Մարդկային բոլոր զգացմունքներն ու ապրումները՝ «Քրջի բազար»-ում. ԵԹԿՊԻ ուսանողները փայլուն ներկայացան վերբատիմ թատրոնի ժանրում
7 րոպեի ընթերցում
Տարբեր բնավորություններ, խառնվածքներ, ճակատագրեր... Մարդիկ, որոնք երազել են, ձգտել, անցել և շարունակում են անցնել դժվարությունների միջով. ոմանք պայքարում են, ոմանք էլ համակերպվել են իրականության հետ։ Զարմանալին այն է, որ նրանք չեն չարացել, նրանց մեջ չի մարել լավատեսությունը, հավատը լուսավորի հանդեպ։
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի երկրորդ կուրսի ուսանողներն այդ հետաքրքիր անհատներին բացահայտել են «Քրջի բազար»-ում, որտեղ օգտագործված իրեր են վաճառվում։ Շուկան ձևավորվել է 1990-ականների սոցիալ-տնտեսական դժվարությունների շրջանում և գործում է մինչև օրս։
Երեք ամիս շարունակ ուսանողները հետազոտություն են անցկացրել այնտեղ, ուսումնասիրել են աշխատողների նիստուկացը, զրուցել են նրանց հետ, բացահայտել հոգու ամենանվիրական ցանկությունները, գաղտնիքները, հիշողություններն ու այդ ամենը հանդիսատեսին են փոխանցել թատերարվեստի լեզվով։
Դոկումենտալ վերբատիմ ներկայացումը ԵԹԿՊԻ Երիտասարդական Էքսպերիմենտալ թատրոնի բեմում էր օրեր առաջ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ներկայացումը հուզում է, ժպտալու, անգամ ծիծաղի առիթ տալիս՝ ստիպելով խորհել անցյալի, ներկայի, ապագայի մասին։ Դերակատարներն այնքան համոզիչ են, որ ինչ-որ պահի մոռանում ես՝ քո առջև ոչ թե հասուն, ծեր, կյանքի բովով անցած կանայք և տղամարդիկ են, որոնցից շատերի երազանքներն անկատար են մնացել, այլ ուսանողներ։
Աշխատանքի ղեկավարներն են մագիստրոսներ Նադեժդա Իսրաելյանը, Դիանա Ռազիելը, իսկ կուրսի ղեկավարը Ռուբեն Բաբայանն է, որը ներկա էր առաջնախաղին։
Բաբայանի խոսքով՝ դերասանական արվեստում շատ կարևոր է վերապրումը։ «Հաճախ, երբ բեմում շատ են զգացմունքները, հանդիսատեսն անարձագանք է մնում և՝ հակառակը. թատրոնում տարբեր հույզեր պետք է առաջանան հանդիսականի մոտ, ոչ թե բեմում։ Կյանքը կազմված է ողբերգությունից և կատակերգությունից, իսկ այս ներկայացման յուրաքանչյուր կերպարի մեջ այդ ամենը կա։ Կերպարի ուսումնասիրություններն էլ առաջին հերթին ցույց էին տալիս դերակատարների սերը նրանց նկատմամբ, իսկ երբ սիրում ես, սկսում ես բացահայտել դիմացինի բոլոր շերտերը։ Դա լավագույնս երևում էր»,-նշում է նա և հավելում՝ ակնհայտ էր անկեղծությունը. ոչ մի սուտ չկար։
Ըստ նրա՝ ուսանողները ցույց տվեցին քրջի բազար, որտեղ նույն աշխատանքի շուրջ են հավաքվել առանձնահատուկ մարդիկ՝ յուրաքանչյուրն իր անձնական ողբերգությամբ և ուրախությամբ, անհատական դրսևորումներով։
Ներկայացումը դիտելու էր եկել նաև Մատենադարանի տնօրեն, թատերագետ Արա Խզմալյանը։
Խզմալյանին ոգևորում է այն, որ երկրորդ կուրսի ուսանողները համարձակությամբ բացել են կյանքի դարպասները, մտել են մարդկային սրտեր, հոգիներ։
