Թրամփը մեկնել է Սպիտակ տան իրավիճակային սենյակ՝ Իրանի հարցով վերջնական որոշում կայացնելու
2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մեկնում է Սպիտակ տան իրավիճակային սենյակ՝ Իրանի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու նպատակով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Truth Social սոցիալական հարթակում հրապարակված գրառման մեջ Թրամփը նշել է, որ Իրանը պետք է համաձայնի երբեք միջուկային զենք կամ միջուկային ռումբ չունենալու պայմանին։ Նա նաև հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը պետք է անհապաղ բացվի և ապահովվի նավագնացության անարգել երթևեկությունը երկու ուղղություններով։
ԱՄՆ նախագահը պնդել է, որ նեղուցում առկա ծովային ականների մի մասն արդեն վնասազերծվել է ամերիկյան ուժերի կողմից, իսկ մնացածը պետք է հեռացվեն կամ ոչնչացվեն Իրանի մասնակցությամբ։
Թրամփը նաև անդրադարձել է Իրանի միջուկային ծրագրին՝ նշելով, որ ստորգետնյա օբյեկտներում պահվող հարստացված նյութը, որը երբեմն անվանվում է միջուկային փոշի, պետք է դուրս բերվի և ոչնչացվի ԱՄՆ-ի, Իրանի և Միջազգային ատոմային էներգիայի գործակալության սերտ համագործակցությամբ։
Նրա խոսքով՝ մինչև հետագա ծանուցում որևէ ֆինանսական փոխանցում չի իրականացվի, մինչդեռ մի շարք այլ հարցերի շուրջ արդեն ձեռք են բերվել պայմանավորվածություններ։
«Այժմ մեկնում եմ իրավիճակային սենյակ՝ վերջնական որոշում կայացնելու համար»,- գրել է Թրամփը։