Ամերիկյան ուժերը հարվածել են իրանական նավակների և հրթիռային արձակման կայանքի
2 րոպեի ընթերցում

ԱՄՆ ռազմաօդային ուժերը հարվածել են իրանական նավակների, որոնք փորձում էին ականներ տեղադրել, ինչպես նաև հրթիռների արձակման կայանքների։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Fox News-ը՝ վկայակոչելով ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության խոսնակ կապիտան Թիմ Հոքինսին։
«ԱՄՆ ուժերն Իրանի հարավում իրականացրել են ինքնապաշտպանական հարվածներ՝ պաշտպանելու մեր ուժերն իրանական ուժերի ներկայացրած սպառնալիքներից։ Թիրախների թվում էին հրթիռների արձակման կայանքներ և իրանական նավակներ, որոնք փորձում էին ականներ տեղադրել: ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը շարունակում է պաշտպանել մեր ուժերին՝ միաժամանակ զսպվածություն ցուցաբերելով շարունակվող հրադադարի ընթացքում», - հայտնել է CENTCOM-ի խոսնակը։
ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը Fox News-ին հայտնել է, որ Հորմուզի նեղուցում ականներ տեղադրելիս նկատվել է իրանական երկու նավակ, բացի այդ, ուժերն արձագանքել են այն բանից հետո, երբ հրթիռային կայանքից թիրախավորվել են ԱՄՆ ռազմական ինքնաթիռները։ ԱՄՆ զինված ուժերը ոչնչացրել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի երկու նավակները, ինչպես նաև հարվածել Բանդար Աբբասում գտնվող «ցամաք-օդ» հրթիռային կայանքին։
«Սրանք պաշտպանական հարվածներ էին», - Fox News-ին ասել է պաշտոնյան:
Հարվածները չեն նշանակում, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է, հայտնել է երկու այլ աղբյուր։
Մայիսի 25-ին Հորմուզի նեղուցի տարբեր շրջաններում պայթյուններ են լսվել, որոնից մեկը՝ Իրանի հարավում գտնվող Բանդար Աբբաս նավահանգստային քաղաքում։ Այլ պայթյուններ են գրանցվել Հորմուզի նեղուցի մերձակայքում գտնվող Սիրիկ և Ջասկ քաղաքների մոտակայքում: Պաշտոնյան հաստատել է, որ ԱՄՆ հարվածներն «առայժմ ավարտվել են»։