«Երբ գործ ունես կյանքի և կենսական նյութի հետ, գռեհկության, այսպես կոչված տնազի մեջ ընկնելը շատ հեշտ է, բայց ինձ ուրախացրեց, որ այս ուսանողները մասնագիտական որակի շնորհիվ մինչև վերջ պահեցին հարգանքը թե՛ այն գործող անձանց հանդեպ, որոնց ներկայացնում էին, թե՛ հանդիսատեսի։ Ինձ ուրախացրեց ուսանողների լրջությունը սեփական գործի, մարդ արարածի հանդեպ։ Պատկերվում էին և՛ լեզվական, և՛ մտածական, և՛ այլ խնդիրներով մարդիկ, բայց այսքան երիտասարդ և այսքան հասուն մոտեցում մարդկանց նկատմամբ...»,-շեշտում է Խզմալյանը։ Նա ակնհայտ է համարում Ռուբեն Բաբայան արվեստագետի ազդեցությունը՝ այն է միշտ լինել լուրջ և խորամուխ լինել ամեն ինչում։
Խզմալյանը կարծում է՝ ներկայացումն իրականում քրջի բազարի մասին չէ. քրջի բազարը խտացված միջավայրն է բոլոր այն ապրումների, զգացումների, որոնք յուրաքանչյուրն ունի, և այդ ամենի շուրջ հասուն աշխատանք է կատարվել։
Արա Խզմալյանը, ինչպես նաև ռեժիսոր Գոռ Մարգարյանը, որին ներկայացումը ևս շատ տպավորել էր, Ռուբեն Բաբայանին առաջարկում են անել հնարավորը, որ ներկայացումը դառնա խաղացանկային։
Ուսանողները որոշել են անդրադառնալ «Քրջի բազար»-ին, քանի որ վերջին շրջանում նրանց միջավայրում հաճախ է շրջանառվում այդ արտահայտությունը, խոսվում է երևույթի մասին, և պարզվել է, որ շուկան հարուստ է ինքնատիպ, հետաքրքիր անհատներով։
«Մենք քրջի բազար գնում ենք որպես սպառողներ, գնում ենք, երբ դա մեզ պետք է, այնինչ այդ մարդիկ միշտ են այնտեղ, նրանց առօրյան է անցնում այնտեղ, նրանց կյանքի մի մասն է բազարը, և մենք ցանկացանք իմանալ, թե ովքեր են նրանք»,-նշում է Նադեժդա Իսրաելյանը։
Դոկումենտալ վերբատիմ թատրոնը թատերական ձև է, որտեղ ներկայացման տեքստը կազմվում է իրական մարդկանց խոսքից՝ (verbatim՝ բառացի) վերցված հարցազրույցներից, վկայություններից կամ փաստաթղթերից։
Իսրաելյանի խոսքով՝ կարևոր է այն փաստը, որ բոլոր նրանք, ովքեր համաձայնվել են հարցազրույցներ տալ, տեղեկացվել են, թե ինչի համար է դա արվում։ Պատահել է՝ հրաժարվել են խոսել։ «Մարդիկ կարիք ու ցանկություն ունեն լսվելու, ուստի ուսանողներին պատմել են իրենց կյանքի ամենաբարդ շրջանների, թանկ հիշողությունների մասին»,-ասում է նա։
Դիանա Ռազիելն էլ նշում է՝ վերբատիմ թատրոնին են դիմել, քանի որ այն ուսանողներին հնարավորություն է տալիս առավել մոտ լինել կերպարանափոխությանը։ «Երբ Շեքսպիրի «Համլետ»-ի մասին ենք խոսում, մի քիչ ազատ ենք, քանի որ Համլետը հորինված կերպար է, իսկ մարմնավորել մի մարդու, որն իրականում գոյություն ունի, շատ մեծ պատասխանատվություն է։ Մտածեցինք, որ դա ուսանողներին՝ ապագա պրոֆեսիոնալ դերասաններին հնարավորություն կտա շատ գործիքներ կիրառել»,-ընդգծում է նա։
Բեմում կա 15 կերպար։ Ուսանողներից յուրաքանչյուրն ինքն է ընտրել իր հերոսին, պատահել է, որ շատ են փնտրել, փորձել են ու չի ստացվել, պատահել է՝ իրարից անբաժան են դարձել։
Չի բացառվում, որ ներկայացումը դառնա խաղացանկային և բարձրանա ոչ միայն Երիտասարդական, այլև Աշտարակի դրամատիկական թատրոնի բեմ։