Մարինա Հակոբյանը կրկին նշանակվել է Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն. նա ներկայացրել է առաջիկա հավակնոտ ծրագրերը
7 րոպեի ընթերցում
Մարինա Հակոբյանը, որը հինգ տարի կատարել է Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենի պարտականությունները, մրցույթի միջոցով կրկին ստանձնել է տնօրենի պաշտոնը։
Վերջին տարիներին Հակոբյանի և նրա թիմի ջանքերով պատկերասրահի գլխավոր մասնաշենքում և մասնաճյուղերում վերանորոգման լայնածավալ աշխատանքներ են իրականացվել, կազմակերպվել են հիշարժան ցուցադրություններ։ Առաջիկա հինգ տարում առաջնահերթությունը տալու են կառույցի միջազգայնացմանն ու գիտահետազոտական ներուժի լիարժեք բացահայտմանը։
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հակոբյանը խոստովանում է, երբ հինգ տարի առաջ նշանակվել է տնօրեն, կարծել է՝ հինգ տարին բավականին մեծ ժամանակահատված է իրենց ծրագրերը լիարժեք կյանքի կոչելու համար, սակայն չորս տարին նվիրել են ենթակառուցվածքների վերանորոգմանը, վերազինմանն ու բարելավմանը։ «Եթե անգամ վերանորոգման փուլը չլիներ, նման խոշոր կառույցի պարագայում՝ 14 մասնաճյուղ, հինգ տարին ռազմավարական հայեցակարգն ամբողջությամբ իրագործելու համար քիչ է։ Կարծում եմ՝ առաջիկա տարիներին կկարողանանք սկսածն ավարտին հասցնել։ Համարում եմ, որ այս արդյունքը միայն իմը չէ. այն մեր հրաշք թիմինն է։ Սա մեր թանգարանային աշխատանքի գնահատականն է»,-նշում է նա։
Հակոբյանի խոսքով՝ եթե նախորդ տարիներին շեշտը հիմնականում դրել են ենթակառուցվածքների բարեկարգման վրա, առանց ինչի հնարավոր չէ մնացածն անել, ապա այսօր առավել մեծ ուշադրություն են դարձնելու թանգարանի միջազգային դիրքավորմանն ու թանգարանի՝ որպես գիտահետազոտական կառույց լինելուն։
«Պատկերասրահը միայն ցուցադրական գործառույթ կատարող կառույց չէ, այն ունի գիտահետազոտական ահռելի ռեսուրս և՛ մարդկային, և՛ նյութի առումով։ Ազգային պատկերասրահը տարածաշրջանի մշակութային, ցուցադրական, գիտահետազոտական ամենաառաջատար կառույցներից մեկը դառնալու մեծ պոտենցիալ ունի։ Իրականում այն տարածաշրջանում եզակի է իր հավաքածուով և ծավալով։ Պատկերասրահը տարածաշրջանում միակ թանգարանն է, որն ունի համաշխարհային արվեստը ներկայացնող բազմաշերտ հավաքածու։ Մենք չենք կենտրոնանում միայն ազգային մշակույթի կամ կոնկրետ ժամանակաշրջանի վրա, մեր թանգարանում ամբողջական ներկայացվում են համաշխարհային գործընթացների բոլոր շերտերը»,-ընդգծում է տնօրենը։
Յուրաքանչյուր թանգարանի ամենակարևոր գործառույթներից մեկը ցուցանմուշների պահպանությունն է։ Եթե այն պատշաճ չիրականացվի, բնականաբար ցուցադրելու ոչինչ չի լինի։ Այդ ուղղությամբ ևս մեծ քայլեր են արվում. առաջիկա հինգ տարվա ընթացքում պատկերասրահի ֆոնդերը լիարժեք վերազինված կլինեն։
Նախորդ տարիներին հիմնականում գլխավոր մասնաշենքի և վեց մասնաճյուղի մշտական ցուցադրության պահպանության ուղղությամբ են աշխատել, այժմ ֆոնդերի վրա են կենտրոնացել։ Համագործակցում են ոչ միայն պետության, այլև մասնավոր կառույցների հետ։
