնոլորտում՝ սահմանված ընթացակարգերին համապատասխան։ Կուսակցությունների ներկայացուցիչները, տեղական դիտորդները և մեզ նման միջազգային դիտորդները լայն ներկայություն են ունեցել ամբողջ գործընթացի ընթացքում։ Ընտրություններն անցկացվել են մի միջավայրում, որտեղ առկա էին աճող բևեռացում, անվտանգային մարտահրավերների շուրջ մտահոգություններ և Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշման վերաբերյալ բանավեճեր»,- նշեց Ռոսքամը։
Նա նշեց, որ առաքելությունը ներկայացրել է 11 առաջարկություն, որոնք վերաբերում են ընտրությունների կազմակերպմանն ու անցկացմանը, քաղաքական ֆինանսավորմանը, կիբեռանվտանգությանը և մեդիա ոլորտին։
Նրա խոսքով՝ իշխանությունները պետք է ուժեղացնեն հաշվետվողականությունը, ինչպես նաև ամրապնդեն մաքսային ծառայությունների, ֆինանսական կարգավորող մարմինների, հակակոռուպցիոն կառույցների, իրավապահների և ընտրական մարմինների միջև համագործակցությունը՝ արտաքին դերակատարների հետ առնչվող հնարավոր ֆինանսավորումը կանխելու նպատակով։
«ԿԸՀ-ն պետք է առավել հետևողական իրականացնի իր վերահսկողական գործառույթները՝ ընտրությունների հետ կապված վեճերի քննության և լուծման հարցում։ Պետական մարմինները, ընտրական կառույցները, տեխնիկական փորձագետները, քաղաքացիական հասարակությունն ու միջազգային գործընկերները պետք է շարունակեն ամրապնդել կիբեռանվտանգության դիմակայունությունը՝ մշտադիտարկումների, թեստավորումների, հանրային հաղորդակցության և միջադեպերի արձագանքման մեխանիզմների կատարելագործման միջոցով»,- ասաց նա:
Ռոսքամը նաև նշեց, որ ԿԸՀ-ն, Հակակոռուպցիոն կոմիտեն և մյուս իրավասու մարմինները պետք է արագ, հետևողական և անաչառ կերպով քննեն ճնշումների, ահաբեկումների, վարչական ռեսուրսների չարաշահման և ընտրովի իրավապահ գործողությունների վերաբերյալ մեղադրանքները։
«Պետք է նշել, որ Հայաստանի ավելի խոր ինտեգրումը արևմտյան ժողովրդավարական հաստատություններին կնպաստի ընտրական գործընթացների համապատասխանեցմանը միջազգային չափանիշներին»,- ասաց նա։
Ամփոփելով՝ Ռոսքամը հայտարարեց, որ դիտորդական առաքելության եզրակացությամբ ընտրությունները եղել են արդար:
Միջազգային հանրապետական ինստիտուտի եվրասիական և եվրոպական տարածաշրջանի ավագ տնօրեն Սթիվեն Նիքսն էլ նշեց, որ ընտրական այս շրջափուլի ընթացքում ակնհայտ են եղել արտաքին միջամտության դրսևորումները։
«Չնայած դրան՝ Հայաստանը կարողացավ իրացնել իր ժողովրդավարական իրավունքը և ցույց տվեց, որ երկրի ժողովրդավարական ուղեգիծն ուղղված է եվրոպական ուղղությանը»,- ընդգծեց նա։
Նիքսի խոսքով՝ ընտրական շրջափուլի ընթացքում կուսակցություններն ու դաշինքներն ազատորեն իրականացրել են իրենց քարոզարշավը, թեև քաղաքական խոսույթում առկա են եղել անձնական բնույթի հարձակումներ, որոնք խորացրել են քաղաքական դերակատարների միջև վստահության պակասը։
Նա նաև բարձր գնահատեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, տարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների աշխատանքը՝ ընդգծելով նրանց մասնագիտական բարեվարքությունն ու ընտրությունների օրինականության ապահովման գործում ունեցած դերակատարությունը։
Ամփոփելով՝ Նիքսը նշեց, որ ներկայացվածը ՄՀԻ-ի նախնական գնահատականն է։ Նրա խոսքով՝ կազմակերպության երկարաժամկետ դիտորդներն ու երևանյան գրասենյակի աշխատակիցները կշարունակեն հետևել հնարավոր դատական գործընթացներին և բողոքի ակցիաներին, իսկ հետագայում կպատրաստվի ավելի համապարփակ վերջնական զեկույց։