ՀՀ ԿԳՄՍ նախարարն այցելել է Դիլիջանի բազմագործառութային և արվեստի քոլեջներ

5 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն աշխատանքային այցով եղել են Տավուշի մարզում՝ շրջելով Դիլիջանի մի շարք ուսումնական հաստատություններում։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, այցի առաջին կանգառը Դիլիջանի բազմագործառութային պետական քոլեջն էր։ Նախարարն ու նախարարի տեղակալը շրջել են քոլեջում, ծանոթացել ուսումնական պայմաններին, նյութատեխնիկական բազային և գույքային հագեցվածությանը, զրուցել ուսանողների և դասախոսական կազմի ներկայացուցիչների հետ։ Նրանք հետևել են նաև «Բանկային գործ» մասնագիտությամբ ավարտական կուրսի պետական քննությանը:

Ժաննա Անդրեասյանը հետաքրքրվել է ուսանողների՝ կրթական միջավայրից ունեցած տպավորություններով, մասնագիտական ընտրությամբ և ուսման կազմակերպման հարցերով՝ անդրադառնալով նաև տրանսպորտային հասանելիությանն ու պետության կողմից ուսանողներին տրվող տրանսպորտային ծախսի փոխհատուցման ծրագրին։

Քոլեջի «Քույրական գործ» մասնագիտությամբ սովորող ուսանողների հետ հանդիպմանը քննարկվել են գործնական ուսուցման և պրակտիկայի կազմակերպման հետ կապված հարցեր։ Նախարարը կարևորել է ուսումնական պրակտիկաների արդյունավետ կազմակերպումն ու գործնական հմտությունների զարգացումը՝ որակյալ մասնագետների պատրաստման գործում։

«Խոհարարություն» մասնագիտության ուսանողների հետ զրույցում քննարկվել են գործնական դասընթացների կազմակերպման և անհրաժեշտ պարագաների ու մթերքների ձեռքբերման հարցերը։ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ դիտարկվում են գործնական ուսուցման համար անհրաժեշտ ռեսուրսների ֆինանսավորման հնարավորություններ։ Կարևորվել է նաև գործատուների հետ համագործակցության ընդլայնումը՝ հաշվի առնելով Դիլիջանի զբոսաշրջային զարգացման մեծ ներուժը և ոլորտում մասնագետների աճող պահանջարկը։ Նախարարն առաջարկել է զարգացնել միջազգային համագործակցությունը, այդ թվում՝ կազմակերպել արտասահմանցի մասնագետների վարպետաց դասեր՝ ուսանողներին ծանոթացնելու ժամանակակից միտումներին և տարբեր երկրների խոհանոցային մշակույթներին։

Քոլեջի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ ուսանողներից երկուսն անցած տարի մեկնել են Չեխիա՝ մասնագիտական փորձի փոխանակման ծրագրի շրջանակում։ Նշվել է նաև, որ պետական որակավորման քննությունների ընթացքում բազմաթիվ ուսանողներ ստանում են աշխատանքի առաջարկներ, իսկ շրջանավարտների զգալի մասը հաջողությամբ ներգրավվում է աշխատաշուկայում։ Քոլեջն ակտիվորեն մասնակցում է նաև տարբեր փառատոների և մասնագիտական տոնավաճառների։

Եռակցողների ուսումնական խմբում նախարարն ընդգծել է մասնագիտության կարևորությունն ու պահանջարկն աշխատաշուկայում՝ հիշեցնելով, որ այն ներառված է պետության կողմից խրախուսվող գերակա մասնագիտությունների ցանկում, և ուսանողներին տրամադրվում է բարձր կրթաթոշակ։ Ժաննա Անդրեասյանը կարևորել է սովորողների առաջադիմությունը, մասնագիտական գիտելիքների ձեռքբերումը և անվտանգության կանոնների խստիվ պահպանումը, որը կարևոր է հետագայում աշխատանքային անվտանգության տեսանկյունից։

«Որքան խորը գիտելիքներ ունենաք ձեր մասնագիտության մեջ, այնքան ավելի մեծ հնարավորություններ կունենաք՝ ապագայում ապահովելու բարեկեցիկ կյանք և մրցունակ լինել աշխատաշուկայում», – նշել է նախարարը։

Դիլիջանի բազմագործառութային պետական քոլեջում սովորում է շուրջ 420 ուսանող․ պետության միջոցներով նախատեսվում է նոր շենքի կառուցում, որը կապահովվի ժամանակակից գույքով և անհրաժեշտ ուսումնական ենթակառուցվածքներով։

Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է նաև Դիլիջանի արվեստի պետական քոլեջ, ծանոթացել ենթակառուցվածքային պայմաններին և գույքային հագեցվածությանը։ Նախարարը կարևորել է ուսումնական գործընթացի կազմակերպման համար ստեղծված բարենպաստ պայմաններն ու հնարավորությունները, որոնք առաջնային են հատկապես արվեստի կրթության կազմակերպման համար։ Քոլեջի կազմում գործում է նաև երաժշտական դպրոց, ներկայում հաստատությունում սովորում է 58 ուսանող, 180 աշակերտ։

Հայերեն

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