Քուվեյթի օդանավակայանն իրական հարձակման հետևանքով փակվել է
2 րոպեի ընթերցում

Քուվեյթի պաշտպանության նախարարության խոսնակ, բրիգադի գեներալ Սաուդ Աբդ ալ-Ազիզ ալ-Օթայբին դատապարտել է երկրի վրա Իրանի կողմից հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարձակումները, որոնց հետևանքով մարդիկ են վիրավորել, և փակվել է Քուվեյթի միջազգային օդանավակայանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։
Խոսնակը հարձակումները որակել է որպես «իրանական հանցավոր ագրեսիա, որը հանգեցրել է շենքին զգալի նյութական վնասների և վիրավորների»։
Դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում վիրավոր անձանց թվի մասին։
Քուվեյթի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հայտարարել է, որ օդանավակայանի չվերթերը դադարեցվել են, իսկ մյուսները կուղղորդվեն այլընտրանքային օդանավակայաններ՝ մինչև հետագա ծանուցում։
Հարձակումը տեղի է ունեցել միջազգային օդանավակայանի T1 շենքի վրա։
ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հունիսի 3-ին ավելի վաղ հայտնել էր, որ Իրանը մի քանի բալիստիկ հրթիռ է արձակել տարածաշրջանային հարևանների ուղղությամբ, որոնք, սակայն, չեն հասել իրենց նշանակետերին։ Հաղորդագրության համաձայն՝ Քուվեյթի վրա արձակված երկու իրանական հրթիռներն ընկել են ճանապարհին, իսկ Բահրեյնի ուղղությամբ արձակված երեք հրթիռներն անմիջապես խոցվել են ԱՄՆ-ի և Բահրեյնի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից։
Իր հերթին, Իրանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Հորմուզի նեղուցում իրանական նավթատարի և Քեշմ կղզում գտնվող հեռահաղորդակցության աշտարակի վրա՝ նշելով, որ դրանք խախտել են հրադադարի համաձայնագիրը և միջազգային իրավունքը։
Նախարարությունը հայտարարել է, որ Քուվեյթը և Բահրեյնը «ուղղակի և հստակ պատասխանատվություն» են կրում հարձակումների համար՝ պնդելով, որ այդ երկրների տարածքն ու կառույցներն օգտագործվել են Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողություններին աջակցելու համար։