Քաղաքականություն

Մենք զրոյից բանակ ենք ստեղծել. Նիկոլ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Մենք զրոյից բանակ ենք ստեղծել. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում կայանալիք զորահանդեսում կներկայացվի Հայաստանի կողմից  2022 թվականից հետո ձեռք բերված սպառազինությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կոտայքի մարզի Մեղրաձոր բնակավայրի բնակիչների հետ հանդիպման ընթացքում Փաշինյանը նշել է, որ զորահանդեսը լինելու է «հաշվետվություն-զորահանդես»։

«Այնքան բամբասեցին, թե բանակը քանդել ենք։ Մենք ոչ թե բանակը քանդել ենք, այլ իրենց բանակ կոչված ավերակը մի կողմ ենք դրել և զրոյից ստեղծել ենք բանակ։ Եկեք Հանրապետության հրապարակ և տեսեք այդ բանակը»,- ասել է վարչապետը։

Նրա խոսքով՝ զորահանդեսում ներկայացվող զինտեխնիկայի շուրջ 90 տոկոսը ձեռք է բերվել 2022 թվականից հետո։

Փաշինյանը նշել է նաև, որ Հայաստանի բանակի հրետանու հիմնական միջոցներից համարվող Դ-30 հրետանային համակարգը Հայաստանը գործարանային արտադրության տարբերակով առաջին անգամ ստացել է 2023 թվականին։

«Առաջին օգտագործողը մենք ենք, գործարանից դուրս է եկել և եկել է Հայաստանի Հանրապետություն»,- ասել է նա։

Վարչապետը նաև անդրադարձել է նախկինում Հայաստանի սպառազինության վիճակին՝ նշելով, որ բանակի զինատեսակների մեծ մասը եղել է 1950-70-ականների արտադրության։

«Մեր բանակի զենքի 70 տոկոսը եղել է 70-ականների, 60-ականների, 50-ականների զենք»,- հայտարարել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումից հետո միջազգային շուկաներում Հայաստանի համար նոր հնարավորություններ են ստեղծվել զինտեխնիկայի ձեռքբերման հարցում։

«Երբ մենք ճանաչել ենք մեր հարևանների տարածքային ամբողջականությունը, մեր հարևաններն էլ մերը, զենքի շուկան մեզ համար բացվել է, որովհետև լեգիտիմ իրավունք է սեփական տարածքի անվտանգությունը և անձեռնմխելիությունը պաշտպանելը»,- ասել է Փաշինյանը։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում