Հայկ Մարությանը Աջափնյակում հորդորել է ընտրություններին քվեարկել իրենց օգտին
2 րոպեի ընթերցում

Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների շրջանակում կազմակերպված քարոզարշավի շրջանակում հունիսի 1-ին «Նոր ուժ» կուսակցության վարչապետի թեկնածու Հայկ Մարությանը շրջել է Երևանի Աջափնյակ վարչական շրջանում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա հանդիպել է քաղաքացիներին, թռուցիկներ բաժանել նրանց և հորդորել անպայման մասնակցել ընտրություններին ու քվեարկել համար 5-ի օգտին։
Քաղաքացիներից շատերը շնորհակալություն են հայտնել Մարությանին նրա կատարած աշխատանքի համար, նշել, որ շատ կցանկանան, որ նա ընտրվի։ Մարությանն էլ հիշեցրել է, որ այդ գործում նրանցից յուրաքանչյուրի ձայնը շատ կարևոր է։
«Նոր ուժ» կուսակցության վարչապետի թեկնածուն Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն է: «Նոր ուժ» կուսակցության նախընտրական ծրագրի հիմնական 7 դրույթներն են՝
1. Եվրոպականացումը՝ որպես զարգացման և արտաքին քաղաքականության գերակայություն։
2. Արգելել օնլայն խաղատները և շահումով խաղերը։
3. Կտրուկ ավելացնել բազմազավակ ընտանիքներին տրվող արտոնությունները (5մլն նպաստ՝ 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխային)։
4. Զարկ տալ սոցիալական բնակարանաշինությանն ու թարմացնել բնակֆոնդը։
5. Հարկային բեռի թեթևացում (շրջանառության հարկ՝ 5 տոկոս ներկայիս 10 տոկոսի փոխարեն, շրջհարկի առավելագույն շեմը դարձնել ֏200 մլն)։
6. Չեղարկել կոռուպցիոն հանցանքների համար վաղեմության ժամկետը։
7. Ապահովել անվճար բարձրագույն կրթություն։
Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։