Քաղաքականություն

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն առաջարկում է փակել ԱԱԾ մեկուսարանը

2 րոպեի ընթերցում

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն առաջարկում է փակել ԱԱԾ մեկուսարանը

Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն առաջարկում է փակել Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Երևանում տեղի ունեցած քարոզարշավի ընթացքում հայտարարել է կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը։

«ԱԱԾ մեկուսարանը՝ հանրային խոսույթում հայտնի «ԿԳԲ-ի պադվալը», չի համապատասխանում միջազգային չափանիշներին և պետք է փակվի։ Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի չափանիշներով այդ հաստատությունը վաղուց պետք է դադարեցրած լիներ գործունեությունը։ Այն պետք է փակվեր դեռ Ռոբերտ Քոչարյանի իշխանության ժամանակ, երբ Հայաստանը դարձավ Եվրոպայի խորհրդի անդամ, Սերժ Սարգսյանի ժամանակ, երբ շարունակվում էր եվրոպական ինտեգրումը, ապա՝ 2018 թվականի հեղափոխությունից հետո»,- նշել է Մարուքյանը։

Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրապայքարին մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ընտրություններին մասնակցում է 19 համարի ներքո։ Կուսակցության կարգախոսն է՝ «Պաշտպանիր ինքնությունդ»։ Կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 89 թեկնածուից բաղկացած ընտրական ցուցակ, որը գլխավորում է կուսակցության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում