ՀՖՀՀ-ն և «Միասին» հիմնադրամը ծառատունկ իրականացրին Արփի լճի տարածքում՝ հիմք դնելով զարգացման նոր ծրագրերի
7 րոպեի ընթերցում
Համագործակցություն, որի շնորհիվ իրականացվող փոքր քայլերի շնորհիվ իրականություն են դառնում մեծ երազանքները։ Հայաստանում ֆրանսիական համալսարանը (ՀՖՀՀ) «Միասին» հիմնադրամի հետ համագործակցությամբ Շիրակի մարզի Արփի լճի տարածքում ծառատունկ իրականացրեց՝ մեկնարկ տալով տարածաշրջանի զարգացմանն ուղղված երկարաժամկետ նախաձեռնությունների։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառումը նվիրված էր ՀՖՀՀ-ի 25-ամյակին և համընկել էր Կենսաբազմազանության միջազգային օրվա հետ։
Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզին նշեց, որ նման նախաձեռնությունները կարևոր են ուսանողների քաղաքացիական պատասխանատվության ձևավորման համար։
«Մենք ակադեմիական շրջանակից դուրս ենք գալիս, որպեսզի իրականացնենք քաղաքացիական պատասխանատվության գործողություն։ Այսպիսի իրավիճակներում նաև ավելի լավ ենք ճանաչում մեր ուսանողներին։ Բացահայտում ենք, որ ունենք ուսանողներ, որոնք գիտեն ծառ տնկել, հասկանում են այգեգործությունից և մեծ ներդրում են ունենում նման նախաձեռնություններում»,- ասաց նա։
Ռեկտորի խոսքով՝ ծրագրի կարևոր բաղադրիչներից մեկն էլ ուսանողներին Հայաստանի տարբեր տարածաշրջաններին ծանոթացնելն է։
«Կա Հայաստանի մի հատված, որ մեր ուսանողները լավ չեն ճանաչում։ Այս նախաձեռնությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս նման տարածաշրջանների զարգացման անհրաժեշտությունը, որովհետև այս տարածքը շատ խոստումնալից ապագա ունի։ Մեր ուսանողները հետագայում կարող են դառնալ նախաձեռնողներ, ձեռնարկատերեր, աշխատել ասոցիացիաներում, և իրենք պետք է տեղյակ լինեն, թե ինչ է կատարվում, ինչ հնարավորություններ կան և հասկանան, որ նման տարածքներում պետք է զարգացման ծրագրեր իրականացնել»,- նշեց Սալվա Նակուզին։
Նա անդրադարձավ նաև «Միասին» հիմնադրամի հետ համագործակցությանը՝ ընդգծելով, որ հիմնադրամն արդեն մի քանի տարի հյուրընկալում է համալսարանի պրակտիկանտներին Շվեյցարիայում։
«Մեր նպատակը նույնն է՝ երիտասարդներին հնարավորություն տալ զարգացնելու իրենց հմտությունները, բացահայտելու և սովորելու նոր մասնագիտական կարողություններ արտասահմանում, որպեսզի հետո դրանք կիրառեն Հայաստանում։ «Միասին» հիմնադրամի հիմնադիր նախագահ Աստղիկ Մառանջյանը նույնիսկ իր տանն է հյուրընկալում մեր ուսանողներին։ Երբ իմացանք, որ նա Արփի լճի տարածքում նման նախագիծ է իրականացնում, ցանկություն հայտնեցինք միանալ»,- ասաց ռեկտորը։
Նա նաև նշեց, որ միջոցառումը խորհրդանշական է, քանի որ անցկացվում է Կենսաբազմազանության միջազգային օրը՝ մայիսի 22-ին, և համընկնում է Հայաստանում կենսաբազմազանության տարվան նվիրված միջոցառումների հետ։
«Միասին» հիմնադրամի հիմնադիր նախագահ Աստղիկ Մառանջյանը, ներկայացնելով հիմնադրամի գործունեությունը, նշեց, որ այն ստեղծվել է 2009 թվականին՝ համախմբելով նույն արժեքները կրող մարդկանց։ «Մինչև 2018 թվականը հիմնականում բարեգործական ծրագրեր էինք իրականացնում, սակայն ցանկանում էինք շեշտը դնել այն փաստի վրա, որ Հայաստանն այլևս հումանիտար օգնության կարիք չունի, այլ զարգացման ծրագրերի»,- ասաց նա։
Մառանջյանի խոսքով՝ Շվեյցարիայի փորձը գյուղական տուրիզմի և սոցիալական ձեռնարկատիրության ոլորտներում փորձել են կիրառել նաև Հայաստանում։
Նա պատմեց, որ 2019 թվականին ստեղծվել է «Աշկերտի տունը» Գյումրիում, որտեղ իրականացվում է աշխատանքի վրա հիմնված ուսուցում՝ հացթխման, խոհարարության, հյուրանոցային բիզնեսի և այլ մասնագիտությունների ուղղություններով։
Անդրադառնալով Արփի լճի ծրագրին՝ Մառանջյանը նշեց, որ այն ծնվել է պատերազմից տուժած ընտանիքների հետ աշխատանքի արդյունքում։
«Տղաներից մի քանիսը ապրում էին Արփի լճի շրջակայքում և մեզ հրավիրեցին այցելել։ Երբ եկանք, հասկացանք, որ սա աշխարհի ամենագեղեցիկ վայրերից մեկն է, բայց չափազանց դժվար պայմաններում։ Այդ ժամանակ որոշեցինք, որ պետք է ինչ-որ բան անել»,- ասաց նա։
Աստղիկ Մառանջյանի խոսքով՝ ծրագրի նպատակը տարածաշրջանը զբոսաշրջային և էկոլոգիական կենտրոն դարձնելն է։
«Մեր գաղափարն է հայկական «Սիբիրը» դարձնել Լապլանդիա։ Այս տարածաշրջանի ցուրտը պետք է դարձնենք ուժեղ կողմ։ Նախատեսում ենք ստեղծել ցրտադիմացկուն ծառերի այգի, զարգացնել ձմեռային սպորտը, ինչպես նաև կազմակերպել դեղաբույսերի մշակման և գյուղական կյանքի հետ կապված ուսումնական ծրագրեր։ Ձմռանը ցանկանում ենք այստեղ ստեղծել նաև «Ձմեռ պապիկի տուն», որպեսզի ընտանիքները գան և բացահայտեն այս վայրը»,- ասաց Մառանջյանը։
Նա ընդգծեց, որ Ֆրանսիական համալսարանի մասնակցությունը կարևոր նշանակություն ունի ծրագրի համար. «Սա առաջին լուրջ աջակցություններից մեկն է, և առաջին ներդրողից հետո մյուսների միանալն ավելի հեշտ է լինում։ Շատ շնորհակալ ենք համալսարանին, որովհետև այս ուսանողներից շատերը երբևէ Շիրակի մարզում չէին եղել»:
Ուսանողները ևս ընդգծեցին ծրագրի կարևորությունը՝ նշելով, որ այն հնարավորություն է տալիս սեփական ներդրումն ունենալու Հայաստանի գյուղերի զարգացման գործում։
ՀՖՀՀ ուսանողական խորհրդի փոխնախագահ, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Կարապետ Հովհաննիսյանի խոսքով՝ նման նախագծերը կարևոր են ուսանողների համար։
«Ուսանողը իրեն կարևոր է զգում, որովհետև հասկանում է, որ այս ամենի մի մասն է կազմում։ Սա ազգանվեր գործ է, որը նպաստում է, որպեսզի մարզերը զարգանան և ավելի ճանաչելի դառնան Հայաստանում։ Մեզ մոտ ամեն ինչ հիմնականում կենտրոնացած է Երևանում, իսկ նման ծրագրերը հնարավորություն են տալիս ուշադրություն դարձնել նաև մարզերին»,- ասաց նա։
Հովհաննիսյանը նշեց, որ պատրաստ է ապագայում ևս ներգրավվել նման նախաձեռնություններում և տարածել դրանց մասին տեղեկատվություն տարբեր հարթակներում։
Մարքեթինգի 4-րդ կուրսի ուսանողուհի Լուսի Ադամյանը, որը մասնագիտական պրակտիկա է անցել «Միասին» հիմնադրամում՝ Շվեյցարիայում, նշեց, որ այդ փորձառությունը մեծ ազդեցություն է ունեցել իր մասնագիտական զարգացման վրա։
«Պրակտիկան մեծ ներդրում ունի իմ ապագա կարիերայում։ Շատ կարևոր մասնագիտական կապեր և փորձ եմ ձեռք բերել։ Իսկ նման ծրագրերը կարևոր են ուսանողական կյանքի համար, որովհետև տարիներ անց հաճելի է հետ նայել ու ասել՝ մենք էլ ենք այս ամենի մի մասը եղել»,- ասաց նա։