Աշխարհ

Աստանան և ԱԷՄԳ-ն 10-ամյա համագործակցության ծրագիր են ստորագրել

2 րոպեի ընթերցում

Աստանան և ԱԷՄԳ-ն 10-ամյա համագործակցության ծրագիր են ստորագրել

Ղազախստանը և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) ստորագրել են ճանապարհային քարտեզ՝ առաջիկա 10 տարվա ընթացքում համագործակցությունը խորացնելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Աստանայում նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի և ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ղազախստանի նախագահական գրասենյակը։

«Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ողջունել է մինչև 2036 թվականն ԱԷՄԳ-ի հետ Ղազախստանի համագործակցությունը խորացնելու ճանապարհային քարտեզի և միջուկային բժշկության և գիտության ոլորտում մի շարք փաստաթղթերի ստորագրումը», - նշված է նախագահի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։

Տոկաևը նաև Գրոսիին է հանձնել «Դոստիկի» (Բարեկամության) 1-ին աստիճանի շքանշան՝ Ղազախստանի Հանրապետության հետ ԱԷՄԳ-ի համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համար։

Ղազախստանի նախագահը հաջողություն է մաղթել Ռաֆայել Գրոսիին ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար իր թեկնածության առաջադրման գործում։

Ստորագրված փաստաթղթերի բովանդակության մասին մանրամասներ չեն տրամադրվել։

Ղազախստանը նախատեսում է կառուցել մի քանի ատոմակայան 2024 թվականին անցկացված հանրաքվեից հետո: «Ռոսատոմ»-ն ընտրվել է որպես դրանցից առաջինի կոնսորցիումի ղեկավար, մնացած կայանների կապալառուները դեռևս որոշված ​​չեն: Աստանայում նախկինում ընդգծել էին, որ մտադիր են կայանները կառուցել ԱԷՄԳ բոլոր չափանիշներին համապատասխան։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում