Թրամփի Խաղաղության խորհրդի հիմնադրամը դատարկ է. Financial Times

3 րոպեի ընթերցում

Համաշխարհային բանկի կողմից Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի Խաղաղության խորհրդի համար բացված հիմնադրամը որևէ ֆինանսավորում չի ստացել՝ ի հեճուկս ԱՄՆ-ի և այլ համաշխարհային առաջնորդների կողմից ընդհանուր շուրջ 17 միլիարդ դոլարի հասնող խոստումների 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է Financial Times (FT) պարբերականը՝ հղում անելով թեմային քաջատեղյակ չորս աղբյուրի։

«Ոչ մի դոլար չի ստացվել», - ասել է աղբյուրներից մեկը։

Գազայի համար ստեղծված Խաղաղության խորհրդի խոսնակը Financial Times-ին հայտնել է, որ խորհուրդը նվիրատվություններ ստացել է, սակայն դրանք ուղղակիորեն դրվել են խորհրդի՝ ամերիկյան խոշորագույն JPMorgan բանկում գտնվող հաշվի միջոցով։

«Սահմանվել են ֆինանսավորում ստանալու մի շարք տարբերակներ։ Այս պահին նվիրատուները ընտրել են օգտագործել այլ տարբերակներ», - FT-ին ասել է Խաղաղության խորհրդի ներկայացուցիչը։

FT-ը գրում է, որ JPMorgan-ը, ի տարբերություն Համաշխարհային բանկի, պարտավորություն չունի հայտնելու հաշվի ֆինանսական կարգավիճակի մասին։

Խաղաղության խորհրդի խոսնակը պարբերականին հայտնել է, որ կառույցը պարտավորվել է իր ֆինանսական հաշվետվությունները ներկայացնել գործադիր խորհրդին «ճիշտ ժամանակին»։

Financial Times-ը հաղորդում է, որ Մարոկկոն նվիրաբերել է մոտ 20 միլիոն դոլար, որը ծախսվել է պատերազմից հետո Գազայի «բարձրագույն ներկայացուցչի»՝ Նիկոլայ Մլադենովի գրասենյակի ֆինանսավորման և Գազայի կառավարման խորհրդի կողմից ստեղծված Պաղեստինի տեխնոկրատական ​​կոմիտեի աշխատավարձերի ֆինանսավորման նպատակով։

Ավելին, Արաբական Միացյալ Էմիրությունները 100 միլիոն դոլար են նվիրաբերել Գազայի համար նոր ոստիկանական ուժեր պատրաստելու նպատակով, սակայն այդ միջոցները սառեցված են, և ծրագիրը դեռևս չի սկսվել։ Այս մասին ևս հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ երկու աղբյուրի։

ԱՄՆ Պետդեպարտամենտը պարտավորվել է վերաբաշխել մոտ 1.2 միլիարդ դոլար օգնության միջոցներ խորհրդի օրակարգում ընդգրկված նախագծերի համար, սակայն այդ միջոցները դեռևս չեն ծախսվել։

FT-ի աղբյուրները հայտնել են, որ թեպետ խորհուրդը ստեղծվել է Գազայի վերակառուցման ու վերականգնման նպատակով, սակայն այս պահի դրությամբ «ոչ մի ամերիկյան դոլար» չի հատկացվել այդ նպատակով։

Խաղաղության խորհրդի կանոնադրությունը հաստատվել է հունվարի 22-ին, Դավոսում։ Փաստաթուղթն ստորագրել են Հայաստանը, Արգենտինան, Ադրբեջանը, Բուլղարիան, Հունգարիան, Ինդոնեզիան, Հորդանանը, Ղազախստանը, ինքնահռչակ Կոսովոն, Պակիստանը, Պարագվայը, Կատարը, Սաուդյան Արաբիան, ԱՄՆ-ն, Թուրքիան, Միացյալ Արաբական Էմիրությունները, Ուզբեկստանը և Մոնղոլիան: Ենթադրվում էր, որ կազմակերպությանը կարող են միանալ նաև այլ երկրներ, իսկ այն աշխատելու է ոչ միայն Գազայում, այլև այլ տարածաշրջաններում։

Փետրվարին Թրամփն ասել էր, որ Խաղաղության խորհրդի առանձին անդամներ Գազային որպես օգնություն կհատկացնեն յոթ միլիարդ դոլար։

Հայերեն

Երևանի քրեական ոստիկանները ձերբակալել են տարեց կանանց կողոպտողին․ նա կալանավորվել է

Սարգիս Խանդանյանը հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Ֆիլիպ Հոֆֆմանի հետ

Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից Սիրիայում գտնվող ավիաբազային հասցված հարվածները

Սիրիան ՄԱԳԱՏԷ-ին թույլատրել է մուտք գործել Դեյր էլ-Զորի իր միջուկային օբյեկտ

Արագածոտնի մարզի Նոր Արթիկ և Զարինջա բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի բանակցում Իրանի հետ և չունի դա անելու որևէ ծրագիր

Օգոստոսի 19-ի միջոցառումների անոնս

Սեուտայում իսպանացի զինվորականների մոտ քոսի բռնկում է գրանցվել

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունն ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Արեգա Հովսեփյանի թեկնածությունը