Էստոնիայի ԱԳ նախարարը ընտրություններում հաղթանակի առթիվ շնորհավորել է Փաշինյանին ու ՔՊ-ին
3 րոպեի ընթերցում

Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Էստոնիայի ԱԳ նախարարը նշել է X-ի իր միկրոբլոգում արված գրառման մեջ։
Congratulations to @NikolPashinyan and the Civil Contract party on their victory in Armenia’s parliamentary elections.
— Margus Tsahkna (@Tsahkna) June 8, 2026
These results reflect the Armenian people’s strong support for democratic reforms, regional stability, and closer cooperation with European partners and the EU…
«Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը Հայաստանի խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ»,-գրել է նա։
Մարգուս Ցահքնան նաև հավելել է, որ այս արդյունքներն արտացոլում են հայ ժողովրդի ամուր աջակցությունը ժողովրդավարական բարեփոխումներին, տարածաշրջանային կայունությանը և եվրոպացի գործընկերների ու ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցությանը՝ նույնիսկ սպառնալիքների և ահաբեկումների պայմաններում։
«Էստոնիան և Հայաստանը վերջին տարիներին զգալիորեն խորացրել են երկկողմ կապերը, և մենք անհամբեր սպասում ենք այս դրական դինամիկայի զարգացմանն առաջիկա տարիներին»,-եզրափակել է էստոնացի նախարարը։
Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով խորհրդարան է անցնում 4 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 727 հազար 160 կամ 49.81 տոկոս ձայներով, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 340 հազար 62 կամ 23.29 տոկոս ձայներով, «Հայաստան» դաշինքը՝ 145 հազար 97 կամ 9.94 տոկոս ձայներով և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 58 հազար 368 կամ 4 տոկոս ձայներով։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է, որ ձայների նման հարաբերակցությամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խորհրդարանում կունենա մեծամասնություն և կձևավորի կառավարություն։