Արմավիրում փոխվում են ջրագծերը, կառուցվում են ճանապարհներ և մանկապարտեզներ․ համայնքը շարունակում է զարգացման ծրագրերը
6 րոպեի ընթերցում
Արմավիր համայնքում սուբվենցիոն ծրագրերով իրականացվում են ենթակառուցվածքների արդիականացման լայնածավալ աշխատանքներ՝ ներառյալ խմելու ջրի ցանցերի ամբողջական փոխարինում, ճանապարհների հիմնանորոգում և նոր մանկապարտեզների կառուցում։ Միայն ջրագծերի արդիականացման ծրագրի արժեքը կազմում է շուրջ 314 միլիոն դրամ, իսկ ճանապարհաշինության և ասֆալտապատման ծրագրերի ընդհանուր ծավալը հասնում է շուրջ 1 միլիարդ 200 միլիոն դրամի։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշվել է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում։
Տարիներ շարունակ Արմավիր քաղաքի մի շարք թաղամասերում բնակիչները բախվել են խմելու ջրի որակի խնդիրների։ Բնակիչ Խաթուն Հակոբյանի խոսքով՝ երկար ժամանակ է, ինչ ծորակից խմելու ջուր չեն օգտագործում։
«Չեմ հիշում՝ երբ ենք վերջին անգամ ծորակից ջուր խմել։ Ջուրն օգտագործում ենք միայն կենցաղային նպատակներով, իսկ խմելու ջուրը գնում ենք առնում»,- նշել է նա։
Բնակիչների խոսքով՝ նման իրավիճակը պայմանավորված է դեռևս խորհրդային տարիներին կառուցված և այսօր արդեն մաշված խողովակաշարերով, որոնք տարիների ընթացքում կորցրել են իրենց շահագործման հուսալիությունը։
Արմավիր քաղաքի մի շարք բազմաբնակարան շենքերի ջրամատակարարման համակարգի արդիականացման աշխատանքներն իրականացվում են 2025 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում։ Ծրագրով ամբողջությամբ փոխարինվում են խողովակաշարերը՝ բակային տարածքներից մինչև շենքերի մուտքեր։
Շինարարության աշղեկ Նամես Ավետիսյանի խոսքով՝ նախկին համակարգի վիճակը խիստ անմխիթար էր։
«Ահավոր վիճակ էր։ Երկաթյա խողովակներն արդեն փտած վիճակում էին։ Մարդիկ այստեղ ապրում են, բայց այս ջրից չեն օգտվում, գնում են խանութից ջուր են գնում։ Խողովակների ժանգոտվածությունը, ավազային նստվածքները մշտական խնդիրներ էին առաջացնում․ ծակվում էր, նորոգում էին, հետո կրկին նույն խնդիրը կրկնվում էր»,- նշել է նա։
Նրա խոսքով՝ նոր համակարգը նաև լուծում է վթարների դեպքում ջրամատակարարման կառավարման խնդիրը։
«Մինչև հիմա վթարի դեպքում ստիպված էինք գլխավոր խողովակից ջուրն անջատել։ Այժմ յուրաքանչյուր շենքի համար առանձին փականներ ենք տեղադրում, որպեսզի վթարի դեպքում փակենք միայն տվյալ շենքի ջուրը, և մյուս բնակիչները չջրազրկվեն»,- ասել է Ավետիսյանը։
Մարտի վերջին մեկնարկած աշխատանքները նախատեսվում է ավարտել առաջիկայում։ Համայնքային իշխանությունների գնահատմամբ՝ ջրագծերի փոխարինումը շարունակում է մնալ առաջնահերթ ուղղություններից մեկը։
Արմավիր համայնքի ղեկավարի տեղակալ Ֆելիքս Պետրոսյանի խոսքով՝ ծրագրերը իրականացվում են համակարգված մոտեցմամբ՝ տարբեր ուղղությունները համադրելով։
«Արմավիր քաղաքում խմելու ջրագծերի փոխարինումը մեր առաջնային ծրագրերից մեկն է։ Ջրագծերը փոխարինում ենք այն հատվածներում, որտեղ իրականացվում են ասֆալտապատման կամ բակային տարածքների հիմնանորոգման աշխատանքներ, որպեսզի նվազեցնենք ջրի կորուստները։ Միաժամանակ հետագայում նախատեսում ենք նաև փոխել քաղաքը սնուցող ջրի աղբյուրը»,- նշել է նա։
Համայնքում զուգահեռ ընթանում են նաև ճանապարհաշինական աշխատանքներ։ Մյասնիկյան բնակավայրում հիմնանորոգվում է գյուղի գլխավոր փողոցներից մեկը՝ Խանջյան փողոցը, որը շուրջ 1,2 կիլոմետր երկարություն ունի և վերջին անգամ ասֆալտապատվել էր 1980-ականներին։
Նախքան ճանապարհաշինական աշխատանքների մեկնարկը նորոգվել են ենթակառուցվածքները, մաքրվել կոյուղատարերը, արդիականացվել խմելու ջրի ցանցը և լուծումներ տրվել ոռոգման ջրատարների կազմակերպման ուղղությամբ։
Մյասնիկյանի վարչական ղեկավար Վրեժ Մինասյանի խոսքով՝ բնակավայրում արդեն զգալիորեն բարելավվել է ճանապարհային ենթակառուցվածքը։
«Խանջյան փողոցը Մյասնիկյանի ամենաերկար փողոցն է՝ 1200 մետր երկարությամբ։ Դպրոց տանող 320 մետրանոց հատվածը հիմնանորոգվել է նախորդ տարի։ Այդ հատվածում նախկինում ընդհանրապես ասֆալտ չի եղել»,- նշել է նա։
Ճանապարհաշինության և ասֆալտապատման սուբվենցիոն ծրագրերի ընդհանուր արժեքը Արմավիր համայնքում կազմում է շուրջ 1 միլիարդ 200 միլիոն դրամ։ Որպես առաջնահերթություն ընտրվում են հատկապես դպրոցներ և մանկապարտեզներ տանող ճանապարհները։
Համայնքում շարունակվում է նաև նախադպրոցական կրթական ենթակառուցվածքների զարգացումը։ Հացիկ բնակավայրում կառուցվում է 110 երեխայի համար նախատեսված ժամանակակից մանկապարտեզ՝ վերելակով և բոլոր անհրաժեշտ հարմարություններով։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 387 միլիոն դրամ։
Մոտ 2800 բնակիչ ունեցող գյուղում նախկինում մանկապարտեզ չի գործել, և երեխաները հիմնականում հաճախել են Արմավիր քաղաքի նախադպրոցական հաստատություններ։
Ֆելիքս Պետրոսյանի խոսքով՝ համայնքի նպատակն է մինչև 2027 թվականը ամբողջությամբ ապահովել նախադպրոցական կրթության հասանելիությունը բոլոր բնակավայրերում։
«Մենք որդեգրել ենք այն մոտեցումը, որ մինչև 2027 թվականի ավարտը Արմավիր համայնքում չի լինի որևէ բնակավայր, որտեղ երեխաները զրկված լինեն նախադպրոցական ուսումնական հաստատությունում կրթություն ստանալու հնարավորությունից։ Ճանապարհաշինության ոլորտում ևս առաջնահերթ ընտրում ենք այն ճանապարհները, որոնք տանում են դպրոցներ և մանկապարտեզներ կամ բեռնաթափում են բնակավայրերի կենտրոնական փողոցները»,- ընդգծել է նա։
Արմավիր համայնքը ներառում է մեկ քաղաքային և տասը գյուղական բնակավայր՝ շուրջ 70 հազար բնակչությամբ։ Համայնքային իշխանություններն արդեն նախապատրաստում են 2026 թվականի ենթակառուցվածքային ծրագրերը, որոնց շրջանակում նախատեսվում է իրականացնել շուրջ 2,1 միլիարդ դրամի ներդրումներ։