Պատերազմի եռագլուխ լրտեսական կուսակցությունը պետք է արմատախիլ արվի Հայաստանից․ Փաշինյան
3 րոպեի ընթերցում

Հայաստանի իշխանությունների առաջիկա 5 տարիների առաջնահերթ անելիքը եղել է և շարունակելու է լինել քաղաքացիների պահանջը, որ քրեաօլիգարխիկ համակարգը պետք է վերջնականապես արմատախիլ արվի Հայաստանի Հանրապետությունում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը։
Հարցին, թե Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով խորհրդարան անցնելու շեմը հաղթահարել են նաև այն քաղաքական ուժերը, որոնց վարչապետն ամենաշատն է քննադատել քարոզարշավի ընթացքում, և ինչպե՞ս է պատկերացնում նրանց հետ համագործակցությունը կամ տեսնո՞ւմ է համագործակցության եզրեր, թե՞ ոչ, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է․
«Իմ ասելիքը և պլանը չի փոխվել։ Այդ ուժերի լիդերները (խմբ․ նկատի ունի «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանին, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին) պետք է բերվեն պատասխանատվության օրենսդրությամբ սահմանված կարգով։ Նրանք պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն ձեզ հայտնի գործերով, և քրեաօլիգարխայի ունեզրկումը պետք է շատ մեծ տեմպերով և արագ տեղի ունենա՝ ապօրինի գույքի բռնագանձման մեխանիզմով, քրեական գործերով, պետական շահերի պաշտպանության համակարգով, համայնքային շահերի պաշտպանության համակարգով և, ի վերջո, այս քաղաքական ուժերը քաղաքական ուժեր չեն, դրանք քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցիչներ են և նրանք պետք է գործուենության դաշտ չունենան Հայաստանում։ Պատերազմի եռագլուխ լրտեսական կուսակցությունը պետք է արմատախիլ արվի Հայաստանից։ Քաղաքական դաշտում դա է մեր անելիքը»,- ասել է Փաշինյանը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակում է Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները, որոնց համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է բավարար ձայներ միանձնյա կառավարություն ձևավորելու համար։ Խորհրդարան մտնելու անցողիկ շեմը, ըստ նախնական տվյալների, հաղթահարում են նաև «Ուժեղ Հայաստան» դաշինքը, «Հայաստան» դաշինքը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։