«Սկսել ենք վերականգնման արվեստանոցների և գրաֆիկայի ֆոնդապահոցների, գրադարանի և արխիվի վերականգնման աշխատանքները։ Մի ամբողջ հարկ մի քանի ամիս անց ամբողջովին վերազինված ու վերանորոգված կլինի։ Ունենալու ենք վերականգնման բաց արվեստանոց, որին ևս մի քանի տարի ձգտում էինք, փորձում էինք հասկանալ, թե ինչ տարբերակով է հնարավոր դա իրագործել։ Շատ կարևոր է ներկայացնել նաև թանգարանի ետնաբեմը, որպեսզի կոտրվեն կարծրատիպերն այն մասին, թե այն փակ կառույց է։ Թանգարանը կենդանի օրգանիզմ է, ունի ներքին ռեսուրս և շատ հետաքրքիր ետնաբեմ, որի բացահայտումն այցելուի համար շատ կարևոր է»,-նշում է Հակոբյանն ու հավելում՝ նախատեսում են նաև ֆոնդապահոցների մի փոքրիկ հատվածը ներկայացնել, քանի որ շատերին է հետաքրքիր, թե ինչպես են ոչ միայն վերականգնվում, այլև պահպանվում ցուցանմուշները։
Պատկերասրահն ակտիվ աշխատում է նաև մշակույթի տնտեսականացման վրա։ Վերջին տարիներին այն կարողացել է ինքնուրույն բավականին լուրջ եկամուտներ գեներացնել և ծրագրում է նոր ծառայություններ, որոնք հնարավորություն կտան առավել ընդլայնել կառույցի գործունեությունը, որպեսզի այլ եկամուտներն աճեն։
Վերադառնալով պատկերասրահի մասնաճյուղերին՝ Մարինա Հակոբյանը հիշեցնում է, որ նախորդ տարիներին վեց մասնաճյուղերը մասնավորի և պետության, ինչպես նաև այլ եկամուտների միջոցով վերանորոգել են և կոնցեպտուալ առումով վերափոխել։ Մտադիր են բոլոր մասնաճյուղերը վերջնականապես վերանորոգել ու վերազինել։
«Յուրաքանչյուր մասնաճյուղ ունենալու է մշտական և ժամանակավոր ցուցադրությունների հատված ըստ մարզային բնութագրիչի և հենց այդ մասնաճյուղին բնորոշ առանձնահատկությունների։ Դա չի լինելու պատահական հավաքածու, այլ շատ մտածված»,-շեշտում է նա։
Պատկերասրահը նաև աշխատում է օտար երկրներում հայկական մշակույթի հայտնաբերման և Հայաստան վերադարձի ուղղությամբ։ «Միշտ չէ, որ դա վերադարձ է, քանի որ հաճախ այդ արվեստագետներից շատերն ապրել և ստեղծագործել են արտերկրում, բայց գաղափարապես վերադարձ ենք ասում։ Երկու տարի անում ենք հնարավորը, որպեսզի Հայաստան բերվի կանադահայ քանդակագործ, նկարիչ Արտո Չաքմաքչյանի ամբողջ ժառանգությունը։ Բանակցություններ ենք վարել նրա այրու՝ տիկին Նաիրիի հետ, և այսօր նա պատրաստ ոչ միայն Չաքմաքչյանի ժառանգությունը մեզ փոխանցել, այլև քանդակագործի հայաստանյան տունը, ինչի շնորհիվ մենք կունենանք Արտո Չաքմաքչյանի մասնաճյուղ, իսկ մենք գիտենք, որ թանգարանների պարագայում տարածքի գերխնդիր կա, եթե հավաքածուն իր տարածքի հետ միասին է գալիս, դա շատ կարևոր է բոլոր առումներով։ Դա ևս հաղթանակ է»,-տեղեկացնում է տնօրենը։
Պատկերասրահն աշնանը արվեստասերներին կներկայանա նոր ցուցադրություններով։ Ցուցադրություններից մեկը նվիրված կլինի ականավոր նկարիչ Վարդգես Սուրենյանցին։ Առաջին անգամ Հայաստանում կհյուրընկալվի հեղինակի ամենանշանավոր գործերից մեկը՝ «Լքյալը»։ Այդ գործը ոչ միայն Սուրենյանցի, այլև առհասարակ հայկական կերպարվեստի համար շատ կարևոր նշանակություն ունի արվեստաբանական տեսանկյունից։ Այդ ցուցադրությունը կներկայացվի հետաքրքիր կոնցեպտով, որը հնարավորություն կտա նորովի բացահայտել Սուրենյանցի ժառանգությունը։