Քոչարյանը հայտարարել է, որ իշխանության գալու պարագայում շարունակելու է գործող Կառավարության կառուցողական ծրագրերը
5 րոպեի ընթերցում

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում Վայոց ձորի մարզում են։
Վայք համայնքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ելույթ է ունեցել դաշինքի առաջնորդ, նախընտրական ցուցակի առաջին համար Ռոբերտ Քոչարյանը։
Խոսելով արտաքին քաղաքականության ուղղությամբ դաշինքի ծրագրերից՝ Քոչարյանն ասել է, որ արտաքին քաղաքականությամբ Հայաստանը պետք է առաջին հերթին սպասարկի իր անվտանգային ու տնտեսական շահերը՝ գնահատելով առկա ռիսկերն ու հասկանալով, թե ինչպես կարելի է չեզոքացնել այդ ռիսկերը։
«Սեփական անվտանգությունն ամրացնելու համար պետք է ձեռք բերել բարեկամներ։ Հայաստանը պետք է գնահատի, թե ինչ ուղղություններով ավելի շահեկան կլինի զարգացնել հարաբերություններն այլ երկրների հետ։ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը հարյուրամյակներ շարունակ մրցակցել են Կովկասյան տարածաշրջանում։ Ռուսաստանը միակ երկիրն է, որը կարող է հակակշռել Թուրքիայի ազդեցությունն այս տարածաշրջանի վրա, իսկ Հայաստանը պետք է բալանսավորի այդ ուժերի ներկայությունն այստեղ, զսպի Թուրքիայի ազդեցությունը Հարավային Կովկասի վրա, ինչն առանց Ռուսաստանի աջակցության հնարավոր չէ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կարծիք է հայտնել Քոչարյանը։
Նրա դիտարկմամբ՝ Ռուսաստանը նաև տնտեսական առումով Հայաստանի հիմնական գործընկերն է։ Քոչարյանի խոսքով՝ մեր բնակչության 80 տոկոսի բարեկեցությունը զգալիորեն կախված է ՌԴ-ի հետ տնտեսական հարաբերություններից, ինչը, նրա պնդմամբ, անժխտելի փաստ է։
«Աշխարհում կա երեք գերտերություն՝ ԱՄՆ, Չինաստան և Ռուսաստան։ Մեծ պետությունները տարբեր առևտրային ռեժիմներ են սահմանում տարբեր երկրների հետ՝ կախված այն հանգամանքից, թե ինչպիսի հարաբերություններ ունեն այդ երկրների հետ։ Բարեկամական կապեր ունեցող երկրների համար ստեղծվում են արտոնյալ պայմաններ։ Հակառակ դեպքում պայմանները բոլորովին այլ են։ Թշնամի պետությունների նկատմամբ սահմանվում են պատժամիջոցներ։ Այլ մեխանիզմներ չկան։ Աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխության հետևանքները մենք անմիջապես տեսնում ենք ու բախվում այդ հետևանքների հետ։ Աշխարհաքաղաքականությունը դաժան երևույթ է, ուստի չի կարելի կատարել այնպիսի քայլեր, որոնց արդյունքում կարող ես հայտնվել խոշոր գերտերությունների շահերի բախման կենտրոնում։ Պետք է խուսափել նման քայլերից»,- ասաց Քոչարյանը։
Նա նաև հայտարարել է, որ ընտրությունների արդյունքներով իշխանության գալու պարագայում չեն չեղարկելու Ադրբեջանի հետ նախաստորագրված խաղաղության պայմանագիրը, սակայն շեշտել է, որ պետք է համալրվի առնվազն մեկ-երկու հավելվածով՝ երաշխիքային համակարգը ձևավորելու մասին։ Քոչարյանն ընդգծել է պայմանագիրը խախտողի համար հստակ հետևանքներ սահմանող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտարարության և գերտերությունների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Չինաստանի՝ որպես երաշխավոր երկրների ներգրավման կարևորությունը։
Անդրադառնալով ներքաղաքական հարցերին՝ Քոչարյանը նշել է, որ իրենք դիտարկելու են, թե առաջնահերթ ինչն է օգտակար հայ ժողովրդի համար, հետևաբար կառուցողական ծրագրերը շարունակվելու են։
«Եթե կան ծրագրեր, որոնք սկսել են աշխատել թերություններով, ուրեմն շտկելու ենք այդ թերությունները։ Մենք վաղուց ասել ենք, որ բժշկական ապահովագրությունն անհրաժեշտություն է, ուստի բարելավելու ենք այդ համակարգը, որպեսզի բժիշկները նույնպես դժգոհ չլինեն։ Դպրոցաշինությունը շարունակվելու է, մենք կանխելու ենք դպրոցների օպտիմալացումը։ Այն ծրագրերը, որոնք բխում են մեր ժողովրդի շահերից, շարունակվելու են։ Այդ ամենը մենք ավելի լավ ենք իրականացնելու։ Դրան գումարած՝ այն ամենը, ինչ խոստանում ենք»,- ասաց Քոչարյանը։
Մայիսի 8-ից մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ «Հայաստան» դաշինքը խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 17 համարի ներքո՝ «Միասին կարող ենք» կարգախոսով։ Դաշինքի կազմում միավորված են Հայ Հեղափոխական Դաշնակցություն և «ԱռԱջ» կուսակցությունները։ Դաշինքը ԿԸՀ է ներկայացրել 213 թեկնածուից բաղկացած ցուցակ և ազգային փոքրամասնությունների 4 թեկնածուից բաղկացած ցուցակ։