«Ուժեղ Հայաստան»-ը քարոզարշավային օրն ամփոփել է Ավանում բնակիչների հետ հանդիպմամբ
2 րոպեի ընթերցում

Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները մայիսի 24-ի քարոզարշավային օրն անցկացրել են Երևանի Ավան վարչական շրջանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դաշինքի ներկայացուցիչները շրջել են վարչական շրջանում, զրուցել քաղաքացիների հետ:
Քարոզարշավի ընթացքում դաշինքի անդամները ներկայացրել են իրենց նախընտրական ծրագրի դրույթները, իսկ քարոզարշավային օրը դաշինքի անդամները եզրափակել են հանրահավաքով, որի ժամանակ դաշինքի ընտրական ցուցակի առաջին և երկրորդ համարներ Նարեկ Կարապետյանն ու Արամ Վարդևանյանը կիսվել են երկրի ապագայի վերաբերյալ իրենց մտահոգություններով:
Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 3 համարի ներքո։ Կուսակցության կարգախոսն է՝ «Փոփոխություն»։ Կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 199 թեկնածուից բաղկացած ցուցակ, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների 3 թեկնածուից բաղկացած ցուցակ։ Դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը, սակայն, ցուցակում ներառված չէ, քանի որ նա բացի ՀՀ քաղաքացիությունից, ունի նաև Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիություն, իսկ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ այլ երկրների քաղաքացիություն ունեցող անձինք չեն կարող լինել ո՛չ վարչապետի, ո՛չ պատգամավորի թեկնածու։ Չնայած դրան՝ կուսակցության ներկայացուցիչները շարունակում են պնդել, որ իրենց վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է։ Սամվել Կարապետյանն այս պահին տնային կալանքի տակ է՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար հարուցված քրեական վարույթի շրջանակներում։